ԶԱՏԻԿ
Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով՝ վերադարձ առ Աստված: Զատիկը թե՛ Հին և թե՛ Նոր Կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Այն կապված է ազատագրության և փրկագործության պատմական զույգ իրողությունների հետ:
Առաջինը Հին Կտակարանի այն դրվագն է, երբ հրեաները, Աստծո խնամածությամբ և Մովսեսի առաջնորդությամբ անցնելով Կարմիր ծովը, փրկվեցին եգիպտական գերությունից: Եգիպտական գերությունից ձերբազատվելը խորհրդանշում էր մեղքի և մահվան երկրից դուրս գալը, զատվելը և դեպի Ավետյաց երկիր ճանապարհվելը:
Երկրորդը Քրիստոսի Հարությունն է: Աստծո Որդին՝ իբրև Գառն Աստծո, Իր արյունը թափեց մեղավոր մարդկության համար, խաչվեց և երրորդ օրը հարություն առավ մեռելներից, որպեսզի բոլոր Իրեն հավատացողներին սրբելով մեղքերից՝ արժանի դարձնի հավիտենական կյանքին:
Եգիպտոսից Իսրայելի դուրս գալը խորհրդանշում է մարմնավոր գերությունից ազատվելը, իսկ այժմ Քրիստոսի հարության զորությամբ մարդկությունը' Նոր Իսրայելը, փրկվում է մեղքի և մահվան տիրակալությունից' խավարից դառնալով դեպի աստվածային լույսը, հավատն ու հավիտենական կյանքը:
Այսպիսով՝ Հին Կտակարանի զատկական գառը օրինակն է Հիսուս Քրիստոսի:
«Ահա Գառն Աստծո, որ վերցնում է աշխարհի մեղքը» (Հովհ. 1. 29): Հովհաննես Մկրտչի այս մարգարեությունը, թե Հիսուս պիտի քանդեր մեղքի կապանքները, կանխատեսում էր դժոխքի ու մահվան պարտությունը:
ՀԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՄԵԶ ՀԱՄԱՐ
Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում:
Այստեղ չէ, այլ հարություն առավ»:
(Ղուկ. 24. 4-9)
Այսպիսի քաղցր բառեր արտաբերելով հրեշտակները դիմավորեցին այն կանանց, ովքեր վաղ առավոտ եկել էի Հիսուսի գերեզման: Այսպես են հնչում հրեշտահային ձայները նաև 2000 տարի անցնելուց հետո, որպես Աստվածային հաղթության և հույսի արձագանք:
Այո Քրիստոս Հարություն առավ: Ինչպես մրրիկից հետո արեգակի լույսը, որ թռչուններին քաջալերում է երգելու և կարկուտով ջարդված ծաղիկներին կենդանություն է տալիս, այնպես էլ այս բառերը փոխում մարդու կյանքի ամբողջ խորհուրդը՝ լցնելով հաղթանակի հույսով: Այլևս մենք կարող ենք համարձակ հոգով և երջանիկ սրտով քայլել այս աշխարհի ժամանակավոր ճանապարհով. ճանապարհ, որի վերջում անմահությունն է, որտեղ մահը այլևս չի սարսափեցնի մեզ, քանզի Քրիստոս Իր Հարությամբ հաղթեց մահվանը, որի մասին բացականչում է Պողոս առաքյալը. «Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը, ո՞ւր է, դժո՛խք, քո խայթոցը» (Ա Կորնթ. 15. 55):
Աստծո Որդու՝ Խաչի վրա մահվամբ և Հարությամբ մենք վերստին հավիտենական կյանք ունենալու արժանացանք. «Ես եմ հարությունը և կյանքը. ով հավատում է Ինձ, թեկուզ մեռնի, կապրի» (Հովհ. 11. 25):
Փրկիչն Իր Հարությամբ հաստատեց կյանքի ու անմահության գաղափարը և մենք Քրիստոսին ընդունելով որպես Փրկիչ և Տեր, պիտի հարություն առնենք' Նրա հետ հավիտենապես թագավորելու«Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, նույնպես և Քրիստոսով ամենքը պիտի կենդանանան»(Ա Կորնթ. 15. 22):
