Ժնևյան համաձայնությունը ցավոք սրտի կարծես ոչ մի կերպ չի հանդիսանում Ուկրաինայի արևելքում առկա ճգնաժամի կարգավորման համար վստահելի և ազդեցիկ գործոն: Դրա հիմնական պատճառը թերևս այդ համաձայնության ընդհանրական ձևակերպումներն ու մեխանիզմներն են, որոնք տարատեսակ մեկնաբանությունների տեղիք են տալիս: Սրան ի հավելումն չմոռանանք, որ զուգահեռ բոլոլ գործընթացների ընթանում է ակտիվ քարոզչական պատերազմ Ռուսաստանի և Արևմուտքի միջև, որն իր հերթին խեղաթյուրում է միջազգային հանրության և առհասարակ սովորական քաղաքցիների պատկերացումներն այդ համաձայնության վերաբերյալ: Ռուսաստանն ու ռուսական մեդիան մեկնաբանում է այդ համաձայնությունը մի կերպ, Արևմուտքն ու համապատասխանաբար արևմտյան մեդիան տրամագծորեն այլ կերպ: Իսկ արդյունքում ձգձգվում, կամ էլ ընդհանրապես անհեռանկարային է դառնում վերը նշված ճգնաժամի լուծումը:

Տեսեք ռուսական կողմը սա ներկայանցում է, որպես համաձայնություն, որը պետք է դառնա առանցք Ուկրաինայում սահմանադրական փոփոխությունների և այդ երկրի դաշնայնացման համար: Կարճ ասած ներկայացվում է որպես ռուսական հաղթանակ: Մինչդեռ արևմտյան կողմը մեկնաբանում է սրա բովանդակությունն ու նշանակությունը շեշտակիորեն այլ տեսանկյունից: Ըստ նրանց Ռուսաստանը մեծ հաշվով գնացել է լուրջ զիջման' հրաժարվելով Ուկրանայի դաշնայնացման գաղափարից: Նրանց ներկայացմամբ Ռուսաստանը համաձայնել է արևելյան շրջանների համար որոշակի լիազորությունների ընդլայնման գաղափարին, բայց փոխարենը հրաժարվել է սահմանադրական փոփոխությունների գաղափարից և առավելևս երկրի դաշնայնացման իր համառ մոտեցումից:
Այս համատեքստում, սակայն, հարկ է նշել, որ ռուսական կողմը, ո´չ պաշտոնական, ո´չ էլ մամուլի մակարդակով նման ուղերձ աշխարհին չի հղել: Ասեմ ավելին տեղի է ունեցել ճիշտ հակառակը: Ապրիլի 17-ին, Ժնևում տեղի ունեցած քառակողմ (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ, ԵՄ) հանդիպումից հետո' լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ իրենց Ամերիկացի գործընկերները ռուսական կողմին հավաստիացրել են, որ Ուկրաինայում անպայման պետք է տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ:
Մի խոսքով կրկին հայտնվում ենք կոտրած տաշտակի առջև: Կրկին չկա ընդհանուր ըմբռնում ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղղությամբ: Սա թերևս հենց այսպես էլ պետք է լիներ: Ի վերջո այդ համաձայնությունից հետո մի շարք փորձագետներ նախազգուշացնում էին, որ քառակողմ համաձայնությունը չափազանց ընդհանրական դրույքներ է իր մեջ պարունակում, և խնդրի կարգավորման համար համապատասխան հստակ մեխանիզմները բացակայում են: Իսկ դրա արդյունքը եղավ այն ինչն այսօր մենք ունենք: Առկա է Միջազգաին հանրության կողմից աջակցություն ստացած համաձայնություն, որն ով ինչպես ցանկանում մեկնաբանում է, իսկ արդյունքում չի լուծվում Ուկրաինայում ճգնաժամը' հավելյալ տառապանքներ բերելով այդ երկրի ժողովրդին:

 

Հայկ Թամրազյան