Հետայսու, ով Եգիպտոսում չկանգնի, նա կնստի…


Անցումային շրջանում Եգիպտոսի նախագահ Ադլի Մանսուրը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ երկրի բոլոր այն քաղաքացիները, ովքեր ոտքի չեն կանգնի պետական հիմնի կատարման ժամանակ, դրանով քրեական իրավախախտում կիրականացնեն: Նման կարգավիճակ է սահմանվել նաև ազգային դրոշը պղծողների համար. վերոնշյալ իրավախախտումների համար պատիժ է սահմանվել 1 տարի ազատազրկումը և 4 հազար դոլարին համարժեք տուգանքը:


Չնայած այն հանգամանքին, որ այդպիսի որոշման կայացման հիմնական դրդապատճառ է հանդիսացել եգիպտացի իսլամականների նոր սովորությունը, ովքեր ի նշան բողոքի՝ Արաբական Հանրապետության պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիի և «Մուսուլման եղբայրներ» շարժման դեմ երկրի իշխանությունների կողմից իրականացվող հալածանքների ու պատժիչ գործողությունների, դադարել են ոտքի կանգնել պետական հիմնի հնչյունների ներքո և հանրային վայրերում հաճախ նաև պատառոտում են Եգիպտոսի դրոշը, այնուամենայնիվ, այն արդարացված է:


Ըստ իս, անգամ օրենքի ուժով պարտադրելու ճանապարհով պետական խորհրդանիշերը հարգելու հանգամանքն առանցքային է ցանկացած պետության և հասարակության համար՝ անկախ դրանց քաղաքական, սոցիալական կամ այլ բնույթի բևեռվածության: Չէ՞ որ չի կարելի նույնացնել պետականությունն ու իշխանությունը. դրանք էականորեն տարբեր երևույթներ են:

 

Արմեն Պետրոսյան