Հայ ազգային կոնգրեսի հանրապետական խորհրդի նիստում կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել ելույթով, որում փորձել է տալ վերջին շրջանում հասարակության շրջանում ակտիվորեն արծարծող հետևյալ հարցի պատասխանը' ինչո՞ւ Հայաստանում «մայդան» տեղի չունեցավ և հայ ժողովուրդն, ի տարբերություն ուկրաինացիների, չընդվզեց եվրոասոցացման պայմանագրից հրաժարվելու և Մաքսային միությանը միանալու որոշման դեմ:
Տեր-Պետրոսյանը ներկայացրել է երեք հիմնական պատճառներ: Մանրամասն անդրադարձ չկատարելով առաջին նախագահի կողմից մատնանշվող գործոններին, պետք է նշել, որ դա տեղի չունեցավ նախևառաջ այն պատճառով, որ Հայաստանում հիմնական քաղաքական ուժերի միջև ՄՄ-ին անդամակցելու առումով քաղաքական կոնսենսուս կար: Այստեղ որպես բացառություն կարելի է առանձնացնել «Ժառանգությանը», որը «Բարևի» շարժման անկումից ու Րաֆֆի Հովհաննիսյանի անորոշ քայլերից հետո կորցրել է իր երբեմնի հեղինակությունը:
Երկրորդ, դժվար է չհամաձայնվել Տեր-Պետրոսյանի այն պնդմանը, որ Ուկրաինան ու Հայաստանն իրենց նշանակությամբ անհամեմատելի էին Եվրոպայի համար: Նախ, ի սկզբանե, Եվրոպայի համար, «ճակատամարտի հիմնական ուղղությունը» Ուկրաինան էր ու սկզբունքային պայքարը հենց Ուկրաինայի համար էր գնում: Եվ եթե Հայաստանի որոշումը' Մաքսային միությանն անդամակցելու առնչությամբ, Եվրոպայի համար ընկալելի էր փակ սահմանների, պատերազմի վտանգի ու Հարավային Կովկասում Ռուսաստանի' որպես առանցքային խաղացող, ներկայացված լինելու առումով, ապա Ուկրաինայի հարցում իրավիճակը լրիվ այլ էր, ու Եվրոպան իրական հնարավորություն ուներ Ուկրաինան վերջնականորեն պոկելու առումով: Ուկրաինան պոկելու առաջին փորձը Արևմուտքը կատարել էր դեռևս նարնջագույն հեղափոխության ձևով, սակայն հետագայում ԵՄ-ն չկարողացավ պահպանել ու զարգացնել հաջողությունը, և այսօր ստիպված է գործել առավել կտրուկ, ինչը որոշակի առումով նման է «վա բանկ» գնալու:
Երրորդ, նպատակահարմար չեմ համարում, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշման դեմ հանդես եկողներին դիտարկել բացառապես հակառուսականության հարթությունում: Իհարկե, նման խմբեր կան, որոնք նախևառաջ պայքարում են' ելնելով հակառուսական տրամադրություններից, սակայն պետք է խոստովանել, որ սեպտեմբերի 3-ի որոշումը միայն այդ խմբի մոտ չէ, որ հիասթափության է հանգեցրել:
ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքում նոր հնարավորություն կստեղծեր և’ քաղաքական, և’ տնտեսական առումով, սակայն Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո օրակարգ բարձրացավ այդ համաձայնագրի վերանայման հարցը: Ընդ որում, եթե Հայաստանի հարցում ԵՄ-ն այլընտրանք առաջարկեց, ապա Ուկրաինայի հարցում այլընտրանք չկա:
Առաջին նախագահը նաև նշել է, թե իրենք ի վիճակի էին սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 50 000-անոց հանրահավաք անցկացնել, սակայն համոզված չլինելով, որ դրանով նոր քաղաքական գործընթաց է սկսվելու, իրենք այդ քայլին չեն գնացել' առավել խորացնելով ժողովրդի հուսահատությունը:
Միանգամից պետք է նշել, որ այսօր չկա մի քաղաքական ուժ, ով ի վիճակի կլինի 50 հազար մարդ տանել իր հետևից, համոզված եմ, որ այս մասին գիտի նաև Տեր-Պետրոսյանը, քանզի հասարակության շրջանում հիասթափություն կուտակվել է ոչ միայն իշխանության քայլերից բխող հետևանքներից, այլև ընդդիմության պայքարից կամ' ավելի ճիշտ կլիներ ասել' դրա բացակայությունից: Պայքարը շարունակելու ու 50 հազարանոց հանրահավաք անցկացնելու համար ընդիմադիր ուժերը քաղաքական կապիտալ չեն կուտակել, ավելին' վատնել են եղածը, ու այսօր հնչող քաղաքական գնահատականները ավելի շատ օդում արձակված կրակոցներ են հիշեցնում: