Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան հայտարարել է, որ «Ուկրաինան չի ընդունում Ղրիմի հանրաքվեն և դրա արդյունքները, քանի որ այդ գործընթացը խախտում է Ուկրաինայի սահմանադրությունը»:

Փորձենք Սահմանադրության գերակայության հարցին մոտենալ այլ տեսանկյունից' դիտարկման մեջ չդնելով Ղրիմում կայացած հանրաքվեի' ուկրաինական սահմանադրությանը համապատասխանել-չհամապատասխանելու հանգամանքը:

Առաջին հարցադրումը, որ առաջ է գալիս հետևյալն է. արդյո՞ք ուկրաինական սահմանադրության մեջ տեղավորվում էր այն գործընթացը, ինչը տեղի էր ունենում «Մայդանում»' գործընթացի մեկնարկից մինչև այժմ:

Արդյո՞ք աջ սեկտորի ներկայացուցիչները, ուկրաինական սահմանադրության դրույթներից ելնելով էին ծեծում, ստորացնում, աշխատանքից ազատում տարբեր չինովնիկների, ապա տեղում նշանակում կադրեր' բացառապես իրենց հայեցողության:

Հարցադրումների շարքը բավականին երկար է: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում խոսում է այնտեղ պետության բացակայության մասին: Այս պարագայում զավեշտալի է, երբ ուկրաինացի դիվանագետներն ու քաղաքական գործիչները հղումներ են անում երկրի Սահմանադրությանը:

Այսօր դժվար է Ուկրաինայում գտնել մի գործընթաց, որը տեղավորվում է ուկրաինական սահմանադրության տիրույթում:

 

 

Տիգրան Աբրահամյան