ԿԱՐՄՐԱՆԵՐԿ ՀԱՎԿԻԹ
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր սովորույթներից է Սուրբ Հարության տոնի նախօրեին ձու ներկելը և միմյանց կարմրաներկ հավկիթ նվիրելը£
Նախ տեսնենք, թե ի՞նչ է խորհրդանշում ձուն:
Տակավին նախաքրիստոնեական շրջանում ձուն եղել է բնության վերազարթոնքի, կյանքի ու արգասավորության խորհրդանշան, ուստի և ներառվել է եկեղեցական ավանդության մեջ և քրիստոնեական բոլոր ժամանակների համար դարձել հարության և հավիտենական կյանքի խորհրդանշան:
Այսպես, ձուն խորհրդանիշն է այն վիմափոր գերեզմանի, որտեղից մարդեղացյալ Աստվածորդին հրաշափառապես հարություն առավ, իսկ ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու՝ ձուն «ողջ աշխարհի օրինակն է, և ինչպես որ իմաստուններն են ասում, դրսի կեղևը երկնքին է նման, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, իսկ դեղնուցն էլ երկիրն է...»£
Ձուն խորհրդանշում է նաև ադամորդու կյանքի երկու վիճակը՝ երկրավորն ու երկնայինը© ինչպես ձվի անկենդան պատյանի մեջ ամփոփված է ապագա արարածի սաղմը (որն ինքնին կենդանություն է« սակայն անկատար և արտաքին աշխարհին գրեթե անհաղորդ), նույնպես և ադամորդին« թեև իրական ու տեսանելի այս աշխարհում է ապրում« սակայն տակավին չի կարող թե՛ մարմնով և թե՛ հոգով հաղորդակցվել Երկնային արքայության քաղցրությանն ու երանությանը (տե՛ս Ա Կորնթ. 13. 12): Երկրավոր կյանքում մարդն ինչպես աստվածային ճշմարտություններին ու խորհուրդներին, այնպես և հանդերձյալ կյանքի քաղցրությանն ու երանությանը (նաև դառնությանն ու տառապանքին) հաղորդակից է լինում այնքանով, որքանով Տեր Աստված հայտնել է ճանաչելու, իմանալու և փրկության հասնելու համար: Ինչպես ձվից ելած արարածը սկսում է ամբողջական կյանքով ապրել՝ իր տարատեսակ ընդունակություններն ու ցանկությունները դրսևորելով, նույնպես և աստվածահաճո անձինք Տիրոջ Երկրորդ գալստյամբ, ահեղ ու անաչառ Դատաստանից հետո, կատարյալ, հավիտենական կյանք են մուտք գործելու և այնտեղ, Բարձրյալ Աստծո կամոք« հավիտենական ուսումնառությամբ լուսավորվելու են աստվածգիտությամբ և նորոգված ու փառավոր մարմնով (տե՛ս Փիլիպ. 3. 21), Ամենասուրբ Երրորդության կենդանարար ներկայությամբ վայելելու են Երկնքի արքայության անանց երանությունը:
Այսպիսով, զատկական ձուն նյութական մի նշան է, որը մեզ հիշեցնում է մեր «Հավատամքի» գլխավոր ու էական ճշմարտություններից մեկը՝ ննջեցյալների հարությունը, որի երաշխիքը մեռելներից հարություն առած Տեր Հիսուս Քրիստոսն է՝ ննջեցյալների առաջին պտուղը (տե՛ս Ա Կորնթ. 15. 20), քանզի «Քրիստոսով ամենքը պիտի կենդանանան...» (Ա Կորնթ. 15. 22):
Երկրորդ՝ ինչո՞ւ ենք միմյանց ձու նվիրում և ինչո՞ւ ենք այն կարմիր գույնով ներկում:
