Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր խորհրդանիշներն ու հայտնի դեմքերը: Իր ժամանակի համար Անաստաս Միկոյանն, անշուշտ, շատ հայտնի մարդ էր և խորհրդային երկրում բնակվող հայության համար, թերևս, պատվաբեր էր համարվում ԽՍՀՄ ղեկավարների շարքում՝ Ստալինի, Խրուշչովի կամ Բրեժնևի կողքին տեսնել իշխանական բարձունքների հասած իրենց հայրենակցին: Կասկածից վեր է, որ Միկոյանն իր ժամանակաշրջանը մարմնավորող կուսակցական գործիչներից մեկն էր: Չեմ ուզում քննարկել այստեղ, թե որքան էր նա մեղսակից խորհրդային բռնաճնշումների տարիներին կատարված հանցագործություններին: Նաև անիմաստ եմ համարում այժմ խոսել այն մասին, թե իր մտերիմներից քանի հոգու է նա փրկել անխուսափելի մահապատժից՝ նա դեմ չի գնացել իրողություններին, սակայն նաև չի զլացել անել այն, ինչ կարող էր՝ առանձին մարդկանց օգնելու համար: Այսօր, երբ թեժ բանավեճ է ընթանում Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու վերաբերյալ, տեղին եմ համարում նկատել, որ տարօրինակ է, թե ինչու նրա արձանը չի կանգնեցվել խորհրդային տարիներին ու, հանկարծ հիմա, այդ խնդիրը դարձել է քննարկման առարկա: Անաստաս Միկոյանը զգուշավոր գործիչ էր ու, հավանաբար, գերադասում էր մնալ համամիութենական մակարդակի մարդ, զերծ լինել ազգային հարցերին ուղղակիորեն կապված լինելու վտանգից, այլապես, վստահաբար, Խորհրդային Հայաստանում կգտնվեին մարդիկ, ովքեր մեծագույն պատրաստակամությամբ կհավերժացնեին Միկոյանի հիշատակը՝ նրա արձանը կանգնեցնելով Երևանի կենտրոնական հրապարակներից մեկում:
Ինչ-ինչ պատճառներով դա ժամանակին չի արվել: Փոխվեցին ժամանակները և խորհրդային շրջանի խորհրդանիշների մեծ մասը Հայաստանում ոչնչացվեց:Երևանի Հանրապետության հրապարակից հանվեց Լենինի արձանը՝ ինչն էլ դարձավ նախորդ ժամանակաշրջանի ավարտի և նորի սկզբնավորման խորհրդանիշը:Այժմ ինչ-որ մարդիկ ցանկություն են արտահայտում Երևանում հավերժացնել այն մարդու հիշատակը, որը նախընտրեց լինել կոմունիստական ու խորհրդային, բայց ոչ ազգային գործիչ: Եթե այդ միջոցով ուզում են հավերժացնել ժամանակաշրջանը, ապա ավելի տրամաբանական կլինի, որ Լենինի արձանը վերադարձնելու նախաձեռնությամբ հանդես գան: Եթե ուզում են Անաստաս Միկոյանին հավերժացնել որպես ազգային գործիչ, ապա լավ կլինի հիշեն, որ նա եղել է ոչ թե ազգային, այլ կոմունիստական ու խորհրդային գործիչ: Դա իր գիտակցված ընտրությունն էր: Կարծում եմ, մեր այս նոր ժամանակներում միայն մի դեպքում կարող է Երևանում հայտնվել Անաստաս Միկոյանի արձանը՝ դա կարող է տեղի ունենալ, եթե նրա հարազատները որոշեն վերաթաղել նրա աճյունը մայրաքաղաքի գերեզմանատներից մեկում և այնտեղ կանգնեցնել նրա մահարձանը: Արդյոք նրանք կհամաձայնեն Կրեմլի պատը փոխարինել Երևանի քաղաքային պանթեոնով…
Արման Մելիքյան