Նախագահ Սահակյանն արժեքավոր նվերներ է հանձնել մրցանակային տեղեր գրաված 27 աշակերտների
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին ընդունել է ՀՀ-ում անցկացված դպրոցականների առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված եւ գովասանագրերի արժանացած ԼՂՀ մասնակիցներին:
Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, nախագահը շնորհավորել է աշակերտներին եւ նրանց ուսուցիչներին, հանրապետության կրթության եւ գիտության նախարարության պատասխանատուներին' օլիմպիադաներում մրցանակային տեղեր գրավելու եւ Արցախն արժանիորեն ներկայացնելու կապակցությամբ:
Բակո Սահակյանն արժեքավոր նվերներ է հանձնել մրցանակային տեղեր գրաված եւ գովասանագրերի արժանացած 27 աշակերտների եւ դրամական պարգեւներ' 1-ին ու 2-րդ կարգի դիպլոմակիր դպրոցականների ուսուցիչներին:
Երկրի ղեկավարը կարեւորել է առարկայական օլիմպիադաների անցկացումը' ինչպես գերազանց արդյունքների հասած երեխաների բացահայտման ու խրախուսման, այնպես էլ կրթության մակարդակը բարձրացնելու, դրական միտումները զարգացնելու եւ առկա բացերը շտկելու համար' հավելելով, որ պետությունն այսուհետ էլ հատուկ ուշադրության կենտրոնում կպահի կրթության ոլորտը:

 


Վրեժ Հովսեփյան