PISA (Programme for International Student Assessment – Ուսանողների միջազգային գնահատման ծրագիր) հետազոտման նոր հրապարկված արդյունքների համաձայն' Շանհայի (Չինաստանը) 15 տարեկանները գերազանցում են այլ երկրների իրենց տարիքակից աշակերտներին ընթերցանության, մաթեմատիկական և գիտական գրագիտության մակարդակով:
Ընթերցանության գրագիտությունը գրավոր տեքստերի ընկալման, օգտագործման և դրանց շուրջ մտորելու ունակությունն է' սեփական նպատակների իրականացման, գիտելիքների և ներուժի զարգացման և հասարակական կյանքին մասնակցելու նպատակով: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս տեսակի ընթերցանության գրագիտության հմտությունները տնտեսական և սոցիալական բարեկեցության կանխատեսման առավել հուսալի փոփոխականներ են, քան դպրոցական և հետդպրոցական կրթության տարիների տևողությունը:
Մաթեմատիկական գրագիտությունն անհատի կարողությունն է բացահայտելու և ըմբռնելու մաթեմատիկայի դերն աշխարհում, կատարելու հիմնավորված դատողություններ և օգտագործելու մաթեմատիկան այնպես, որ բավարարի անհատի պահանջները' որպես կառուցողական և մտավորական քաղաքացու:
Գիտական գրագիտությունը անհատի կարողությունն է օգտագործելու գիտական գիտելիքը, կատարելու հարցադրումներ և ապացույցների վրա հիմնված եզրակացություններ' բնությունը հասկանալու և մարդու գործունեության հետևանքով դրանում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ որոշումներ կայացնելու նպատակով:
PISA-ն միջազգային ստանդարտացված գնահատական է, որ համատեղ մշակվել է ծրագրին մասնակցող երկրների կողմից: Մինչև օրս անց է կացվել չորս գնահատում' 2000, 2003, 2006 և 2009 թվականներին: 2009 թվականի հետազոտման արդյունքները հրապարակվել են 2010 թվականի դեկտեմբերի 7-ին: PISA-ն գնահատում է, թե որքանով են աշակերտները տիրապետում այն գիտելիքներին և հմտություններին, որոնք անհրաժեշտ հասարակության կյանքին լիարժեք մասնակցության համար:
Մաթեմատիկական գրագիտության մակարդակով առաջին երեք տեղերը զբաղեցնում են' Շանհայը (Չինաստան), Սինգապուրը և Հոնգկոնգը, իսկ գիտական գրագիտությամբ' Շանհայը (Չինաստան), Ֆինլանդիան և Հոնգկոնգը: