Մոսկվան երկընտրանքի առջև է. Մերձդնեստրը ցանկանում է միանալ Ռուսաստանին

Ղրիմի օրինակը կարծես վարակիչ է դառնում այլ չճանաչված հանրապետությունների համար: Ռուսաստանին միանալու հերթում կանգնած հաջորդ երկիրը, ըստ երևույթին, Մերձդնեստրն է: Այսօր պարզ դարձավ, որ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Միխայիլ Բուրլան խնդրանքով դիմել է իր պաշտոնակից, Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին դիտարկել չճանաչված հանրապետության՝ Ռուսաստանի կազմում ներառվելու հարցը: Բուրլան իր ռուս գործընկերոջը հիշեցրել է, որ դեռ 2006-ին Մերձդնեստրում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում Ռուսաստանին միանալու օգտին քվեարկել է ընտրողների 97,2 տոկոսը: Այնուհետև նշել է, որ հանրապետության տարածքում բնակվում է ավելի քան 200 հազար ռուսաստանցի և ռուսերենը համարվում է երկրի պետական լեզուներից մեկը:

Հիշեցնենք, որ Մերձդնեստը պոստ սովետական տարածքում հայտնված հերթական չճանաչված հանրապետություններից է, ինչպիսիք են Արցախը, Աբխազիան, Հարավային Օսիան և այլն: Այս երկրամասը 90-ականներին անջատվեց Մոլոդովայից և գրեթե ամբողջությամբ հայտնվեց Ռուսաստանի ազդեցության տակ:

Բանն այն է, որ սա կարող է դառնալ բավական լուրջ գլխացավանք Ռուսաստանի համար: Այսօրվա դրությամբ ռուսները դեռ պետք է կարգին մարսեն Ղրիմի միացումն իրենց, որպեսզի հետո կարողանան մտածել այլ տարածքների մասին: Ուկրաինայի ճգնաժամը ոչ միայն դեռ չի ավարտվել, այլև գնալով ավելի է թեժանում: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սպառնացել է Ռուսաստանին ասելով, որ Եթե Ռուսաստանը շարունակի իր ներկայիս կուրսը, աղետ միայն Ուկրաինայի համար չի լինի: Վերջինիս խոսքերով դրանով Ռուսաստանն ինքն իրեն կվնասի՝ և քաղաքականապես, և´ տնտեսապես»: Այս առումով Ֆրանսիան ավելի հեռուն է գնացել. Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը Ռուսաստանին «ռազմական պատասխանով» է սպառնացել՝ Ղրիմում գործողությունների համար: Մինչդեռ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ասել է,որ Եվրատլանտյան դաշինքը դադարեցնում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Թե ինչպես նման պայթյունավտանգ իրավիճակում Ռուսաստանը կհամարձակվի Մերձդնեստրը միանցել իրեն, չգիտեմ: Բայց մյուս կողմից Ռուսաստանը այս օրերրին բոլոր մակարդակներով հայտնում է իր աջակցությունը ժողովուրդների կամաարտահայտման իրավունքին, հետևաբար մի քիչ երեսպաշտի տպավորություն չի՞ թողնի արդյոք այդ երկիրը, եթե առնվազն «չխոստանա դիտարկել Մերձդնեստրի' Ռուսաստանին միանալու հարցը»: Կարծում եմ կթողնի, բայց նաև համոզված եմ, որ ավելի լավ է երեսպաշտություն անել այնպես ինչպես ամբողջ աշխարհն է արել և շարունակում անել, քան պատերազմել Արևմուտքի հետ:

Այտեղ, սակայն, կարել է հաշվի առնել նաև մեկ այլ հանգամանք: Չի բացառվում, որ Մերձդնեստրի իշխանությունների այս նախաձեռնության սցենարը իրականում մշակված լինի Կրեմլի կողմից: Ով գիտե, գուցե սա նախազգուշացում է, որ եթե Մոլոդովան հանկարծ որոշի ի վերջո ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը, որն ի դեպ նախատեսված է ստորագրել այս տարի, ապա ընդմիշտ կմոռանա Մերձդնեստրի մասին: Ասեմ ավելին, չի բացառվում, որ մոտ օրերս նման «նախաձեռնություններ» լսենք նաև Հարավային Օսիայից և Աբխազիայից'Թբիլիսիին ճնշելու նպատակով, քանի որ այդ երկիրը ևս պատրաստվում է այս տարվա ամռանը ստորագրել ԵՄ-ի հետ «չարաբաստիկ» այդ պայմանագիրը:

Թերևս այլ ելք չկա քան սպասելն է դեպքերի զարգացմանը, բայց այնուամենայնիվ վերադառնալով Մերձդնեստի խորհրդարանի խոսնակի' Ռուսաստանին ուղղված խնդրանքին, պետք է ասել, որ եթե սա ռուսների սցենարը չէ, ապա վստահաբար Ռուսաստանը չի շտապի արագ քայլեր ձեռնարկել և առավելևս օր առաջ բավարարել այդ երկրամասի ժողովրդի «կամքը» միանալ իրեն:

 

 

Վազգեն Ղազարյան