Հայոց Ցեղասպանության ճանաչման հետ կապված Թուրքիան երկու հիմնական մտահոգություն ունի՝ արևմտահայությանը թուրքական իշխանությունների կողմից իրականացրած գործողությունների հետևանքով պատճառած բարոյական, ֆիզիկական ու նյութական վնասների փոխհատուցում տալու հեռանկարն է և ներկայիս Թուրքիայի տարածքի մի մասը կորցնելու հնարավորությունը: Եթե առաջին մտահոգությունն առավելապես կապված է սփյուռքահայության հետ, ապա երկրորդն ավելի շատ առնչվում է Հայաստանի Հանրապետության հետ: Թուրքական պաշտոնատարները հայկական պետական ու սփյուռքահայ շրջանակների հետ իրենց շփումները կազմակերպելիս, սովորաբար, ձգտել են միմյանցից տարանջատել այս երկու խնդիրները: Համենայնդեպս, թուրք դիվանագետների հետ ունեցած իմ շփումների փորձն ինձ իրավունք է տալիս ասելու, որ թուրքական կողմը հայ-թուրքական հարաբերությունների բնականոն զարգացման հիմնական խոչընդոտ է դիտարկում հենց սփյուռքահայությանը: Չեմ բացառում, որ նոր իրավիճակում էլ Թուրքիան կնախընտրի հարթել հենց Սփյուռքի հետ ունեցած խնդիրները՝ այդպիսով էապես նվազեցնելով նաև իր տարածքային բաղադրյալի համար առկա տեսական սպառնալիքը: Ներկայումս Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն այդ քայլի հնարավոր նյութական հետևանքները չեզոքացնելու նախապայմանով: Թուրքերը կարող են նաև մասնակիորեն վերադարձնել խլված գույքը և ճանաչել սփյուռքահայության՝ իր նախնյաց օջախները վերադառնալու իրավունքը, կատարվածի մեղքը բարդելով Երիտթուրքերի կառավարության վրա: Թուրք պաշտոնատարները մշտապես հայտարարել են, որ երրորդ կողմերի միջնորդությամբ հայերի կողմից Թուրքիայի վրա գործադրվող ճնշումներն անօգուտ են լինելու: Սենատի հանձնաժողովի կողմից ընդունված բանաձևը թեև խնդիրը դեռ չի բերում գործնական լուծման դաշտ, սակայն դրական սպասումների համապատասխան մթնոլորտ է ձևավորում հատկապես սփյուռքահայության շրջանում:Բանաձևի կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի մեղմ, անգամ լավատեսական, հնչերանգներ պարունակող արձագանքն, այս համատեքստում, միանգամայն ուշագրավ է: : Ես ինքս համոզված եմ, որ միայն հայ-թուրքական չմիջնորդավորված պաշտոնական շփումների ձևաչափն է ունակ նոր՝ փոխվստահության և երկարաժամկետ փոխընդունելի լուծումների համար նախադրյալներ ապահովել, սակայն դրական արդյունքներ գրանցելու համար անհրաժեշտ է քննարկումների համարժեք օրակարգ ունենալ:
Արման Մելիքյան