Մայրենիի օրվա առթիվ:
Հայերենի անաղարտության պահպանման և զարգացման գործում Պարույր Սևակի նախանձախնդիր ու հետևողական վերաբերմունքը ոչ միայն արտահայտվել է նրա ստեղծագործություններում և հրապարակային ելույթներում, այլև շատ անգամներ գործնական դրսևորումներ է ունեցել: Այս իմաստով հիշատակման է արժանի կեսդարյա վաղեմություն ունեցող մի դրվագ, որի մասին այսօր քչերն են հիշում, թեև ժամանակին այն լայն արձագանք գտավ: Խոսքը բանաստեղծի ընդվզումն էր հայոց լեզվի դպրոցական մի դասագրքի դեմ: Այդ առիթով Սևակը հրապարակեց «Արժեքավո՞ր, թե՞ խոտելի դասագիրք» վերնագրով ընդարձակ մի հոդված, որը լույս տեսավ 1964 թ. փետրվարի 7-ին: Մեջբերենք մի քանի հատվածներ այդ հոդվածից:
Սևակը գրում էր. «…Տասնամյակներ շարունակ մեր դպրոցներում մայրենի լեզու էր դասավանդվում պրոֆ. Ա. Ղարիբյանի դասագրքով: Դասագիրքը զերծ չէր թերություններից: Գործում էր նաև «հոգեբանական ազդակը». ուսուցիչներն ու աշակերտները «հոգնել էին» բազմիցս վերամշակվող ու վերահրատարակվող միևնույն դասագրքից, ուստի բնական ու խրախուսելի էր լուսավորության մինիստրության հայտարարած մրցանակաբաշխությունը՝ հայոց լեզվի նոր ու կատարյալ դասագիրք ստեղծելու նպատակով:
Մրցանակի արժանացավ Ահարոն Գրիգորյանի հեղինակած դասագիրքը, որ և հանձնվեց 5-7-րդ դասարանների աշակերտությանը: Չուշացան նաև գրախոսությունները: «Չուշացան»-ը այն բառը չէ, որովհետև եթե դասագիրքը տպագրության է ստորագրվել 1963 թ. օգոստոսի 22-ին, ապա առաջին գրախոսությունն էլ տպարան է գնացել ոչ թե դասագրքի լույս տեսնելուց հետո, այլ… դասագրքից ընդամենը 5 օր անց: Վերնագիրն էլ՝ պերճախոս. «Արժեքավոր դասագիրք» (տես «Սովետական մանկավարժ», հմ. 9, 1963 թ., էջ 88-92):
Մասնագիտական մամուլն իր խոսքն ասաց ու պրծավ, բայց… չպրծան 5-7-րդ դասարանների աշակերտներն ու իրենց ուսուցիչները: Իսկ մեր սիրելիների սիրելի՞ն՝ մեր մայրենի՞ն: Այս մայրենին է ահա , որ չի ուզում սպասել մինչև ուսուցչական « տարեվերջի կոնֆերանս» կամ մինիստրության համապատասխան մասնաժողովի նիստ և շտապում է ասել իր խոսքը:
Ա. Գրիգորյանի դասագիրքը (որ այսուհետև պիտի կոչենք Նոր դասագիրք) բնավ էլ չի համապատասխանում այն դրվատանքներին, որոնցով լեցուն է, դիցուք, «Սովետական մանկավարժի» գրախոսությունը: Ոչ աշակերտները, ոչ էլ ուսուցիչները կհաստատեն թե ստացել են «հիրավի արժեքավոր մի դասագիրք՝ լեզվական բարձր ճաշակի և քերականական գիտելիքների պատշաճ մակարդակով»:
Կգտնվեն շահագրգռված մարդիկ, որոնք կաշխատեն «պնդել» ինչ-ինչ առավելություններ այս Նոր դասագրքում, բայց մենք նպատակ ունենք ցույց տալու այն աղաղակող թերություններն ու սխալները, որ ստիպում են երանությամբ հիշել Հին դասագիրքը (այսպես պիտի կոչենք Ա. Ղարիբյանի դասագիրքը)…»:
Այնուհետև հեղինակը խիստ մանրակրկիտ դիտարկում է դասագրքի բոլոր բաժինները, մատնացույց անում սխալներն ու վրիպումները, իսկ վերջում ավելացնում է. «… Բայց ինչպե՞ս չանդրադառնաս Հայկական ՍՍՌ լուսավորության մինիստրության մրցանակաբաշխության ժյուրիին (այսինքն՝ հանձնաժողովին կամ մասնաժողովին), և կամաց, շատ կամաց չհարցնես. «Այս դասագրքին մրցանակ շնորհելիս ինչո՞վ էիք զբաղված….»:
Ժյուրին կարող է պատասխանել «Սովետական դպրոց»-ի վերջին գրախոսի այն խոսքին, թե այս դասագրքի «մուտքը մեր դպրոցներ կարելի է միայն ողջունել»: Ժյուրի կարող էր պատասխանել նաև «Սովետական մանկավարժ»-ի գրախոսի խոսքով. «Ա. Գրիգորյանի «Հայոց լեզվի դասագիրքը» լավագույն նվեր է իր զարգացման նոր շրջանն ապրող սովետահայ դպրոցին»: … Եվ վերջապես, ինչպե՞ս չդիմես պրոֆ. Գուրգեն Սևակին, որի անունն էլ մեծ- մեծ տառերով զարդարում է Նոր դասագրքի անվանաթերթը:
Պրոֆ. Գ. Սևակը կարդացե՞լ է արդյոք իր խմբագրությամբ լույս տեսած այս դասագիրքը: Մենք գիտակցում ենք, որ այս հարցին պատասխանելը փոքր-ինչ ավելի է դժվար, նույնիսկ այս գրքի խմբագրումը, որովհետև եթե չի կարդացել, հապա ինչո՞ւ է ստորագրել մեծատառերով, իսկ եթե կարդացել է, ուրեմն…
Այս «ուրեմն » էլ կթողնենք պրոֆ. Գ. Սևակին ի լրացումն, իսկ մենք չենք կարող չսկսել նոր տողից և չլրացնել մեր միտքը.
Հայոց լեզուն որբի գլուխ չէ, որ նրա վրա վարսավիրություն սովորեն: Կարելի է թեթևամիտ լինել սեփական գործի, սեփական կյանքի ու գլխի հանդեպ, բայց ոչ հանրային գործի, ազգային կյանքի ու սրբության: Անպատասխանատվությունը սահման ունի, որից անց արդեն կոչվում է հանցագործություն, մի հանցագործություն, որի դատապարտման համար պետք չեն դատավոր ու դատախազ, որովհետև այս երկուսը հանդես են գալիս միասնաբար՝ Ժողովուրդ անունով և Ազգ ազգանունով…»:
Նշենք, որ այս նյութի համահեղինակն էր նաև Երևանի Մ. Գորկու անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Լ. Փարսադանյանը, թեև բոլորն էլ հասկանում էին, որ վաստակաշատ մանկավարժի անունը հոդվածի վերջում նշված էր սոսկ այն բանի համար, որպեսզի հարգվեր մանկավարժների տեսակետի հիշատակման հեղինակային իրավունքը և ընդգծվեր, որ Սևակը խորհրդակցել էր ոլորտը ներկայացնող մասնագետի հետ:
Հոդվածի հրապարակումից հետո բուռն քննարկումներ ծավալվեցին ինչպես մամուլի էջերում, այնպես էլ ուսուցչական կոլեկտիվներում: Որպես այս ամենի հանրագումար նույն տարվա ապրիլի 19-ին Հայկական ՍՍՀ լուսավորության մինիստրությունը հրապարակեց մի հաղորդագրություն, ուր ասվում էր. «Հայկական ՍՍՀ լուսավորության մինիստրության կոլեգիան, լսելեով և քննարկելով մինիստրության կողմից կազմված հանձնաժողովի նախագահ պրոֆ. Էդ. Աղայանի զեկուցումը հայկական դպրոցների 5-7-րդ դասարանների հայոց լեզվի դասագրքի (հեղինակ՝ Ա. Գրիգորյան) մասին, նշում է, որ այդ դասագիրքն ունի լուրջ սխալներ ու թերություններ և չի համապատասխանում հայոց լեզվի ուսուցման պահանջներին: Կոլեգիան որոշում է.
1. Գործածությունից հանել Ա. Գրիգորյանի հայոց լեզվի դասագիրքը՝ 5-7 դասարանների համար:
2. Կազմել հեղինակային կոլեկտիվ' ստեղծելու հայոց լեզվի նոր դասագիրք հայկական դպրոցների 5-7 դասարանների համար»:
Այսօր Սևակի կյանքին առնչվող այս դրվագի վերհիշումը պատահական չէր: Երկար ժամանակ է, որ մենք ճիշտ հակառակ իրողության ականատեսն ենք: Տարիներ շարունակ ուսումնական հաստատություններին են պարտադրվում թերի, անգրագետ ձեռնարկներ ու դասագրքեր, մանկավարժներն ու լեզվաբանները ահազանգում են դրանց մասին, բայց ինքս չեմ հիշում որևէ դեպք (եթե սխալվում եմ' ուղղեք), որ այդ դասագրքերից որևէ մեկը դուրս բերվի շրջանառությունից:
© Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