Ուկրաինայում տիրող ներքին պայքարի ֆոնին, մասնավորապես գործող իշխանությունների և ծայրահեղական «աջ սեկտոր» կուսակցության զինյալների միջև, ԵՄ-ն հանկարծ հիշել է, որ գոյություն ունի փետրվարի 21-ին կնքված համաձայնագիր: Խոսքն այն համաձայնագրի մասին է, որն ի դեպ կնքվել էր Յանուկովիչի և արդեն ներկայիս իշխանությունների միջև ԵՄ-ի, ինչպես նաև Ռուսաստանի միջնորդությամբ ուղղված Ուկրաինական քաղաքական ճգնաժամի կարգավորմանը: Ինչ խոսք, հիշելը հիշել են, սակայն յուրովի, ասել է թե համաձայնագրի այն մասը, որն իրենց ներկա դրությամբ ավելի ձեռնտու է:
Տեսեք բանն այն է, որ ըստ այդ համաձայնագրի, ամեն ինչից զատ, պետք է նաև քայլեր ձեռնարկվեին զինաթափելու բոլոր այն մարդկանց, ովքեր կրում էին անօրինական զենք, իսկ այդպիսի մարդկանց պակաս չէր զգացվում ինչպես նախահեղափոխական շրջանում, այնպես էլ' պոստհեղափոխական: Այժմ ինչպես գիտեք Ուկրաինայի ներկայիս իշխանություններն ի դեմս ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի սկսել են իսկական որս կոնկրետ «աջ սեկտոր»-ի նկատմամբ, քանի որ հիմնականում անօրիանական զենք կրողները հենց այդ կուսակցության զինյալներն են: Այս կապակցությանբ, երեկ Գերագույն Ռադան նույնիսկ որոշում ընդունեց անմիջապես զինաթափել վերընշված կատեգորիային պատկանող մարդկանց:
Հիմա եկեք վերադառնանք նրան, թե կոնկրետ ինչ ուղերձ են հղել ԵՄ երեք այն արտգործնախարարները, որոնք ուղղակի մասնակցություն են ունեցել փետրվարյան համաձայնագրի կնքման գործում և ինչ պատասխան է դրան տվել Ռուսաստանը: Այսպիսով Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի համապատասխան բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ Ուկրաինայի իշխանություններեը պետք է հետևեն փետրվարի 21-ին կնքված փաստաթղթին և օր առաջ զինաթափեն բնակչությանը և վանեն իրենցից ծայրահեղական խմբավորումներին: Սրան ի պատասխան Ռուսաստանի ԱԳՆ-ն էլ տարածել է հայտարարություն և կարծիք հայտնել, որ նախարարների եռյակը փաստացի հաստատել է փետրվարյան համաձայնագրի կենսունակությունը և հասկացել, որ առանց Ռուսաստանի հետ համագործակցության հնարավոր չէ լուծել Ուկրաինական ճգնաժամը:
Ինքս մասամբ համաձայնեմ Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության հետ: Այն որ Ուկրաինական ճգնաժամը առանց Ռուսաստանի մասնակցության պարզապես չի կարող լուծվել ակնհայտ է, բայց ինչ վերաբերում է փետրվարյան համաձայնագրի կենսունակությանը, կարծում եմ Ռուսաստանը մի քիչ չափազանցնում է: Եռյակից ոչ մեկը ոչ մի դեպքում չի խոսել այդ համաձայնագրի բոլոր կետերի մասին: Նրանք կոնկրետ մատնանշել են իրենց համար նպատակային և ձեռնտու կետերը' ասել է թե դրսևորելով դասական երեսպաշտություն: Այնպես որ առայժմ Ուկրաինական ճգնաժամի լուծման ուղղությամբ Արևմուտքի կողմից ոչ մի հստակ կառուցողական մոտեցում ես չեմ տեսնում:
Հայկ Թամրազյան