Ալեքսանդր Մակեդոնացին (Մակեդոնիայի թագավոր մ. թ. ա. 336–323 թթ.) զորավար էր, պետական գործիչ: Նրա ստեղծած տերությունը ձգվում էր Միջերկրական ծովից մինչև Հնդկական օվկիանոս:
Ալեքսանդրին կրթել ու դաստիարակել է հույն փիլիսոփա Արիստոտելը, իսկ ռազմական պատրաստությունն անցել է հոր՝ Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս II-ի ղեկավարությամբ: Ալեքսանդրը եղել է խելացի, խորաթափանց, աչքի է ընկել համառ կամքով ու քաջությամբ: Հոր' Փիլիպոս 2-ի սպանությունից հետո ինքն է տիրում գահին: Նրան վիճակված էր դառնալ համաշխարհային պատմության նշանավոր և առեղծվածային դեմքերից մեկը:
Ալեքսանդրը կանչում է հունական բոլոր պետությունների ղեկավարներին և առաջարկում պատերազմ հայտարարել պարսիկներին: Հույներին մնում էր միայն համաձայնվել: Երիտասարդ թագավորը ստեղծեց 30000 հետևակային և 5000 հեծյալ ունեցող, կազմակերպված ու հմուտ բանակ: Նա հասկանում էր, որ ծրագրած արշավանքը չափազանց համարձակ քայլ էր. Պարտությունը կհանգեցներ Մակեդոնիայի վախճանին: Նա մշակել էր շրջանցման, շրջափակման զորաշարժերի մարտավարությունը: Մակեդոնական բանակի սպառազինությունն նույն էր, ինչ հունական բանակներինը: Մակեդոնական փաղանգի տարբերակիչ առանձնահատկությունն այն էր, որ նիզակները շատ երկար էին: Մ.թ.ա. 334 թ-ին հունա-մակեդոնական զորքով անցել է Հելլեսպոնտոսը (ներկայիս Դարդանելը) և մայիսին Գրանիկոն գետի մոտ պարտության մատնել պարսիկներին: Թեև մարտի սկզբում մակեդոնացիների զորքերն անբարենպաստ վիճակում էին հայտնվել, սակայն պարսիկները չկարողացան դիմակայել նրանց կատաղի գրոհներին: 333թ-ի աշնանը Պարսից արքա Դարեհ III-ը փորձել է Իսոս քաղաքի մոտ դիմադրել Ալեքսանդրի զորքին, սակայն կրկին պարտվել ու փախել է: 332 թ-ին, գրավելով բոլոր նավահանգիստները, Մակեդոնացին պարսկական նավատորմին զրկել է հենակետերից և իր տիրապետությունը հաստատել ծովում: Մ. թ. ա. 332–331 թթ-ի ձմռանն առանց դիմադրության գրավել է Եգիպտոսը, և քրմերը նրան պաշտոնապես ճանաչել են Եգիպտոսի թագավոր:
Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ մ.թ.ա. 331թ-ին սեպտեմբերի վերջին օրը Տիգրիս գետի ափին գտնվող Գավգամելա գյուղի մոտ: Դարեհը հասկանում էր, որ իր պետության ճակատագիրը մազից է կախված, և հանգմանորեն պատրաստվում էր ճակատամարտին' հավաքելով իր ենթակայության ներքո գտնվող բոլոր ուժերը: Ճակատամարտը սկսվեց լուսաբացին: Եվ կրկին Ալեքսանդրը հաղթեց' ի շնորհիվ իր վճռականության և խիզախության. Նա անմիջապես հարձակվեց թշնամու բանակի վրա, որտեղ գտնվում էր Դարեհը' շրջապատված իր թիկնապահներով, որոնց անվանում էին «անմահներ»: Պարսիվ արքայի աչքերի առաջ մակեդոնացիներն «անմահներին» նիզակներով վար գցեցին ձիերից: Ջարդն այնպիսին էր, որ Դարեհին չհաջողվեց շրջել մարտակառքը: Մահացու սարսափը պատեց նրան և թռչելով նժույգից արագ վախկոտի պես փախավ: Ալեքսանդրը հետպնդեց Դարեհին: Սակայն Դարեհն իր իսկ մերձավորների կողմից սպանվեց: Ալեքսանդրն իրեն հռչակել է Աքեմենյանների ժառանգորդ ու Ասիայի արքա:
