Մարդկայնորեն չեմ կարողանում հասկանալ այս տրամաբանությունր.
Ինչու՞ է վարչապետի համար 6 տարին շատ՝ ղեկավարելու համար կառավարությունը, բայց նույն կառավարության անդամ հանդիսացող այս կամ այն նախարարի համար այն մի բան էլ դեռ քիչ է:
Իսկապես ուզում եմ հասկանալ, թե ինչպե՞ս կամ ի՞նչ չափանիշով է որոշվում այս ժամանակը, և առհասարակ, արդյո՞ք որևէ պաշտոնյայի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը պետք է որոշվի ժամանակով:
ՀՀ սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն, կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից:
Սա նշանակում է, որ այս մարդիկ հավաքական պատասխանատվություն են կրում կառավարության ողջ գործունեության համար՝ յուրաքանչյուրն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:
Եվ այս դեպքում, եթե վարչապետը 6 տարի ղեկավարելով ՛՛հոգնել՛՛ է, խիստ կասկածելի է, որ նրա կառավարության այս կամ այն անդամը կմնա ՛՛առույգ՛՛ ՝ ընդգրկվելով հաջորդ կառավարության կազմում:
Նոր կառավարության կազմում ընդգրկված նախորդ կառավարության 6 անդամների պաշտոնավարման ժամկետը գրեթե չի զիջում նախկին վարչապետի պաշտոնավարման ժամկետին:
Ստորև բերված ցանկը վկայում է մի բանի մասին. ՛՛Այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին՛՛:
Մշակույթի նախարար- պաշտոնավարում է 8 տարի
Տարածքային կառավարման նախարար-պաշտոնավարում է 6 տարի
Արտաքին գործերի նախարար-պաշտոնավարում է 6 տարի
Պաշտպանության նախարար-պաշտոնավարում է 6 տարի
Սփյուռքի նախարար-պաշտոնավարում է 6 տարի
Կրթության և գիտության նախարար-պաշտոնավարում է 5 տարի
Հ.Գ. Անձերի դեմ որևէ բան չունեմ, ինձ համար երևույթն է ցավալի…

 

Նորայր Նորիկյան