Ցավոք, Բաքուն իր հիստերիայով հաճախ է դիվանագիտական ճակատում ստանում այն, ինչ փնտրում է: Կներեք, բայց երբ հիստերիան տալիս է արդյունք, արդեն դիվանագիտություն է: Հասկանալի է, որ "հիստերիա" բնորոշումը քարոզչական, նույնիսկ արտաքին քարոզչական առումով ընդունելի է, սակայն շատ վատ է, եթե դա մեզ մոտ պետական համոզմունք է, բայց, վախենամ, որ այդպես է: "Խավիար", "հիստերիա", թե "մաքիավելիզմ", այս առումով կարևորը արձանագրած արդյունքն է: Վերջին "հիստերիան" վերաբերվում էր համանախագահ Ուորլիքին, երբ Բաքվում նրան մեղադրեցին ԱՄՆ հայ համայնքի հետ կապի մեջ, որը, իբրև, նշանակում է, որ ամերիկացի համանախագահը չի կարող լինել անաչառ միջնորդ ու նույնիսկ չբացառեցին, որ դիմում կներկայացնեն նրա հետկանչի համար: Փաստորեն, դա ազդեց ու Ուորլիքը Քարնեգի հիմնադրամում հայտարարեց, թե ԼՂՀ ազատագրած 7 շրջանները "օկուպացված տարածքներ են և պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը" (the occupied territories surrounding Nagorno-Karabakh should be returned to Azerbaijani control)՝ հավելելով, որ, առանց Ադրբեջանի սուվերենության հարգման, ինչպես նաև՝ այդ տարածքների վրա նրա սուվերենության հաստատման հարգման (recognition that its sovereignty over these territories must be restored), չի կարող լինել լուծում: Վերջինը բանակցային գործընթացում բավական լուրջ խոչընդոտ է, այսինքն, եթե չես հարգում բանակցային մյուս սուբյեկտի սուվերենությունը, ապա երբեք չես գնա նրա հետ համատեղ որոշման ընդունման, որը բանակցությունների գլխավոր էությունն է: Բայց, ակնհայտ է, որ Ադրբեջանն է միշտ հանդես գալիս անհարգալից՝ ապակառուցողական մոտեցմամբ: Փաստորեն, Բաքվի կշտամբանքները, նկատողությունները Ուորլիքի վրա ազդեցին, և նա որոշեց սիրաշահել Բաքվին՝ նման ձևակերպումներ մտցնելով ելույթի մեջ, որը խախտում է միջնորդական առաքելության կարևորագույն ասպեկտներից առնվազն երկուսի՝ բարոյականի և իմացականի էությունը, որոնք ենթադրում են, համապատասխանաբար՝ բացառապես չեզոք մոտեցում և կոնֆլիկտի էության, նախապատմության իմացություն: Ուշագրավ է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ Ուորլիքի ելույթում առկա կետերն ԱՄՆ դիրքորոշումն են արտահայտում՝ նշելով, որ պետք է տարբերակել Լեռնային Ղարաբաղի բուն կարգավիճակը և շրջակա տարածքների կարգավիճակը: (Եթե չեմ սխալվում, համանախագահների կողմից "օկուպացված տարածքներ", "Ադրբեջանին տարածքների վերադարձ", "Ադրբեջանի սուվերենության հարգում" ձևակերպումներ մինչ այս չեն կիրառվել): Հատկանշական է, որ այս ամենը տեղի են ունենում Ղրիմի առնչությամբ ՄԱԿ-ի քվերակությունից հետո, ինչպես նաև՝ ՄՄ-ին Հայաստանի արագընթաց անդամակցության ֆոնին: Սա արդեն դիվանագիտական երկրորդ հարվածն է Հայաստանին՝ գումարած Սարսանգի ջրամբարի հարցը ԵԽ-ում: Իսկ եթե ԱՄՆ-ն է սկսում դիրքորոշում արտահայտել, ապա մի քիչ զգուշությունը չի խանգարի: Իմիջիայլոց, վատ չէր լինի, եթե Հայաստանի ռազմավարական դաշնակիցն էլ փոխադարձ դիվանագիտական աջակցության ինչ-որ ժեստ աներ. այսպես կոչված "reciprocity"-ի մշակույթից որոշ տարրեր մեր դաշնակցին չէին խանգարի:

 

 

Արման Սահակյան