Նախ՝ Ընդհանրական Սուրբ Եկեղեցու ավանդության համաձայն' Սուրբ Հարության տոնին միմյանց կարմրաներկ հավկիթներ նվիրելու սովորույթը կապվում է սուրբ Մարիամ Մագդաղենացու հետ: Ավանդության համաձայն՝ Քրիստոսի համբարձումից հետո նա սուրբ Ավետարանի քարոզչության նպատակով գնացել է Հռոմ, ներկայացել Տիբերիոս կայսերը, նրան կարմրաներկ մի ձու նվիրել' ավետելով «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»' սկսել է իր քարոզչությունը: Հարության խորհրդով ձու ներկելու վերաբերյալ հետաքրքրական մի մեկնաբանություն է պահպանվել հայոց կյանքում, ի մասնավորի Սյունյաց աշխարհի Սիսական գավառում. «...Քրիստոսի չարչարանքի ժամանակ մանրավաճառները փչացած ձվեր էին տալիս երեխաների ձեռքը, որ խփեն Քրիստոսին, սակայն ձվերն առանց Քրիստոսին դիպչելու հետ էին դառնում՝ թարմացած և կարմիր գույն ստացած: Ի հիշատակ այս անցքի, ասում են, տնօրինել են Զատկին ձվեր ներկել»:
Երկրորդ՝ թեև ի սկզբանե Ընդհանրական Սուրբ Եկեղեցու մաս եղող Եկեղեցիներում հավկիթները ներկվել են կարմիր գույնով, սակայն, դարերի հոլովույթում, որոշ Եկեղեցիներում խաթարվել է միայն կարմիր գույնով ներկելու հնավանդ սովորույթը և զատկական հավկիթները դարձել են բազմագույն: Ցավով պետք է նկատենք, որ հայ իրականության մեջ ևս գործնականացել է հավկիթները զանազան գույներով ներկելու ավանդույթը, մինչդեռ մեր Մայր Եկեղեցու եռամեծ վարդապետը՝ Սուրբ Գրիգոր Տաթևացին, ի մի բերելով իմաստուն վարդապետների վկայությունները, ավանդում է հավկիթները ներկել միայն ու միայն կարմիր գույնով, որովհետև «կարմիր ներկը խորհրդանշում է, որ այս աշխարհը Քրիստոսի արյամբ գնվեց». Քրիստոս Աստված Իր մահվամբ խորտակեց մեր պարտամուրհակի զորությունը և այն խաչափայտին գամեց (տե՛ս Կողոս. 2.14), իսկ Իր լույս հարությամբ հաղթեց մեղքին ու մահվանը և մեզ սատանայից փրկագնելով՝ անմահություն ու անապականություն պարգևեց և Երկնքի Արքայության ժառանգորդ դարձրեց: Գողգոթայում մեր Տեր Հիսուս Քրիստոսն Իր սուրբ և անապական արյան հեղմամբ ողջ արարչագործությունը՝ աստվածային տնտեսությունը, նորոգեց, ուստի և մենք, կարմիր հավկիթը մեր ձեռքերի մեջ առնելով, հայտնապես մեր փրկությունն ենք ազդարարում: Հետևապես, ամենևին խրախուսելի չէ, որ հավատացյալ հայորդիները հարության, նորոգության և մշտնջենական կյանքի առարկայական խորհրդանիշ դարձած զատկական հավկիթները հեթանոսաբար այլ գույներով ներկեն£ Արդ, հավատարի՛մ մնանք մեր հայրերի ավանդույթին և զատկական հավկիթները ներկենք միմիայն կարմիր գույնով:
Վերջում հարկ ենք համարում նկատել, որ մեր ժողովրդի կենցաղում ևս մի սովորույթ է ընդհանրացել« որն անհարկի է ու անընդունելի. եթե ընտանիքում մինչև Սուրբ Զատիկ որևէ մեկը մահանում է, ապա այդ տանը ձու չի ներկվում, իսկ օջախի անդամներն էլ չեն մասնակցում Տիրոջ Սուրբ Հարության հոգենորոգ ուրախություններին (հիրավի, սա ոչ թե հանգուցյալի նկատմամբ հարգանքի արտահայտություն է« այլ անգիտության հետևանք): Մինչդեռ, քանի որ ձուն հարության« նորոգության ու կյանքի հավերժության խորհրդանշան է« առավելաբար պիտի ներկվի հենց հարազատին հուղարկավորած ընտանիքում՝ ի նշան ննջեցյալի հոգու անմահության և այն բարի հույսի, որ հարուցյալ Փրկչի ողորմությամբ ու գթությամբ իրենց արյունակից բարեկամը ևս հարություն է առնելու և արժանանալու արդարների հատուցմանը:
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ
ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ
Խաչիկ Եղոյան