ՀՀԿ խորհրդի նիստում, անդրադառնալով Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում նշանակելուն ու նրա առջև դրված աշխատանքային առաջնահերթություններին, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Կառավարության աշխատանքները կազմակերպվելու են ձեռքբերված հաջողությունները ներկայացնելու և դրանց վրա հիմնվելով առաջ գնալու, այլ ոչ թե նախկին կառավարությանը պախարակելու ճանապարհով, իսկ ավելի վաղ սկիզբ առած բարեփոխումները շարունակվելու են (խոսքը վերաբերում է նաև կենսաթոշակային համակարգի ներդրմանը):
Եթե նոր կառավարության գործունեության հիմքում ընկած են նույն սկզբունքներն ու առաջնահերթությունները, իսկ նախորդի կուրսը շարունակվելու է, ապա վարչապետի պաշտոնանկության հիմքում երկու պատճառ կարելի է տեսնել: Առաջին, իշխանությունը համոզված է, որ երկրի տնտեսական զարգացմանը կարող է հասնել այն ճանապարհով, որն ի սկզբանե դրվել էր կառավարության առաջ, սակայն նախկին վարչապետն ի վիճակի չէր դա իրականացնել ու իշխանությունը ստիպված էր կառավարչի փոփոխություն իրականացնել:
Երկրորդ, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին վերապահված էր անցումային վարչապետի դերակատարություն, իսկ այս փուլում, առկա մարտահրավերներին արդյունավետ լուծում կարող է առաջարկել Հովիկ Աբրահամյանը:
Բոլոր այն պնդումները, որ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը հետևանք էր, այսպես կոչված, արտաքին խաղացողների միջամտության, որոնք «դժգոհ էին վարչապետի գործունեությունից», անհիմն են, ոչ միայն այն առումով, որ նման թեզերի առաջ քաշման հիմքում ընկած են «մութ ուժերից» ստացված ազդակները, այլև առհասարակ, անհասկանալի է, Կրեմլի, Վաշինգթոնի կամ Մոսկվայի շահագրգռվածությունը Տիգրան Սարգսյանի հրաժարականի հարցում:
Նախագահի այն հայտարարությունը, թե «կադրային հարցերում վարչապետն ունենալու է բարձր աստիճանի ազատություն», նախևառաջ նշանակում է, որ նոր վարչապետի համար ապահովվում է առավելագույն պայմաններ' լուծելու իր առջև դրված խնդիրը, հակառակ դեպքում' նա ամբողջական պատասխանատվություն է կրելու կառավարության գործունեության հնարավոր ձախողման համար:
Նախագահը' ՀՀԿ խորհրդի նիստում հնչեցրած ելույթով կուսակցությունում նոր' առավել կոշտ խաղի կանոններ սահմանեց (որոշները վերահաստատեց), որոնցից կարևորագույնը' նախորդներին չպախարակելու դրույթն էր:
Անկախությունից ի վեր, յուրաքանչյուր նոր կառավարություն, փորձում էր իր ձախողումների ու դժվարությունների մեջ մեղադրել նախորդներին, որոնցից «բարդ ժառանգություն էր ստացել»:
Անկասկած, յուրաքանչյուր նոր կառավարության գործունեության վրա չի կարող իր ազդեցությունը չունենալ նախորդների աշխատանքը, սակայն հասկանալի է, որ ցանկացած գործիչ, պաշտոն ստանձնելիս, հաշվի է առնում այն իրողությունները, որի պայմաններում պատասխանատվություն է ստանձնում, մանավանդ, եթե խոսքը վարչապետի առանցքային պաշտոնի մասին է: Նախորդների ձեռքբերումներն օգտագործելը, իսկ ձախողումների քննադատությամբ ինքնակայանալը հարիր չէ կայացած գործչին:
Այս տեսանկյունից, նախորդներին չպախարակելու սկզբունքի ամրագրումը կարևոր է ոչ միայն ներիշխանական ինտրիգները նվազագույնին հասցնելու, այլև առհասարակ քաղաքական մշակույթի կայացման տեսանկյունից:
Կից հղումը՝ այստեղ
Տիգրան Աբրահամյան