Հանկարծահաս այս շարժումը, սակայն, մեկ օրում չէ որ ծնվել էր, եւ Ղարաբաղյան խնդիրն առաջին անգամ չէ, որ բարձրացվում էր խորհրդային իշխանությունների առջեւ: Պատմագրությունը այդ մասին դեռ ասելիք պիտի ունենա: Համենայն դեպս, ղարաբաղյան մեզ անծանոթ շարժման մասին են վկայում արխիվներում պահվող եւ արդեն իսկ հրապարակված մի շարք նորահայտ փաստաթղթեր:
Վազգեն Ա կաթողիկոսի հանդիպումը Բուլգանինի հետ
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի “Էջմիածին” ամսագրի 1956 թվականի մայիսյան համարում “Պաշտոնական ընդունելություններ” խորագրի ներքո հրապարակված է այսպիսի մի հաղորդագրություն. “1956 թվականի մայիսի 12-ին ՍՍՌՄ Մինիստրների Սովետի նախագահ Ն. Ա. Բուլգանինը ընդունեց Ամենայն Հայոց Ծայրագույն պատրիարք եւ կաթողիկոս Նորին Ս. Օծություն Տ.Տ. Վազգեն Ա-ին: Ընդունելությանը ներկա էին ՍՍՌՄ Մինիստրների Սովետին կից Կրոնական պաշտամունքների գործերի խորհրդի նախագահ Ի. Վ. Պոլյանսկին, Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին կից Հայ եկեղեցում գործերի խորհրդի նախագահ Հ.Գ. Գրիգորյանը եւ ՍՍՌՄ Մինիստրների Սովետի նախագահի Արձանագրության պետ Ե.Ա. Տարաբրինը”:
Եւս մի հաղորդագրություն տեղեկացնում է մայիսի 26-ին Վազգեն Ա կաթողիկոսի մեկ այլ պաշտոնական հանդիպման մասին, որ տեղի է ունեցել Խորհրդային Հայաստանի Մինիստրների Սովետի նախագահ Անտոն Քոչինյանի հետ:
Չափազանց ժլատ այս հաղորդագրությունները հանդիպման մասնակիցների անուններից զատ այլ տեղեկություններ չեն հաղորդում: Իսկ իրականում, այս հանդիպումների ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսը խորհրդային իշխանությունների հետ եկեղեցական խնդիրներից զատ քննարկում էր նաեւ ազգային կարեւորագույն խնդիրներ' նրանց առջեւ բարձրացնելով տարածքային հարցեր, մասնավորապես, Ղարաբաղին առնչված:
Հայտնի է, որ 1955-ի վերջերին, դեռեւս նորաօծ Վազգեն Ա Վեհափառը նամակ է հղել ԽՍՀՄ կառավարության ղեկավար Նիկոլայ Բուլգանինին: Ի թիվս եկեղեցական զանազան հարցերի Վեհափառ Հայրապետը խնդրում էր Էջմիածնի ենթակայությանը փոխանցել մի շարք եկեղեցիներ, որոնց թվում' Գանձասարի վանքը: 1956թ. արդեն, իր արտասահման կատարած առաջին հովվապետական ուղեւորության ավարտին, Մոսկվայում, հանդիպելով Բուլգանինի հետ, Վազգեն Ա-ն նրան է փոխանցում նաեւ մի երկրորդ նամակը, որտեղ արծարծվում են արդեն Խորհրդային Հայաստանի տարածքային հարցեր: Իբրեւ հիմնավորում այդ պահանջների ներկայացվում է Մայր հայրենիք վերադառնալ ցանկացող սփյուռքահայությանը հայրենի տարածքներում բնակեցնելու փաստարկը: Ի դեպ, այս նույն հիմնավորմամբ էր առաջին համաշխարհային պատերազմից հետո Գեւորգ Չորեքչյան կաթողիկոսը նամակներ հղում ԱՄՆ-ի, Անգլիայի եւ ԽՍՀՄ ղեկավարներին' Թուրքիայից հայկական 6 վիլայեթները ետ ստանալու խնդրանքով:
Մայր Աթոռի արխիվում պահվող մեքենագիր մի փաստաթղթում Վազգեն Վեհափառը իր այդ հանդիպումների մասին պատմում է. “1956-ին իմ առաջին ուղեւորության վերադարձից հետո Մոսկվա 12 մայիս 1956-ին ունկնդրություն ունեցա Կրեմլում, Մինիստրների Սովետի նախագահ Մարշալ Բուլգանինի մոտ: Մարշալին ներկայացրեցի մի դիմումնագիր բաղկացած յոթը կետերից եկեղեցական հարցերի վերաբերյալ, ինչպես օրինակ նոր Վեհարանի շենքի վերադարձը, տպարանի հիմնումը եւ այլն: Այդ բոլոր հարցերին մարշալը դրական լուծում տվեց: Այս առթիվ ես ներկայացրեցի նաեւ մի դիմում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, առաջադրանքով, որ արդար կլինի եւ օրինական Ղարաբաղի մարզի միացումը Սովետական Հայաստանին: Մի ամիս հետո Երեւանում ինձ հայտնի դարձավ, որ Ղարաբաղյան հարցի վերաբերյալ իմ դիմումին ընթացք է տրվել եւ այն ուղարկվել Սովետական Միության բոլոր հանրապետություններին ի քննարկումն: Իսկ երկու ամիս անց, Հայաստանի Մինիստրների Սովետի նախագահ Անտոն Քոչինյանը ինձ հրավիրեց իր մոտ եւ հայտնեց, որ Ղարաբաղի վերաբերյալ իմ առաջադրած հարցը պետք է նկատել փակված”:
Սակայն հետագա երկու տարիներին, որքան էլ հարցը եկեղեցու եւ Վեհափառ Հայրապետի իրավասություններից դուրս էր, Վազգեն Վեհափառը կրկին փորձում է խորհրդային իշխանություններին բացատրել տարածքների վերադարձման անհրաժեշտությունը:
Չկայացած հանդիպում Խրուշչովի հետ
1958-ի հուլիսին Հայ եկեղեցու գործերի խորհրդի նախագահին հղած իր հերթական նամակում Վեհափառ Հայրապետը խնդրում է միջնորդել' հանդիպելու ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի նոր նախագահ Նիկիտա Խրուշչովի հետ, ով այյդ տարիներին վարչապետի պաշտոնը համատեղում էր ՍՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնի հետ: “Ինչպես հայտնի է Ձեզի, Մեր հանդիպման նպատակն է պարոն վարչապետին բարենպաստ աջակցությունը խնդրել համահայկակական եկեղեցիին կապված ներքին ու արտաքին քանի մը հարցերու լուծման համար”,- գրում էր Վազգեն Վեհափառը:
Վեհափառի խնդրանքը եւ հանդիպման դեպքում արծարծվելիք հարցերը ներկայացվում են ԽՍՀՄ ղեկավարին: Իսկ հարցերից մեկը կրկին վերաբերում էր հայկական տարածքները ետ վերադարձնելուն:
Ինչեւէ, Խրուշչովի հետ հանդիպումը չի կայանում: Մոսկովյան այդ որոշման մասին հաղորդվում է հայաստանյան իշխանություններին, որոնք եւ մերժումը փոխանցում են Վեհափառ Հայրապետին: Այսուհանդերձ, Վեհափառ Հայրապետը եւս մի անգամ փորձում է խորհրդային գերագույն իշխանության ուշադրությունը հրավիրել ներեկեղեցական եւ ազգային հարցերի վրա' իր բոլոր նկատառումները շարադրելով Խրուշչովին հղած նամակում: “Արտասահմանի հայ ժողովրդի բաղձանքն է, որ այդ ներքին հողային հարցի դրական լուծումով Հայաստանի տարածքը կրկին ստանա իր պատմական ու բնական սահմանները, եւ արտասահմանի հայ ժողովուրդը հայրենիք վերադառնալու, իր նոր' խորհրդային հայրենիքի վերականգնմանն ու վերելքին մասնակցելու հնարավորություն ունենա”,- գրում է Վազգեն Վեհափառը:
Անշուշտ, Վեհափառի բոլոր այս ջանքերն անօգուտ էին: Եւ միակ բանը, որը այդ տարիներին քիչ թե շատ կարող էր բավարարել Վազգեն կաթողիկոսին, 1957թ. Բաքու եւ Ղարաբաղ կատարած այցն էր: Այն եղավ Վեհափառի առաջին եւ վերջին այցը Արցախ:
Վեհափառ Հայրապետի այցը Ղարաբաղ
1957-ի սեպտեմբերին Ադրբեջանի հայոց թեմը ապրում է պատմական օրեր. Հայրապետական պատարագ եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությամբ ժամերգություններ Բաքվի Սբ. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում, այցելություն Կիրովաբադի հայկական եկեղեցի, ապա եւ Ղարաբաղ: Ադրբեջանական իշխանությունների կողմից այս մասին արված գաղտնի զեկուցագրում նշվում է, որ Բաքվի եկեղեցում եւ եկեղեցու շուրջ հավաքվածների թիվը հասնում էր շուրջ 2000-ի:
Բաքվի եկեղեցում արտասանած իր քարոզում Վազգեն կաթողիկոսը, անդրադառնալով նախորդ տարի արտասահման կատարած իր ուղեւորությանը, հտտկապես ընդգծում է, որ արտասահմանի հայությունը հետաքրքրված է Ադրբեջանի, մասնավորապես, Բաքվի եւ Լեռնային Ղարաբաղի հայերով:
Կիրովաբադի հայկական եկեղեցում եւս Վեհափառ Հայրապետին ճոխ ընդունելություն է ցուցաբերվում: Սեպտեմբերի 25-ին կաթողիկոսն իր շքախմբով հատում է Ղարաբաղի սահմանը: Վեհափառ Հայրապետը հանգրվանում է Ստեփանակերտում, այցելում է Շուշի, Գանձասար եւ Ամարաս:
Ամարասի հնագույն վանքում, որ օգտագործվում էր իբրեւ ծխախոտի չորանոց, Վեհափառ Հայրապետը հանդիպում է աշխատող մի քանի կոլտնտեսականների: Առանձնապես տխուր էր պատկերը Շուշիում: “Մենք դառն կսկիծով ականատես եղանք աննկարագրելի մի տեսարանի: Բացի փլված գմբեթից, եկեղեցու բոլոր դռներն ու պատուհանները հանված էին, երբեմնի այս աղոթավայրը ուղղակի վեր էր ածվել անասունների ախոռի: Մենք եւ մեր ուղեկիցները ականատես եղանք, թե ինչպես երկու կովեր նիրհում էին եկեղեցու սեղանի վրա, իսկ եկեղեցու ամբողջ հատակը լեցուն էր անասնաղբով”,- մեկ տարի անց Հայ եկեղեցու գործերի նախագահին հղած իր բողոքագրում նշում է Վեհափառ Հայրապետը:
Դեռ Ստեփանակերտում կաթողիկոսը ադրբեջանական իշխանություններին ներկայացնում է հայկական եկեղեցիների մի ցանկ' ակնկալելով դրանց վերաբացումը: Վեհափառ Հայրապետը խնդրում էր Հայ եկեղեցու տնօրինմանը վերադարձնել Գանձասարը, Ամարասը, Ստեփանակերտի աղոթատունը, Կիրովաբադի շրջանում գտնվող Չոլակ կոչվող ուխտավայրը, Նուխի, Զաքաթալա, Նախիջեւան քաղաքի եկեղեցիները: Վեհափառը խնդրում է նաեւ “տեղական իշխանությունների օգնությամբ Շուշիի հայկական մայր եկեղեցին մաքրել աղբից, դռներ ու լուսամուտներ պատրաստել' այնտեղ նախիրի մուտքը արգելելու համար”:
Ավելորդ է ասել, որ Վեհափառի այս խնդրանքը եւս անտեսվում է: Եւ միայն 1989-ին, ղարաբաղյան շարժումից հետո, Վազգեն Ա Կաթողիկոսին բախտ է վիճակվում հայրապետական կոնդակով վերահաստատել Արցախի թեմը:

 

Արթուր Հայրապետյան