ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ներսես Օհանջանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի և Արցախի միջև մաքսակետի բացումը հետապնդում է Լեռնային Ղարաբաղում ռուսական ռազմաբազա տեղակայելու հեռահար նպատակ:
«Ադրբեջանական զինուժի հարաճուն հզորացման ֆոնին, բնական է, մենք պետք է ընկնեինք ռուսի ոտքերը, ասեինք՝ «փրկիր մեզ, լուծիր մեր սոցիալ-տնտեսական խնդիրները, արի, տեր կանգնիր բոլորիս»,- ասաց նա՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի ինքնիշխանությունն ուղղակի խաթարված է:
Ներսես Օհանջանյանի խոսքով՝ Հայաստանի և Արցախի միջև մաքսակետի բացման դեպքում Հայաստանը պարզապես ասելիք չի ունենա, անկարող կլինի դժգոհություն հայտնել: «Ռուսաստանը, ողորմություն տալու ձևով, իր իշխանությունն է հաստատելու տարածաշրջանում, այդ թվում նաև՝ Արցախում: Այդ է պատճառը, որ և Հայաստանում, և ԼՂՀ-ում Մաքսային միությանն անդամակցելու հարցը պետք է դնել հանրաքվեի, անդամակցության դեմ պետք է տարվի միասնական պայքար»,- ասաց նա:
Ամփոփելով՝ նախկին պատգամավորը շեշտեց, որ Արցախն օր առաջ պետք է միանա Հայաստանին: «Միայն դա կարող է փրկել ստեղծված իրավիճակից: Վերամիավորման հարցը պետք է դնել շատ կոնկրետ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ԼՂՀ մի խումբ քաղաքական գործիչների ու ակտիվիստների՝ ավելի վաղ տարածած հայտարարության մեջ ասվում էր.«Հայաստանը Ռուսաստանի համար ոչ թե ռազմավարական գործընկեր է, այլ ռազմավարական շահերի օբյեկտ ու նպատակներին հասնելու գործիք։
Արցախը միշտ եղել է և շարունակում է կատարել հայ-ադրբեջանական ազգամիջյան հարաբերություններում եղած հիմնական ցավոտ կետի դերը՝ Ռուսաստանի կայսերական շահերի կոնտեքստում։ Ոչ Եվրոպական և ոչ էլ, առավել ևս, գոյություն չունեցող Եվրասիական միությունները չեն կարող հայությանը ներքաշել իրենց վերաբաժանումների մեջ»:
Ներսես Օհանջանյան