2004 թվական, ապրիլի 12, էս ժամերին: Ժողովրդի ահռելի զանգվածն արդեն հասել էր Բաղրամյան պողոտա, մլիցեքի քաշած փշալարերի մոտ: Մի մասը քննարկում էր՝ մտնե՞նք, թե՞ չէ, Ալբերտ Բազեյանն էլ հայտարարում, հիվանդները կարող են տուն գնալ, մնացածները կպահեն պողոտան մինչեւ առավոտ: Բազեյանի ասելն ու պողոտայում առնվազն 50 հազարից մի 1-2 հազար ժողովուրդ մնալը մեկ եղավ:
Կեսգիշերին մոտ Բաղրամյանի լույսերն անջատեցին, մի քանի 100 մետրի վրա կանգնած մլիցեքի մեջ խլրտոց ընգավ, շատերս վստահ էինք որ հարձակվելու են: Ու հարձակվեցին, էն էլ ոնց հարձակվեցին:
Երկրորդ շարքում էի, որ ջրցանի ջրի շիթը ուղղվեց մեր վրա, առաջին շարքի կանգնածները դիմացան, մենք էլ՝ թեւ-թեւի տված կանգնած մնացինք: Մի քանիսը փայտեր ու դրոշակի կոթեր էին նետում: Հետեւից պայթյուններ լսեցի, դիմացից գալիս էին սաղավարտավոր մլիցեք: Մլիցեքից մեկը կանգնեց գետնին ընկած դրոշների վրա: «Արա, հո դու եզ չե՞ս»,- ասի ու հարվածներ ստանալով՝ ոտերի տակից քաշեցի ծվենների վերածված երկու դրոշները, խոթեցի կաշվից կուրտկիս մեջ:
Բազմությունը կիսվեց, մի մասը գոռալով սկսեց վազել, մի մասը՝ դանդաղ, իր վրա հարված ընդունելով, նահանջել: Գլխարկը կորցրած, ամեհի մի անասուն՝ զինվորական ֆորմով, մետրուկեսանոց դուբինկեն էր օդում ֆռռացնում ու տապալում ում տեսնում էր: (Հետո իմացա, որ պլաստիկե շշով իբր գլխին էին տվել, ու ցուցմունք էր տալիս էդ կենդանին իրեն քաշով ու հասակով մի քանի անգամ զիջող մի տղայի դեմ):
Խորհրդարանի դռների մոտ նահանջը արագացավ, ընկա... հայացքս թեքեցի վեր, տեսա Գեղամյանին՝ անտեր-անտիրական (իր թիկնապահներն ու կուսակիցները առաջիններից էին թռել՝ շեֆին մենակ թողնելով): Եսիմ ինչ էր ասում, որ դուբինկով կերավ դոշին (Էդ հետո էր ասում, թե իրեն էլեկտրաշոկ են տվել ու իշիազը, տո լի ուրիշ հիվանդություն բուժվել էր):
Հասցրի վեր թռնեմ, դեմս մի կարմիրբերետավոր հայտնվեց, մեր չաստի Կորյունն էր, որ տարիուկես մարդատեղ էի դրել չեղած տեղը:
-Կորյո՞ւն:
Ինչ Կորյուն, դուբինկով բերնիս: «Կորյուն, ես քո մերը...»,- ասի ու վազեցի ներքեւ: Ռետինե մի ռումբ պայթեց ոտերիս տակ: Ահավոր ցավ զգացի, ու խշշոց ականջներիս մեջ: Ահագին ժամանակ ոչինչ չեմ լսել: Մենակ հիշում եմ որ սեւ համազգեստով, դիմակավորված մի ոստիկան ինչ-որ բան ա գոռում, հետո թեւիցս քաշեց ու տարավ Իսահակյան փողոցի կողմ, լսողությունս մի քիչ բացվեց, «Ապեր, վազի էն կողմ ու թաքնվի»,- էդ ոստիկանն էր ինձ ասում՝ չթողնելով, որ լեշս փռեն:
Անցա Իսահակյանը, բայց վազեցի դեպի Մոսկովյան: Սարյանի արձանի հետեւի շենքի մոտ տեսա՝ մլիցեքը գրոհել են «Հանրապետություն» կուսակցության գրասենյակը, ջարդուփշուր են անում: Հասան, ինձ էլ խփին: Մեկը գոռաց՝ ես դրան ճանաչում եմ, սպանե՛ք: Չգիտեմ՝ ոնց, բայց մտա շենքի միջանցք, հարկերով վազելով բարձրացա մինչեւ 7-րդ հարկ...
Առավոտյան, երբ իջա, առաջին բանը որ արեցի, շենքի միջանցքում գտնվող հայելուն նայելն էր: Ոնց որ հենց նոր կոնցլագերից մի կերպ ազատված ռազմագերի լինեի: Նույնիսկ մարշուտկեքը չէին կանգնում, որ Ավան հասնեի: Կիսաբլած մի 06-ով հասա տուն, մերոնք դեռ չկային (հետո իմացա, որ գիշերը պապայի ոտքն ա կոտրվել Բաղրամյանում): Շենքի մոտ դիմացը գլխավոր մարքսիստը հելավ, ճանաչում էր: Հարցուփորձ արեց, ասեցի, թե ինչ ա եղել Բաղրամյանում: Լսելն ու մարքսիստի փախչելը մի վայրկյան չտեւեց...
Ապրիլի 12-ից հետո ուղիղ մի ամիս էլ թաքնվում էինք, ամեն օր մլիցեք մեր տուն էին գալիս, ինձ ու հորս էին հարցնում, գնում...
Մի շաբաթ հետո «Էրեբունի» հիվանդանոցում ոտքիս միջից երեք ռետինի կտոր հանեցին, ռումբից էր մնացել:
10 տարի ա անցել, բայց էդ դրոշները ես պահել եմ, կարել, արդուկել ու պահել...
Արտակ Եղիազարյան