Թախիծը վախենում է արևից...
Ամերիկյան հոգեբանները կարծում են, որ մեր տրամադրությունը որոշակիորեն կապ ունի նրա հետ, թե որ ժամին ենք արթնանում:
Պարզվում է՝ թախծոտությունը, ապատիան, անտրամադիր վիճակը վախենում են արևի լույսից՝ ինչպես սատանան խաչից: Դա բացատրվում է նրանով, որ մարդու օրգանիզմում հայտնաբերվել են հորմոններ, որոնց կենսագործունեության նյութերն արյան մեջ ընկնելով՝ ներգործում են ուղեղում գտնվող «ճնշման կենտրոնների» վրա: Ըստ այդմ՝ գիշերն այդ հորմոնների քանակն ավելանում է, իսկ արևի առաջին ճառագայթներից՝ նվազում: Այնպես որ, պառկե՛ք քնելու որքան կարող եք վաղ, արթնացե՛ք լուսաբացին, և լավ տրամադրությունն ապահովված է:
Իսկ ինչպե՞ս վարվել ձմռանը, երբ լուսային օրն այդքան կարճ է: Հոգեբաններիը խորհուրդ են տալիս որքան հնարավոր է հաճախակի լինել... վարսավիրանոցներում: Ունենալով գեղեցիկ սանրվածք՝ կինը ոչ միայն դուրեկան տեսք է ստանում, այլև իրեն ավելի ազատ ու հանգիստ է զգում, ավելի եռանդուն, նա ավելի հեշտ է հաղթահարում բացասական զգացումները: Այդ նույն արդյունքին կարելի է հասնել և տանը, լվանալ գլուխը, ինքնուրույն հարդարել մազերը: Եվ դուք արդեն բոլորովին ուրիշ մարդ եք:
Երբեք մի՛ շտապեցրեք հայելու մոտ կանգնած կնոջը. նա ոչ թե սեթևեթում է հայելու առջև, այլ տրամադրություն է ստեղծում:
Գնալ մարզադաշտ լավ տրամադրության համար
Անկասկած, սպորտը դրական հույզեր է պարգևում մարզասերներին: Իհարկե, երբեմն դա հասնում է անհեթեթության: Արգենտինայի տաքարյուն տղամարդիկ՝ ֆուտբոլի ջերմ երկրպագուները, կարծես թե լրջորեն այն գերադասում են սեքսից: Ինչպես վկայում են 300 երկրպագուների շրջանում կատարված հարցումները, նրանց մեծամասնությունը ոչ մի դեպքում չի համաձայնի բաց թողնել ֆուտբոլային մրցումը ընկերուհու հետ հանդիպման պատճառով: Հանուն սիրած կնոջ ֆուտբոլը զոհաբերելու սխրանքին ընդունակ է միայն յուրաքանչյուր հինգերորդ ֆուտբոլասեր: Ընդ որում, արգենտինուհիներն իրենց երկրպագուներին գայթակղելու համար դիմում են խիստ անսովոր մեթոդի՝ հանդիպման գնալիս ճոխ գայթակղիչ հագուստի փոխարեն հագնում են նրանց սիրելի թիմի մարզահագուստը:
Շարժումը ուրախություն է
Ի՞նչն է բարձրացնում տրամադրությունը: Ամեն ոք իր դեղատոմսն է առաջարկում: Լոնդոնի համալսարանի հոգեբան Ռոբերտ Յունգը համոզված է՝ սպորտով զբաղվելը: 20 տարի նա ուսումնասիրել է ֆիզիկական ակտիվության ազդեցությունը մարդու հոգեկան վիճակի վրա: Մարզասրահների, լողավազանների, վազքուղիների մշտական հաճախորդների 85 %-ի մոտ մարզումներից հետո վատ հոգեվիճակից հետք անգամ չէր մնում, իսկ լավ տրամադրության կորագիծը կտրուկ բարձրանում էր: