Թուրքիան շարունակում է իր խաղը խաղալ: Հերիք չէ այդ երկրի վարչապետը Հայոց ցեղասպանության հիշատակման օրվա նախօրեին ինչ-որ խաբուսիկ հայտարարություն արեց և որոշ չափով մոլորեցրեց միջազգային հանրությանը, այժմ Էրդողանը, կարծես շարունակում է նույն տրամաբանությամբ հերթական քայլերը ձեռնարկել: Ինչպես տեղեկացնում է «Ակօս» պարբերականի կայքը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսոկոպոս Աթեշյանին և հայ համայնքի այլ ներկայացուցիչների։ Հանդիպումից հետո էլ արքեպիսոկոպոս Աթեշյանը հանդիպել է լրագրողների հետ: Ստորև ներկայցնենք, թե կոնկրետ ինչ է ասել սրբզանը, այնուհետև փորձենք դա մեկնաբաել:
Նա նշել է, որ Թուրքիայի աշխարհագրական տարածքը հոգնել է ցավ տեսնելուց։ «Ոչ ոք չի կարող հերքել, որ տասնյակ հազարավոր ընտանիքների զավակներ, կորցրին իրենց մայրերին, հայրերին, զավակներին, քույր-եղբայրներին։ Այս հողերը կշտացել են արյունից։ Այդ ամենն այս երկրում է տեղի ունեցել։ Այժմ կարծես մի դի կա, որը սկսել է հոտել և բոլորին անհանգստություն է պատճառում այդ հոտը։ Երկու հանրությունները պետք է կողք կողքի գան։ Ինչ աղոթք որ պետք է, թող կարդան, սակայն այդ դին, քանի դեռ չի սկսել քայքայվել, պետք է թաղեն»,- ասել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդը: Այնուհետև վերջինս անդրադարձել է նաև Էրդողանի հայտարարությանը՝ հայերի ցավը կիսելու վերաբերյալ։ Նա Էրդողանին համեմատել է Նոյ նահապետի ուղարկած աղավնու հետ, որը ձիթենու ճյուղ է բերել։ «Մենք չենք ցանկանում, որ այդ ճյուղը չորանա։ Մենք ցանկանում ենք այն տնկել և պտուղները տեսնել։ Մենք կարոտում ենք այն օրերը, երբ երկու ժողովուրդներն ապրում էին կողք կողքի՝ բարեկամաբար»,- եզրափակել է Աթաշյանը։
Տեսեք առաջին հերթին արքեպիսոկոպոս Աթեշյանը ըստ էության խոսում է ցեղասպանության մասին և դրա հետևանքների վերացման մասին: Վերջինս ճիշտ է ամեն ինչ ասում է փոխաբերությունների միջոցով, բայց ամեն դեպքում կարծում եմ ուղերձը հասկանալի է: Նա ասում է, որ քանի դեռ դին չի քայքայվել ասել է թե քանի դեռ կա, կամ էլ ստեղծվել է հնարավորություն պետք է կողմերը փորձեն լեզու գտնել միմյանց հետ և վերջնականապես լուծեն այս խնդիրը: Ինչ խոսք սա շատ դրական և ողջունելի մոտեցում է, բայց այն ինչը սրբազանն ասում է դրանից հետո ինձ անձամբ այդքան էլ դուր չի գալիս:
Երբ Աթաշյանը Էրդողանին համեմատում է աղավնու հետ, ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ իբր հաշտության պատրաստակամությունն ու ուղերձը հղվում է Թուրքիայի կողմից, և որին Հայաստանը պետք է արձագանքի: Այլ կերպ ասած Թուրքիան արել է որոշակի քայլ և այժմ գնդակը մեր դաշտում է, և մենք ինքներս պետք է ինչ-որ պատասխան քայլեր ձեռնարկենք: Կարճ ասած, եթե փոխանորդի փոխաբերությունների լեզվով ասենք' ճյուղը Թուրքիայի կողմից, իսկ այդ ճյուղը տնկել ու ջրելը' մեր:
Ասեմ հետևյալը' նման մոտեցումը բնավ ընդունելի չէ մեր կողմից: Այդ Հայաստանն է մշտապես հանդես եկել հարաբերություններ հաստատելու կոչերով առանց նախապայմանների, մինչդեռ Թուրքիան մշտապես առաջ է քաշել որոշակի նախապայմաններ: Ի դեպ այս մոտեցումը պահպանվել նույնիսկ վարչապետ Էրդողանի վերջերս արած հայտարարությունից հետո: Ինչպես հիշում եք այդ հայտարարությունից ընդամենը մեկ օր անց պաշտոնական Անկարան հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն զարգանա, ասել է թե սահմանը չի բացվի, քանի դեռ չկա զարգացում Արցախյան հակամարտության բանակցությունների սեղանին:
Մյուս կողմից, ամեն դեպքում, հասկանալի է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսոկոպոս Աթեշյանի պահվածքն ու հայտարարությունը: Ի վերջո չմոռանանք, որ պատրիարքարանը, ցավոք սրտի, բայց Թուրքիայի կառավարության ձեռքերում վաղուց մի խամաճիկ է, որն ինչպես ցանկանում այդպես էլ օգտագործվում է Թուրքիայի կողմից: Ասեմ ավելին նույնիսկ դժվարանում եմ նաև մեղադրել մեր' Թուրքիայում առկա համայնքին: Այդ երկրում ապրող մարդիկ մշտապես ճնշումների տակ են: Դժվար է ապրել Թուրքիայի պես երկրում և լինել կատաղի հայրենասեր և առանց վախի և մտահոգության պայքարել «ազգային շահերի» համար:
Ինչևէ, եղածը եղած է: Փաստն այն է, որ Թուրքիան ի դեմս Էրդողանի ցանկանում է պահպանել միջազգային հանրության շրջանում ստեծված, կամ էլ ստեղծվող այն պատրանքը, թե իբր քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: Ընդամենը մի բան կարելի է ասել այս ամենից հետո' դժբախտաբար այդ ջրաղացին ջուր լցնողները նաև մեր հայրենակիցներն են...

 

 


Հակոբյան Տիգրան