ՀՀ կառավարությունում սեպտեմբերյան հայտնի խորհրդակցության ժամանակ, երբ նախագահ Սերժ Սարգսյանը «ատկատների» թեմայով կառավարության անդամներին պարզապես հրապարակային մեղադրանքներ հնչեցրեց, շատերը այդ փաստը համարեցին վարչապետին ցույց տրված դեղին քարտ: Սերժ Սարգսյանը պնդում էր, ինքը չորս տարի պահանջում է վերացնել պետական գնումների ոլորտում առկա չարաշահումները, և կառավարությունը իր վարչապետի գլխավորությամբ բավականաչափ ջանք չի ներդրել ոլորտում իրավիճակը շտկելու համար: Մինչդեռ Սերժ Սարգսյանը մեղավորներին պատժելու, խոշորին գլխից բռնելու հանձնարարական էր տվել:
Ինչ արվեց այս ընթացքում՝ նախագահի հանձնարարականները կատարելու ուղղությամբ: Թվում էր, որ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայելու և փորձելու է Սերժ Սարգսյանին համոզել, որ ստացած հրապարակային ապտակից հետո ամենօրյա ջանքեր է գործադրելու, որպեսզի արձանագրված երևույթների վերացումը տեսանելի լինի հասարակության համար: Սակայն հայտնի խորհրդակցությունից անցել է երկար ժամանակ և սայլը տեղից չի շարժվել: Փաստորեն, Տիգրան Սարգսյանը զղջացող հայացքով նախագահին նայելուց բացի որևէ քայլ չի կատարել՝ վերջինիս կոշտ հանձնարարականը կատարելու ուղղությամբ: Սա նշանակում է, որ վարչապետը կամ չի կարողանում, կամ չի ցանկանում վերացնել առկա խնդիրները: Երկու դեպքում էլ նա պարզապես պետք է հրաժարական տար:
Կարծում եմ, որ յուրաքանչյուր իրեն հարգող վարչապետ այսքան ձախողումներից հետո ինքնակամ հրաժարական կտար:
Վանիկ Էլիզբարյան