Ներկայիս մեր ժամանակները թերևս ապագա սերունդների կողմից կհամարվի ամենահակասականներից մեկը և ազգային և համաշխարհային հարթությունների վրա: Եթե քսաներորդ դարն աշխարհին <<պարգևեց>> երկու համաշխարհային պատերազմներ, բազմաթիվ տեղական պատերազմներ ու ռազմական <<թեժ գոտիներ>>, սակայն նաև աչքի ընկավ ընդգծված աշխարհիկացմամբ, հատկապես քրիստոնեական միջավայրում, ապա արդեն դարավերջից սկսած և ներկայիս քսանմեկերորդ դարի առաջին տասնամյակը նկատելի դարձավ ոչ միայն նախորդ դարից ստացած <<ժառանգության>> շարունակականությամբ, այլ նաև բերեց մի երևույթի ևս' կրոնը վերադարձավ քաղաքականություն: Սկսած Նյույորքյան <<երկվորյակների>> ահաբեկչությունից, համաշխարհային քաղաքական թատերաբեմի վրա վերստին սկսեց արդիական դառնալ ու շրջանառվել կրոնական բաղադրիչը և արդեն առկա բախումները սկսեցին դիտվել ոչ միայն քաղաքական, այլև կրոնական առճակատման համատեքստում: Սա իր էությամբ բավականին վտանգավոր երևույթ է: Կրոնական առճակատման պատմական փորձառությունը քրիստոնյաներիս համար այնքան էլ հուսադրող չէ: Խաչակրաց արշավանքները, որոնք տեղի ունեցան Միջնադարում, այլ բան չէին, քան ժամանակի քրիստոնեական աշխարհի կրոնական անհանդուրժողականության դրսևորման ամենափայլուն դրսևորումներից մեկը, որ դարձավ այնուհետև խարան Հռոմի կաթոլիկ Եկեղեցու ճակատին և մաքրվեց միայն այն բանից հետո, երբ Հռոմի լուսահոգի Հովհաննես Պողոս Բ Սրբազան Քահանայապետն համայն կաթոլիկ աշխարհի անունից ներողություն խնդրեց: Իսլամական միջավայրում կրոնական առճակատումը ընդգծվեց, երբ վերստին ասպարեզ նետվեց իսլամական ընդդեմ անհավատների Սրբազան պատերազմի' ջիհադի գաղափարախոսությունը:
Ակնհայտ է, որ այսօր էլ փորձ է արվում կրոնական բաղադիչը դարձնել քաղաքական նկրտումների շահարկման առարկա: Դժվար է ասել, թե որքանով են գնահատել այսօրինակ շահարկումների <<կնքահայրերը>> հնարավոր հետևանքներն ու զարգացումները, սակայն այն որ նման շահարկումները ինչպես անցյալում որևէ դրական բանի չեն հանգեցրել, այնպես էլ այսօր չեն հանգեցնի, պարզ է ու ակներև զուլալ ջրի նման: Կրոնական և ազգային պատկանելիությունը մարդ անհատի ամենազգայուն <<թելերն>> են իսկ դրանց շահարկումը կարող է մարդուն անհատապես և ամբողջական հասարակություններին հավաքականաբար, հանել կառավարելիության սահմաններից ու վերածել կամ գազանների կամ գազանների ոհմակների: Այս նկատառումը պետք է աչքի առաջ ունենալ ու ձգտել որպեսզի քաղաքական հակամարտություններում հնարավորինս բացակայեն կրոնական մոտիվացիաները: Այլապես չենք կարող բացառել, որ մերօրյա Խաչակրաց արշավանքը կամ Սրբազան պատերազմը ընդդեմ ահվատաների դառնա ճակատագրական:
Հարություն Հարությունյան