Գավգամելայի ճակատամարտին պարսկական բանակի կազմում մասնակցել են նաև Մեծ Հայքի զորքերը՝ Երվանդ Գ-ի, և Փոքր Հայքինը՝ Միթրաուստեսի գլխավորությամբ, ովքեր պարսկական կողմի պարտությունից հետո հռչակվեցին իրենց երկրների թագավորներ: Ալեքսանդրը Հայաստան չի արշավել, բայց Մենոն զորավարի գլխավորությամբ զորամաս է ուղարկել գրավելու Սպեր գավառի ոսկու հանքերը, բայց հայերը թույլ չեն տվել հունա-մակեդոնական զորքին մտնել Հայաստան և ճակատամարտում սպանել են Մենոնին:
Իր իշխանությունն ամրապնդելու համար Ալեքսանդրը հիմնադրել է մոտ 70 քաղաք-գաղութներ, որոնց մեծ մասն իր անունով կոչել է Ալեքսանդրիա: Շարունակելով ռազմերթը՝ 329 թ-ին ներխուժել է Միջին Ասիա, 327 թ-ի գարնանը մտել Արևմտյան Հնդկաստան: Գիդասպի ափին(Ինդոսի վտակը) նրան վիճակված էր հանդիպելու Պոր թագավորի հնդկական բանակին, որի մեջ 200 մարտական փղեր կային: Մարտական փղերը, որպես կանոն, կռվում էին այրուձիու դեմ: Նրանվ մեջքին ամրացված էին աշտարակներ' նետ ու աղեղներով զինված զինվորներով: Փղերը նույնպես մարտնչում էին (կնճիթներով). նրանք չէին կարողանում տանել ձիերի հոտը: Այս ճակատամարտը ծանր նստեց Ալեքսանդրի վրա. Մակեդոնացիները հաղթեցին միայն հսկայական կորուսների գնով: Ալեքսանդրը տրամադրված էր շարունակելու Հնդկաստանի նվաճումը, սակայն նրա' տարիների արշավանքներից ու մարտերից քայքայված զորքն այլևս հրաժարվեց առաջ գնալուց: Ձիերի պայտերը մաշվել էին երկար ճամփաներից, անթիվ մարտերը բթացրել էին զինվորների զենքը: Մ.թ.ա. 326թ-ին Ալեքսանդրը վերադարձի հրաման տվեց: Բանակի և նավատորմի դժվարին անցումն ավարտվեց 324թ. գարնանը:
Վերադառնալով նվաճված Պարսկաստան' Ալեքսանդրը կրկին ստիպված էր հնազադեցնել գլուխ բարձրացրած ցեղերին և անհնազանդ տիրակալներին: Կայսրությունը աչքի առաջ փլվում էր, բայց կայսրը, ամբողջությամբ կորցնելով իրականության զգացողությունը, շարունակում էր գնալով ավելի մեծ և անիրական ծրագրեր մշակել: Նա պատրաստվում էր գրավել ամբողջ Եվրոպան և Հյուսիսային Աֆրիկան. Դրա համար որոշեց կառուցել ջրհորներով ճանապարհ, որն անցնելու էր Սահարայի անապատով: Նախապատրաստական աշխատանքների ամենաթեժ պահին Ալեքսանդրը հանկարծ հիվանդացավ և մի քանի որ անց' մ.թ.ա. 323թ. հունիսի 13-ին, մահացավ: Նա ընդհամենը 33 տարեկան էր: Նրա կայսրությունը փլուզվեց շատ արագ, քանի որ պահվում էր սարսափի ուժի միջոցով: Արևմուտքի և Արևելքի միավորումը, ինչի մասին երազում էր Ալեքսանդր Մակեդոնացին, չկայացավ: