Ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ մայիսի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Երևան կատարած այցից' հաշվի առնելով ինչպես Ջեյմս Ուորլիքի հայտնիհայտարարությունը, այնպես էլ հրադադարի 20-ամյակի կապակցությամբ համանախագահների արածհայտարարությունը,-ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը հարցրեց ԼՂՀ նախկին ԱԳ նախարար, քաղաքական գործիչ Արման Մելիքյանին:
- Պետք չէ դրական ակնկալիքներ ունենալ՝ դրա համար անհրաժեշտ հիմքեր չկան: Մեզ հարող տարածաշրջաններում աճում է լարվածություն, քաղաքական հակամարտությունները վերաճում են ռազմական բախումների և այս իրավիճակի շուտափույթ մեղմման և ոչ մի հեռանկար չի նշմարվում: Այս ամենի համատեքստում խաղաղության «վերջնագրային» կոչեր պարունակող համանախագահների վերջին հայտարարությունն ավելի շուտ մտահոգիչ է, քան հուսադրող: Արդի պայմաններում ավելի տրամաբանական կլիներ, եթե համանախագահները մեր տարածաշրջանում փորձեին ամեն գնով պահպանել եղած փխրուն խաղաղությունը, քան ռադիկալ քայլերի դիմելու պահանջով տպավորություն ստեղծեին, իբր համընդհանուր ու փոխընդունելի հաշտությունը մոտ է մեզ ավելի, քան երբևէ:
- Հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները, ինչքանո՞վ է հավանական դառնում հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսումը:
- Կարելի է, իհարկե, պատերազմի վերսկսման մի քանի սցենար նկարագրել, բայց ավելի ճիշտ կլինի խոսել առավել հավանական տարբերակի մասին: Նախ ես բացառում եմ, որ Հայաստանը սեփական նախաձեռնությամբ պատերազմ սանձազերծի Ադրբեջանի դեմ՝ դրա համար այսօր և ոչ մի նախադրյալ չկա: Պատերազմի վերսկսումն ավելի շուտ կարող է իրականություն դառնալ ռուս-ադրբեջանական հարաբերությունների կտրուկ վատթարացման պատճառով, ինչի համար նախադրյալներն այսօր արագորեն հասունացվում են: Ռուս-ադրբեջանական զինված հակամարտության սկզբնավորման դեպքում Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ պետություն, ում տարածքում առկա է նաև ռուսական ռազմակայանը, կարող է ստիպված լինել, այս կամ այն չափով, ներքաշվել պատերազմական գործողությունների մեջ:
- Ի՞նչ քայլեր պետք է անի Հայաստանը՝ բանակցային գործընթացում հայկական երկու հանրապետությունների դիրքերն ամուր պահելու համար:
- Ընդհանուր առմամբ, Հայաստանը պետք է կարողանա համադրել սկզբունքայնությունը' պատճառաբանված ու արժանապատիվ փոխզիջումների գնալու կամքի դրսևորումների հետ: Մադրիդյան սկզբունքների ներկայիս բովանդակությունը հակամարտության իրական պատկերի՝ դրա ծագման պատճառների, ընթացքի, հետևանքների և ներգրավված կողմերի պատասխանատվության խեղված մեկնաբանության վրա է հիմնված, իսկ դա նշանակում է, որ հայկական կողմերը պետք է ձգտեն առնվազն տեղի չտալ մեզ համար կարևորություն ունեցող՝ անվտանգության, տարածքների ու փախստականների հիմնախնդիրների հարցերում:

 

 

Արման Մելիքյան