Ասում են՝ Իրաքի՝ մեծությամբ երկրորդը համարվող Մոսուլ քաղաքի դեմ իրականացված հարձակման ընթացքում «Իրաքի և Շամի իսլամական պետություն» (ԻՇԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական խմբավորման զինյաները Հյուսիսային Իրաքում գրավել են նախկինում ամերիկացիներին պատկանած ռազմաբազա, ինչի արդյունքում ջիհադականների տիրապետության տակ են անցել ամերիկյան սպառազինությունների և ռազմական տեխնիկայի բավականաչափ պատկառելի զանգված. ավելին, «Humvees» մակնիշի 40 զրահապատ ամենագնաց է ուղարկվել Սիրիաայի ալ-Ռակա նահանգ, որը ստացել է տեղի էմիր ազգությամբ չեչեն Աբու Ումար ալ-Շիշիանին:
Այս հանգամանքը խոսում է այն մասին, որ ԻՇԻՊԸ նման ռազմավարությամբ Իրաքում զգալի նյութական և ռազմական ձեռքբերումներից հետո(այս հարձակումից հետո կառույցը հռչակվեց՝ որպես աշխարհի ամենահարուստ ահաբեկչական կազմակերպություններից մեկը), նպատակ ունենալով պահպանել կառույցի ամբողջականությունը երկու հարևան երկրներում, ձգտում է էականորեն բարելավել սեփական դիրքերը նաև Սիրիայում, որտեղ 2013թ. վերջից իսլամականները ծանր մարտեր էին մղում մի քանի ճակատներով և նաև՝ աստիճանաբար նահանջում. այստեղ կառույցի հակառակորդները շատ ավելի ազդեցիկ են. բանակային ստորաբաժանումներից բացի ԻՇԻՊ-ի դեմ լրջորեն պայքարում են նաև Սիրիայում «ալ-Կաիդայի» ճյուղավորում հանդիսացող «ալ-Նուսրայի ճակատ» արմատական իսլամական խմբավորումն, ինչպես նաև սիրիական հակակառավարական ուժերի առավել չափավոր թև հանդիսացող «Սիրիական ազատ բանակը», «Իսլամական ճակատը» և այլն:
Իսկ ինչ վերաբերում է Իրաքին, ապա ինչպես երևաց 2014 թ. սկզբից Սիրիային սահմանակից իրաքյան ալ-Անբար նահանգում և հատկապես՝ վերջին 2-3 օրերին երկրի արևմուտքում ու հյուսիսարևմուտքում տեղի ունեցած գործընթացներից, իրաքյան զինուժն ի վիճակի չեղավ լրջորեն դիմագրավել ԻՇԻՊ-ի ստորաբաժանումներին: Այս տեսանկյունից, Իրաքում կառույցին համեմատաբար լուրջ դիմադրություն կարող են ցույց տալ քրդական փեշմերգաների (մահապարտ) միավորումները, իսկ ավելի հարավում շիայական առաջնորդ Մուկթադա ալ-Սադրի գլխավորած «Մահդիի բանակ» կիսառազմական զորամիավորումները, որոնք արդեն իսկ մոբիլիզացվել են Իրաքի տարածքում գտնվող մուսուլմանական և քրիստոնեական սրբավայրերի պահպանության նպատակով, ինչպես նաև՝ իրենց աջակցությունն են առաջարկել կառավարական ուժերին՝ իսլամականների դեմ մղվող պայքարում:
Ասվածի համատեքստում կարելի է կանխատեսել, որ ԻՇԻՊԸ-ը գոնե առաջիկա շրջանում կփորձի սահմանափակել իր հաղթարշավն Իրաքի արևմտյան, հյուսիս-արևմտյան և կենտրոնական որոշ՝ հիմնականում սուննի արաբներով և քրիստոնեաներով բնակեցված շրջաններով (պետք է նշել, որ վերոնշյալ շրջաններում բնակչության մի պատկառելի զանգված անգամ ցնծությամբ է ընդունում ԻՇԻՊ-ի կողմից իրենց բնակավայրերի «ազատագրման» հանգամանքը)՝ ձգտելով խուսափել Հյուսիսային Իրաքի Քրդական Ինքնավարության և շիայական զինված ստորաբաժանումների հետ անմիջական բախումներից:
Արմեն Պետրոսյան