Ամենայն հավանականությամբ արդեն մոտ ապագայում ռազմական գործողությունների թատերաբեմը Սիրիայում կտեղափոխվի երկրի հարավ՝ Հորդանանին սահմանակից շրջաններ, որտեղ ս.թ. փետրվար ամսից, երբ պարզ դարձավ որ սիրիական թնջուկի քաղաքական հանգուցալուծումը մտնում է փակուղի, սիրիական վարչակարգի տարածաշրջանային հակառակորդները ձեռնամուխ եղան, այսպես կոչված, «Հարավային ճակատի» ձևավորմանը: Եվ ահա, Հորդանանի հյուսիսից ստացվող տեղեկությունների համաձայն, սիրիական գործող վարչակարգի դեմ թշնամաբար տրամադրված Պարսից Ծոցի արաբական միապետություններին՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, հաջողվել է «Հարավային ճակատում» համախմբել շուրջ 30 հազար վարձկանների՝ հիմնականում Հորդանանից,Լիբիայից, Եգիպտոսից և մի շարք այլ արաբական պետություններից. զինյալներին մարզում են Հորդանանի հյուսիսում տեղակայված ամերիկացի զինվորականները: «Հարավային ճակատի» վերջնական թիրախն է համարվում մայրաքաղաք Դամասկոսը. ակնկալվում է, որ միաժամանակ կակտիվանան գործողությունները նաև Արաբական Հանրապետության հարավ-արևմուտքում՝ Իսրայելին սահմանակից շրջաններում, որտեղից, ըստ փոխշահավետ պայմանավորվածությունների, հակակառավարական խմբավորումներին թիկունքային աջակցություն կցուցաբերեն իսրայելական ռազմական ստորաբաժանումները: Զուգահեռաբար իրավիճակը կշարունակի լարված մնալ Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում: Մի բան ակնհայտ է՝ կանխատեսելի ապագայում սիրիական հիմնախնդրի քաղաքական կարգավորման բացակայության պայմաններում, ներսիրիական հակամարտ կողմերի, ինչպես նաև նրանց արտաքին հովանավորների համար հարաբերությունները պարզելու միակ հարթակը դարձյալ կդառնա ռազմադաշտը:

 

 

Արմեն Պետրոսյան