Խանդը սովորաբար սիրո դրսևորման բաղադրատարր է: "Առողջ" խանդը հիշեցնում է մեզ' յուրաքանչյուրիս, թե որքան թանկ ենք գնահատում մեր "կեսին": Խանդը կարող է նաև լավացնել միջամուսնական հարաբերությունները: Խանդը չի կարելի միանշանակ որպես խիստ բացասական երևույթ դիտել, եթե չափի մեջ է: Բայց եթե անցնում է թույլատրելի սահմանը, վերածվում է քաոսի ե'ւ խանդվողի, ե'ւ հենց իր' խանդողի համար: Եթե հիմքեր չկան խանդելու' տեղի-անտեղի է խանդում, կարելի է խանդը դիտարկել որպես հիվանդություն: Խանդը կարող է ի հայտ գալ այնպիսի իրադրություններում, երբ մարդն ինչ-որ բանից ձեռնունայն է և դրան համապատասխան պատմություն է լսում: Խանդը երբեմն իրական կյանքի հետ ոչ մի առնչություն չունի: Չափից շատ խանդոտ մարդը ֆանտաստիկ պատկերացումներ է ստեղծում, որոնք կապ չունեն իրականության հետ: Խանդի տեսարաններ ստեղծելը բնորոշ է իռացիոնալ մարդկանց, նրանց մեջ կարող են լինել նաև արվեստագետներ:
Երբ մարդն ուժեղ կապվում է ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, դա լինի առարկա, որը թանկ է նրա համար, թե մարդ, որին նա քնքշորեն սիրում է, հաճախ նա սկսում է զգուշանալ և վախենալ, որ կարող է զրկվել նրանից, ինչն իրեն դժվար է բաժին հասել: Խանդը տառապանք է, որտեղ մարդն իրեն միայնակ է զգում:
Սերն ու խանդը կապված են իրար հետ, մեկը մյուսից չի կարելի անջատել: Խանդը թույլ է տալիս ավելի կատարյալ լինել սիրո մեջ, թափանցել դիմացինի սիրտը, զգացմունքները:
Կարող են իրերը խանդել (ֆետիշացում): Խանդն այս կամ այն չափով գոյություն ունի ցանկացած տեսակի մարդկային հարաբերությունում: Խանդի դրսևորումը երևում է ընտանիքի անդամների, ընկերական, բայց ավելի շատ' սիրող զույգերի փոխհարաբերություններում: Առաջնեկը խանդում է, երբ ընտանիքում հայտնվում է երկրորդ երեխան, ամուսինը' երեխային, որ կինն ուշադրությունը սևեռում է նրա վրա, եղբայրը' եղբորը' իրենից ավելի հաջողակ լինելու համար: Երեխան խանդում է մորը, երբ հայրը ցուցաբերում է քնքշանք մոր նկատմամբ: Ավագը խանդում է, երբ մայրը կրծքով է կերակրում կրտսերին: Իմ պրակտիկայում եղել է այսպիսի դեպք, երբ մեծ երեխային միշտ հեռացրել են սենյակից նորածնին կերակրելիս: Երբ հարցնում եմ առաջնեկին, թե ինչու է այդ ժամանակ լաց ու կոծ դնում, ասում է. "Նա մայրիկին ուտում է":Ըստ էության, նա մորը համարում է միայն իր սեփականությունը և չի ցանկանում կիսել փոքր եղբոր հետ: Այդ հակասությունը երեխայի ենթագիտակցության մեջ է:
Խանդը բազմաթիվ սիրող զույգերի բաժանման պատճառ է: Նա, ում խանդում են, ստիպված է անընդհատ լսել կասկածանք և մեղադրանք արտահայտող խոսքեր: Կինը խանդում է, որ ամուսինը տուն է վերադառնում մի փոքր ուշ իր սպասած ժամանակից, կամ կնոջը թվում է, թե ամուսինն անտարբեր է դարձել իր հանդեպ: Հետաքրքրող հայացք բարետես աղջկա կողմը, գործընկերոջ հաճոյախոսություն, հեռախոսով խոսելու ժամանակ հակառակ կողմում կանացի ձայն' ահա կանացի խանդի մի քանի պատճառ: Մի փոքր փաստը (հաճախ' մտացածին) բավարար է սիրած մարդու հետ հարաբերության վատացման, վեճերի պատճառ դառնալու համար: Խանդոտ կինն ամուսնու հագուստի վրա միշտ փնտրում է երկար, շեկ մազ: Նա չի կարող ընդունել, որ այդ կինը կարող է իրենից "բարձր լինել՚, այլ' շիկահեր, որն ասոցիացնում է թեթևաբարո, անկայուն, ազատամիտ կնոջ հետ: Շատ հեշտ է խանդ առաջացնել. մի փոքր առիթն էլ բավական է խանդի զգացում առաջացնելու համար: Այսպես, տղան սիրած աղջկան ասում է, որ ինչ-որ անծանոթ մեկը զանգահարել է իրեն, գովեստի խոսքեր շռայլել, կարո՞ղ է ինքն է կեղծել ձայնը: Եվ արդեն խանդի կայծը գցված է: Իր