«Ռուսաստանում ոչ թե ճգնաժամ է, այլ տնտեսական զարգացման կորելացված տապալում,Ռուսաստանը կանգնած է ստագնացիայի եւ ստագֆլյացիայի առջեւ. Որո՞նք են արդ երեւույթի պատճառները: Արդյոք միայն գազի ու նավթի գների նվազումը եւ արտահանման կրճատումը: Այս գործոններն իրականում շատ կարեւոր են, սակայն դրանք չեն պայմանավորում տապալումը որպես ռուսական տնտեսության խրոնիկ վիճակ:
Ինչպես գտնում է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը, տապալման գործոնները պայմանավորված են կառուցվածքային ճչացող դեֆիցիտով, ինչպես նաեւ ռուսական տնտեսության ծայրամասային նշանակությամբ, որպես հումքային տիպի տնտեսություն: Ռուսաստանում այդպես էլ չհաջողվեց ստեղծել նոր արդյունաբերություն, այսինքն՝ իրականացնել նրա պատմության մեջ երրորդ ինդուստրիալ հեղափոխությունը: Ենթակառուցվածքների զարգացումը, որի վրա խաղադրույք էր արվում, ավելի շուտ լոկալ նշանակություն ուներ, եւ այն չի տարածվել Ռուսաստանի տարածքի 90 տոկոսի վրա:
Այսպիսով, խոսքը ոչ թե ճգնաժամի մասին է՝ որպես տատանվող միտումների, այլ Ռուսաստանի տնտեսության ինչ որ հատկանիշի, որն ունակ չէ ինքնաբավ դինամիկայի: Ռուսաստանը կառավարվում է դրսից, եւ որքան էլ տարօրինակ է, հետեւյալ պատճառով՝ Ռուսաստանը, նրա տնտեսությունը, քաղաքական ու տնտեսական էլիտան ինտեգրված չեն համաշխարհային «հանգույցներին» ու միտումներին:
Ռուսաստանի իրավիճակն ընդամենը արտացոլում է համաշխարհային տնտեսության «ոսկե կլաստերի» իրավիճակը: Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական էլիտաներն էությամբ կոմպրադորական են, շահագրգռված չեն ոչ տեխնոլոգիաների, ոչ սոցիալական ոլորտների, ներառյալ կրթական համակարգը, զարգացմամբ:
Նման իրավիճակը չի կարող չազդել զինված ուժերի եւ ազգային անվտանգության համակարգի վրա: Աշոտ Եղիազարյանի խոսքով, Ռուսաստանը «մեծ Ադրբեջան» է: Կարելի է ավելացնել, եւ դա առավել համարժեք է, եթե նկատի առնենք, որ Ադրբեջանը ժամանակավոր պետություն է: Սակայն չենք ընդհանրացնի, առավել եւս, որ մենք շահագրգռված ենք, որպեսզի Ռուսաստանը գոյություն ունենա, ընդ որում՝ որոշակի սահմաններով:
Ինչի՞ կհանգեցնի այդ իրավիճակը Ռուսաստանին ու նրա գործընկերներին, եթե նկատի առնենք, որ Ռուսաստանին այլեւս պետք չեն աշխատանքային ներգաղթյալներ, եւ նա պատրաստ է սահմանափակել ինչպես նրանց ներհոսքը, այնպես էլ մասնավոր տրանսֆերտները վասալ երկրներ:
Գլխավորը, որ սպասվում է Ռուսաստանին՝ քաղաքական սուր ճգնաժամն է, ընդհուպ իշխող ռեժիմի ռոտացիան, չխոսելով արդեն կառավարության մասին: Պուտինը կդառնա տվյալ տապալման եւ Ռուսաստանի քաղաքակրթական ճգնաժամի շարունակման անձնավորումը:
Քիչ թե շատ նշանակալի տնտեսական նախագծերը, օրինակ Ռոգոզինի առաջարկած՝ ռազմարդյունաբերական համալիրի մեծացումը, կավարտվի տապալմամբ, քանի որ հաջողության համար որեւէ հիմքեր չկան, բացի մոսկովյան վերնախավի սպեկուլյատիվ մտադրություններից, որը գտնվում է իշխանական խմբավորումների համար նոր եկամուտների փնտրտուքի մեջ:
Ռուսաստանն առանց հռչակագրերի կհրաժարվի կայսերական մտադրություններից, դրանից բխող պահերով, այդ թվում՝ ինստիտուցիոնալ նշանակության, նկատի առնելով եվրասիական հավակնություններն ու հիմարությունը: Ընդ որում, Մոսկվան կօգտվի հենց տնտեսական հնարավորությունների սահմանափակությունից, որպեսզի իր վասալներին հասկացնել տա, որ ժամանակն է կազմակերպել «կայսրության հրաժեշտի բանկետը»:
Արտաքին քաղաքականության ծանր ուղղություն են դառնալու ոչ թե արեւմտյան, այլ Հարավային ու Հեռավորարեւելյան ուղղությունները: Ռուսաստանը ստիպված է բավական ջանք գործադրել՝ չներքաշվելու համար Կենտրոնական Ասիայի գործընթացների մեջ, եւ դրանով ոչ միայն կուժեղացնի իր մեկուսացվածությունը, այլեւ հարցականի տակ կդնի եվրասիական գաղափարը: Ի՞նչ Եվրասիայի մասին է խոսքը, առանց Ասիայի:
Մոտակա տարիներին Ռուսաստանը ստիպված է սպասել, երկարատեւ կայանման վիճակում պահել իր կասկածելի ավիակիրները եւ անցնել այն դիրքերի պաշտպանությանը, որոնք ի վիճակի է պաշտպանել: Պետք է ճիշտ հասկանալ, 21-րդ դարում անհնար են ինչ որ միջակա ռազմավարությունները:
Համաշխարհային ուժային կենտրոնը կամ զբաղված է գլոբալ ու տարածաշրջանային տարածությունը վերաֆորմատավորելու նախաձեռնություններով, կամ գտնվում է պաշարման, այսինքն խոր պաշտպանության մեջ, եւ այդ դեքպում դա արդեն ուժի համաշխարհային կենտրոն չէ, այլ պարզապես մեծ ու ազդեցիկ պետություն:
Սահմանների վերաձեւման նախագծերի մշակումն ու ներդրումը գլոբալ քաղաքականության սուբյեկտի չափորոշիչն է: Ռուսաստանը փորձեց նույն շարքում լինել այդ սուբյեկտների հետ, սակայն (կարծես պատվերով) բախվեց տնտեսական, ավելի ճիշտ՝ տնտեսաքաղաքական տապալմանը:
Շուտով Հայաստանին հասկացնել կտան, որ լավ կլիներ մտածել այս ճահճից դուրս գալու մասին, ինքնուրույն կամ այլընտրանքային գործընկերների աջակցությամբ, սակայն այս անգամ ովքե՞ր են այդ գործընկերները: Նույնիսկ ոչ մեծ Հայաստանը ծանր բեռ է Ռուսաստանի տնտեսության համար:
Այդ պատճառով Հայաստանի կառավարությունը պետք է ազնվորեն բացատրի մարդկանց, թե ինչ է նրանց սպասվում, համենայնդեպս ընթացիկ տարում: Եթե Ռուսաստանի բնակիչները որոշ տարածաշրջաններում զանգվածաբար գնում են սննդամթերք, վառելիք, լուցկի, դեղեր, այդ դեպքում Հայաստանի բնակչությունը նույնպես պետք է դիմի նման քայլերի:»
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