Ղրիմի հանրաքվեն այլևս անցյալում է: Քվեարկությունը տեղի ունեցավ երեկ, որին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող ղրիմցիների շուրջ 85%-ը, որից շուրջ 93%-ը քվեարկել է Ռուսաստանին միանալու օգտին: Մի խոսքով կարելի է արձանագրել, որ Ռուսաստանը Ղրիմի հարցը լուծեց: Երեկ, երբ դեռ նույնիսկ չէր ավարտվել քվեարկությունը Ռուսաստանի քաղաքական-փորձագիտական դաշտը կասկած անգամ չուներ դրանց արդյունքների վերաբերյալ: Նրանց խոսակցության հիմնական թեման այլևս ոչ թե Ղրիմն էր, այլ Ռուսաստանի հետագա գործողությունները Ուկրաինական ճգնաժամի շրջանակներում: ՌԴ խորհրդարանական բոլոր խմբակցությունները ակնարկում էին, որ Ղրիմի օրինակը կարող է և պետք է դառնալ ուղեցույց Ուկրաինայի հարավի և հարավ-արևելքի համար: Սակայն այդ հարցում առկա են որոշ նրբություններ, որոնք ըստ ինձ արժանի են ուշադրության:

Բանն այն է, որ Ուկրաինայի հարավային և արևելյան շրջանների և Ղրիմի միջև գոյություն ունի բավականին մեծ տարբերություն, որպեսզի այդ շրջանները կարողանան գործել նույն սկզբունքով և անջակտվեն Կիևից:

Առաջին հերթին պետք է հաշվի առնել վարչաքաղաական բաժանումներում առկա տարբերությունները: Ղրիմը, որպես այդպիսին, մինչ ինքնորոշվելը Ուկրաինայի սահմանադրության համաձայն օժտված էր ինքնավար հանրապետության կարգավիճակով: Այդ իսկ պատճառով երկրամասին շատ ավելի հեշտ էր կոնսոլիդացվել և արտահայտել միասնական դիրքորոշում հետագա անելքիների վերաբերյալ ի տարբերություն Ուկրաինայի մնացած շրջանների, որոնք այդ հիմքը առայժմ չունեն: Երկրորդ հանգամանը, որը պետք է հաշվի առնել այն է, որ Ղրիմում ռուսները և առավելևս ռուսալեզու բնակչությունը կազմում էր և կազմում է թերակղզու բնկաչության բացարձակ, գերակշիռ մեծամասնությունը, իսկ հարավային շրջաններում ռուսների և ռուսախոսների (նկատեք ես տարանջատում եմ ռուսներին և ռուսախոսներին, քանի որ տվյալ շրջաններում, առկա են տարբեր ազգություններ, որոնց առօրյա օգտագործման լեզուն ռուսերենն է) թիվը թեև ավելի շատ է քան մնացած ազգություններինը, բայց այնուամենայնիվ տոկոսային հարաբերակցությամբ այնքան շատ չէ, որքան որ Ղրմում է, էլ չեմ ասում' Սևոստոպոլում:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ անկախ ամեն ինչից տվյալ շրջանները ևս ունեն իրավունք անցկացնել հանրաքվեներ' որոշելու իրենց ապագա կարգավիճակը: Հանրաքվեների անցկացումը բնավ չի նախատեսված միայն հատուկ կարգավիճակ և ունիտար բնակչություն ունեցող շրջանների համար: Միջազգային իրավունքը նախատեսում է, բոլոր ժողովուրդների, ինչպես նաև կոնկրետ տարածքներում ապրող բնակչության համար իրավունք' տնօրինել սեփական, ինչպես ներթին, այնպես էլ արտաքին հարաբերությունները: Պարզապես այն զուգահեռների նպատակը, որ քիչ առաջ անցկացրեցի Ղրիմի և մնացյալ հարավային և արևելյան շրջանների միջև այն է, որ այդ վայրերում ապրող մարդկանց համար մի փոքր ավելի դժվար կլինի ինքնակազմակերպվել և հետևել Ղրիմի օրինակին:

Այնպես որ կարծում եմ, եթե Ռուսաստանը ակնարկում է այլ, պայմանականորեն ասած ռուսախոս շրջաններին ևս ըմբոստանալ կենտրոնական իշխանությունների դեմ, ապա այդ երկրի կողմից անհրաժշտ կլինի շատ ավելի մեծ ներգրավվածություն քան, որ ցուցաբերվեց Ղրիմում: Ամենայն հավանականությամբ Ռուսաստանի գորոծղություններում շատ բան պարզ կդառնա առաջիկա օրերին, քանի որ դեպքերը Ուկրաինայում զարգանում են շատ արագ և որաշակի հարցերում հապաղելը կարող է լինել անդառնալի:

 

 

Հայկ Թամրազյան