Ինչքան ցավ պատճառեց պատերազմը: Քանի՜ տարի է անցել, բայց ցավն ու դառնությունը այսօր էլ մարդկանց սրտերում են:

Շիրակի մարզի Փանիկ գյուղում ծնված Անդրանիկ Մուրադյանը մեկն է մեր այն հազարավոր նվիրյալ քաջորդիներից, որ հայրենիքի խաղաղության համար նվիրաբերեց ամենաթանկը՝ կյանքը:

Երիտասարդ կնոջ խնամքին թողնելով երկու փոքրիկ որդիներին՝ Պետրոսին ու Արթուրին, մեկնեց կռվի դաշտ… Հերոս քաջորդին զոհվեց 1994թ. ապրիլի 28-ին, Թալիշ գյուղում մղվող մարտերից մեկի ժամանակ:

…Մեծացել են Անդրանիկ Մուրադյանի զավակները ու ժառանգել են իրենց հոր քաջ եւ հայրենասեր ոգին: Պարզ ու շիտակ, ուսումնատենչ, առաքինի եւ ազնիվ երիտասարդներ են:

-Ես 3 տարեկան էի, եղբայրս՝ Արթուրը՝ 2, երբ հայրս զոհվեց,- հիշում է Անդրանիկ Մուրադյանի ավագ որդին՝ Պետրոսը: -Հայրիկիս աղոտ, շատ աղոտ եմ հիշում, նրա կերպարն ինձ համար ամբողջանում է հարազատների պատմածների հիման վրա, սակայն մանկությանս հիշողությունների մեջ մի դրվագ է հատկապես դրոշմվել, տպավորվել: Այդ օրը այնքան շատ մարդ էր մտնում մեր տուն: Տխուր փաթաթվում էին ինձ, փաղաքշում եղբորս ու լալիս էին: Ես նայում էի նրանց արցունքոտ աչքերին ու զարմանում. գիտեի՝ արցունքը միայն փոքրերի համար է…

Հայրիկիս հուղարկավորության օրն էր… Հետո, երբ մի քիչ մեծացա, իմացա, որ հայրս զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ, կռվել է ադրբեջանցիների դեմ, որ նրանք չհամարձակվեին մտնել մեր հողը, մեր տունը… «Հայրդ հերոս է»՝ ասում էին ինձ մարդիկ, ու ես անչափ հպարտանում էի, որ քաջ հայր եմ ունեցել: Երբ մի քիչ էլ մեծացա, հասկացա, որ միայն հայրս չէր հերոս, հերոս էր նաեւ մայրս, որ կարողացավ այդ դժվար, անասելի ծանր ու դաժան ժամանակներում զավակներին մեծացնել, հասցնել նպատակներին (մեկ-մեկ մտածում եմ՝ տեսնես կկարողանա՞մ մորս վերադարձնել նրա արածի գեթ մի մասը):

Խիստ էր մայրս, ու հիմա եմ հասկանում, թե ինչու մայրս իր բաժին բարությանը մի քիչ էլ խստություն էր խառնել, որ հորս պակասը չերեւար, երկու տղա մեծացնելը կատակ չէ…,- ժպտում է Պետրոսը ու շարունակում:- Դպրոցում ես էլ, եղբայրս էլ լավ էինք սովորում: Մայրս ամեն ինչից իրեն զրկելով' անում էր այնպես, որ մենք ոչնչի կարիք չունենայինք: Հիշում եմ, այն ժամանակ մեզ համար համակարգիչ գնեց, թանկ հաճույք էր այդ ժամանակների համար, բայց անհրաժեշտություն էր, ու մայրս առանց մեկ վայրկյան տատանվելու գնեց, աշխատում էր ամեն ինչ անել, որ հորս բացակայությունից չխեղճանայինք, իսկական տղամարդ դաստիարակվեինք…

շարունակությունն` այստեղ

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