Եվ այսպես' Հայաստանը հունիսին կմտնի Եվրասիական տնտեսական միություն, միջազգայնորեն ճանաչելի սահմաններով, ինչը առանց Նազարբաևի հայտարարության էլ այդպես էր լինելու, ինչպես եղել է ՄԱԿ-ին, ԱՊՀ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԱՀԿ-ին և այլ նման բաներին անդամակցելու ժամանակ:


Ի դեպ ՀԱՊԿ-ն, որպես ռազմաքաղաքական դաշինք, շատ ավելի նուրբ պետք է լինի սահմանների հարցում, սակայն Արցախը խոչընդոտ չի համարվել, ինչը ավելի լուրջ խնդիր կարար լիներ, քան տնտեսական հարցերը, բայց չի եղել:
Ի՞նչն է հետաքրքիր: Երբ Հայաստանը դառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ, Ալիևին իսկապես մնալու է միայն նամակներ գրել, քանի որ ԵՏՄ-ում նոր այլ անդամներին ընդունելու հարցում գործում է կոնսենսուսի սկզբունքը, այսինքն' միաձայնության: Եթե մեկը դեմ եղավ, չի ընդունվում որոշում:


Դրանից հետո Հայաստանը կարող է որոշել, թե ով անդամակցի այդ միությանը, Հայաստանը կարող է արգելափակել, օրինակ, Ադրբեջանի անդամակցությունը կամ պայմաններ դնի: Իհարկե, դե ֆակտո կամայականություն Հայաստանը չի կարող թույլ տալ իրեն, բայց դե յուրե հետագայում Հայաստանը կարող է արգելափակել ցանկացած գործընթաց Եվրասիական տնտեսական միությունում, Հայաստանի ձայնը կդառնա վճռորոշ, ինչը ծիծաղելի կարող է թվալ, բայց փաստ է:
Շատերը կասեն, որ Հայաստանին Պուտինը ինչ ասի, այն էլ կլինի: Հա շատ երկաթե արգումենտ է, բայց ամեն ինչ այդքան հեշտ որ լիներ, ամեն ինչ այդքան բարդ չէր լինի: Այնպես որ հետաքրքիր գործընթացներ են սպասվում:

 


Տիգրան Խաչատրյան