որդուն կամ աղջկան ամուսնացնող մայրը կարող է խանդել հարսին կամ փեսային: Գիտնականի կինը կարող է խանդել նրա գրքերին, քանի որ դրանք խլում են գիտնականի ժամանակի մեծ մասը: Կան խանդոտներ, որոնք իրենց սիրեցյալին փակված են պահում. նրանք չեն ուզում, որ ուրիշները տեսնեն, հիացմունքով նայեն նրան: Խանդոտ մարդը տառապում է, երբ խնջույքի ժամանակ մեկ ուրիշը պարում է իր սիրեցյալի հետ: Տանջվում է, երբ տեսնում է, որ իր սիրած կինը ուրախ խոսում, ծիծաղում է մի որևէ ուրիշ տղամարդու հետ: Այդպիսի խանդոտ մարդկանց համար այս բոլորը դավաճանության անհերքելի ապացույցներ են. նա սկսում է կասկածել, լրտեսել իր սիրած մարդուն անձամբ կամ ուրիշի միջոցով:
Կանանց համար խանդը կարող է սիրո լավագույն դրսևորում լինել: Չի կարելի խաղալ խանդի հետ, բոցավառել, մտերիմ մարդուն դրանով կախվածության մեջ պահել: Դա անմարդկային է, վտանգավոր: Սակայն հիվանդագին խանդը կնոջ համար շատ տհաճ երևույթ է:
Եթե սիրում ես, ապա վստահում և հավատում ես: Եթե հավատում ես, սիրո մեջ չես ձախողվի: Եթե չես տեսնում, պետք է հավատաս:
Խանդի իսպառ բացակայություն գոյություն չունի: Խանդը գալիս է սիրո հետ միասին: Եթե սիրում է, ուրեմն խանդում է: Բայց միանշանակ չի կարելի ասել, որ եթե խանդում է, ուրեմն սիրում է. խանդել կարելի է նույնիսկ չսիրած մարդուն: Օրինակ' կինը կարող է չսիրել ամուսնուն, բայց խանդել նրան, երբ հայտնվի ուրիշ կին: Նա չի կարող տանել, որ ուշադրության կենտրոնում ինքը չլինի, իրեն արհամարհեն: Կան դեպքեր, երբ մարդը խանդում է, սակայն կարողանում է իրեն տիրապետել, սանձել իր զգացմունքները, մնալ չափի մեջ:
Խանդը կարող է բերել անցանկալի հետևանքների' բռնություններ, սպանություններ, ինքնասպանություններ, ամուսնալուծություններ: Տառապանքները մեղմելու ճանապարհներից է դավաճանությունը: Մոռացվում են հարազատները, ընկերները, աշխատանքը: Իսկ երեխաների մոտ խանդը արտահայտվում է լացով, նյարդայնանալով:
Նորածնից մինչև 17 տարեկան հասակը խանդն առավել շատ է դրսևորվում: Այն տարիքային սահմանափակումներ չունի: Հատկապես դրսևորվում է այն երեխաների մոտ, որոնց ոչ ոք չի սովորեցնում այդ զգացումն արտահայտել խոսքի կամ գործի միջոցով: Նա կարող է նաև ֆիզիկական վնաս պատճառել խանդի առարկային: Երիտասարդները փնտրտուքների մեջ են, զգացմունքները փորձությունների են ենթարկվում: Համատեղ կյանքը, փոխըմբռնումները երկար ժամանակ ամուսնացած զույգերի մոտ քնեցնում են այն զգացումները, որոնք կարող են կյանքն իռացիոնալ դարձնել: Արժևորում ենք համատեղ կյանքը, որքանով ենք միմյանց սիրում, հասկանում, հավատում:
Խանդը լիովին վերացնել հնարավոր չէ: Բայց այդ զգացումը հաղթահարելի է ամուր կամք և պատրաստակամություն դրսևորելու դեպքում: Պետք է կարողանալ բանականությամբ վերանայել մոտեցումը, աշխատել սեփական անձի վրա: Պետք է փորձել լինել ավելի նրբանկատ, շրջահայաց, խոհեմ ու համբերատար: Անհրաժեշտ է խիզախություն ունենալ ներողամտություն հայցելու դիմացինից, եթե լինեն փաստեր, ապացուցվի, որ խանդն անիմաստ է, անհիմն: Վախն ու սեփականատիրական զգացումները կարող են լինել սիրային հարաբերությունների բաղկացուցիչ մասը: Սեփականատիրական զգացումը վկայում է այն մասին, որ մարդը նշանակալի չափով անվստահություն ունի ինքն իր հանդեպ: Խանդը երբեմն դուրս է գալիս վերահսկողությունից, և ի հայտ է գալիս սեփականատիրության զգացումը: Շատ հաճախ այն տեղի է ունենում մտահոգված կապվածության դեպքում: Այդ ժամանակ մարդը մշտապես տարված է զուգընկերոջ հնարավոր կորստի գաղափարով և կարող է նույնիսկ երևակայել ուրիշ մարդկանց հետ նրա կապի մասին: