Հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին իր կյանքի ճակատագրական քայլն արել է բավական ուշ' 31 տարեկանում: Եվ այն էլ այնքան անսպասելի ու արագ է տեղի է ունեցել, որ ակամայից հավատում ես սիրուն առաջին հայացքից: Մեծ ծովանկարչին ճանաչողներից շատերն էին մնացել զարմացած: Ինքն Այվազովսկին խոստովանում է' «Ես ամուսնացա, քանզի սիրահարվեցի' ինչպես երբեք»:
Պետերբուրգի ազնվական ընտանիքի մի այրի Այվազովսկուն առաջարկում է նկարչություն դասավանդել իր երկու աղջիկներին, որոնք արդեն հասել էին ամուսնության տարիքի: Նրանց մայրը դեմ չէր Այվազովսկու թեկնածությանը: Այդ նպատակով հաճախ երաժշտական և նկարչական երեկոներ էր կազմակերպում, որին մասնակցում էր նաև աղջիկների անգելերենի ու երաժշտության դաստիարակչուհին' շոտլանդուհի լութերադավան մի օրիորդ: Պատկերացնու՞մ եք' ինչքան մեծ էր բոլորի զարմանքը, երբ Այվազովսկին հանկարծ առաջարկություն արեց ոչ թե ազնվական օրիորդներից մեկին, այլ դաստիարակչուհի Ջուլիա Գրեվսին: Շուտով նրանք մեկնում են Ղրիմ: Ամուսնությունը կատարվում է Ղրիմի հայոց եկեղեցում' հայկական ազգային սովորույթներին համաձայն:
Պսակադրությունն իսկապես բանաստեղծական էր. եկեղեցուց նորապսակ հարսին տուն էր տանում ծաղիկներով զարդարված կառքը: Սակայն ճանապարհին անտառից դուրս են գալիս լեռնեցիները և կանգնեցնում հարսանեկան թափորը: Ավազակախմբի առաջնորդը մոտենում է կառքին, իջնում ձիուց, բացում կառքի դռնակը, հանդիսավորությամբ գլուխ տալիս և շնորհավորում նորապսակներին: Այնուհետև հարսի ծնկներին է դնում մի թաշկինակ, երկուսին էլ մաղթում երջանկություն և իր թիկնապահ հեծյալների հետ անհետանում: Դա լեգենդար Շամիլն էր, կովկասյան լեռների արծիվը: Շամիլի ասպետական արարքը հետագայում ոգեշնչեց Այվազովսկուն նկարել Անդրկովկասի լեռնային բնապատկերների մի շարք:
Ջուլիա Գրեվսի հետ ամուսնությունը անսահման երջանկացնում է Այվազովսկուն: Սիրահարված նկարիչը իր ընկերոջը գրում է. «Շտապում եմ պատմել քեզ իմ երջանկության մասին: Ես այնքան երջանիկ եմ, որ երբեք չէի կարող պատկերացնել նույնիսկ դրա կեսը»: Այվազովսկին աշխատում էր ոգևորված, կլանված, առավել եռանդով, մի խոսքով' ինչպես երբևէ: Կյանքի վերջում նա խոստովանեց' «Իմ լավագույն կտավները ծնվել են ամուսնությունից հետո...»: