Երեկ Բաքվում Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի հայտարարությունը մեծ աղմուկ հանեց, թե´ ադրբեջանական, թե´ մեր հասարակական-քաղաքական շրջանակներում: Ադրբեջանական կողմը, սակայն, ֆիքսվել էր հայտարարության այն մասի վրա, որը վերաբերում է դիվանագետի քննադատությանն ուղղված Ադրբեջանի ղեկավարությանը, իսկ մեր կողմը կենկտրոնացել էր միայն այն մասի վրա, որտեղ Ռիչարդ Մորնինգսթարը համոզմունք է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղին հարող ազատագրված յոթ շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Ոչ ոք, սակայն, ուշադրություն չդարձրեց բարձրաստիճան դիվանագետի կողմից հնչեցրած մեկ այլ' ոչ պակաս ուշագրավ մտքին:, որը վերաբերում է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, երբ իր ելյուքում խստորեն քննադատեց ադրբեջանական իշխանություններին' ընդդիմադիր գործիչների, քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների դեմ չդադարող հետապնդումների համար, վերջինս նաև նշեց, որ նման գործելաոճը «վատթարացնում է Արևմուտքի և Բաքվի հարաբերությունները»: Բայց դա դեռ ամենահետաքրքիրը չէ: Վերջինս այնուհետև ասում է, որ այդ ամենի արդյունքում թուլանում են նաև Ադրբեջանի դիրքերը ղարաբաղյան կարգավորման բանակցային սեղանի շուրջ, որին ի հավելումն Մորնիգստարի ասում է մասնավորապես հետևյալը. «Եթե Բաքվի և Արևմուտքի միջև հարաբերությունները վատթարանում են, այդ դեպքում ո՞վ պետք է Ռուսաստանի առջև ձայն հնչեցնի ի պաշտպանություն Ադրբեջանի անակախության և ինքնիշխանության: Ո՞վ պետք է հանդես գա բուֆերի դերում, որպեսզի ղարաբաղյան հիմնախնդիրը արդարացի լուծում գտնի, և իրադարձությունները չզարգանան անցանկալի հունով»:
Փաստորեն ԱՄՆ դեսպանը բացեիբաց ասում է, թե կոնկրետ ով է Ադրբեջանի դաշնակիցը և ով Հայաստանինն ու Արցախինը բանակցային գործընթացում: Այս հայտարարությունն անգամ երկար-բարակ մեկնաբանելու տեղ էլ չի թողնում: Ըստ էության ստացվում է այնպես, որ ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանին և դրա համար էլ փորձում է մեզ հարցի առջև կանգնեցնել, որ մենք գնանք լուրջ տարածքային զիջումների, իսկ Ռուասաստանը, ինչպես պարզվեց Մորնինգստարի խոսքերից, պաշտպանում է Հայաստանի շահերը: Սա չափազանց կարևոր հանգամանք է, որն ընդհանրապես չքննարկվեց մեր մամուլում: Կարծում եմ ճիշտ կլինի սրան պատշաճ կերպով անդրադառնալ:
Հակոբյան Տիգրան