ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը,
անդրադառնալով հակամարտության կարգավորման մեջ Թուրքիայի դերին և խաղաղ կարգավորման գործընթացի վրա հայ-թուրքական սահմանի բացման ազդեցությանը, ասել է. «Թե ինչ դեր կարող է ունենալ Թուրքիան հակամարտության կարգավորման մեջ իմ իրավասության մեջ չի մտնում: Սակայն ինչ-որ պահի Թուրքիան կարող է որոշակի դեր կատարել»:
Այն, որ պաշտոնական Անկարան ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում բացահայտ կողմնակալ դիրքորոշում է որդեգրել, հայտնի փաստ է, ինչն ակնառու ձևով արտահայտված է հայ-թուրքական սահմանի փակ լինելով: Նույնիսկ հարկ չկա հետադարձ հայացք գցելու 1990-ականների ռազմական գործողությունների ժամանակաշրջանին, երբ Թուրքիան ոչ միայն փակեց հայ-թուրքական սահմանը' անօրինական շրջափակման ենթարկելով Հայաստանը, այլև նույնիսկ մի պահ զորքեր կենտրոնացրեց հայ-թուրքական սահմանին:
Երբ ամերիկացի համանախագահը հայտարարում է, թե «ինչ-որ պահի Թուրքիան կարող է որոշակի դեր կատարել», չի նշանակում, որ Թուրքիան' որպես միջնորդ ներգրավվելու է բանակցություններին, կամ, ընդհանրապես, որ այս պահին օրակարգում է նրան' այս կամ այն ձևով ներգրավվելու հարցը:
Այնպես չէ, որ համանախագահներն այնքան միամիտ են և այդպիսի նուրբ հարցում կարող են «լեզվի սայթաքումներ» թույլ տալ:
Թուրքիան, իսկապես, կարող է դրական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա, սակայն ոչ թե բանակցություններին միջամտելով կամ խաղաղ գործընթացի տրամաբանությանը հակասող մեկնաբանություններով, այլ առնվազն այս հարցին չմիջամտելով:
Եթե Թուրքիայում անկեղծ ցանկություն ունեն' բանակցություններին ինչ-որ ձևով նպաստելու հարցում, ապա որպես լարվածության լիցքաթափման միջոց կարող են ապաշրջափակել հայ-թուրքական սահմանը' սահմանների փակ լինելու խնդիրը չկապելով ԼՂ հիմնախնդրի բանակցություններին: Սակայն այսօր ունենք մի իրավիճակ, երբ «սրտացավության դրվագներ» արտահայտող Թուրքիան, չի վավերացնում հայ-թուրքական արձանագրությունները, ինչն առաջին քայլը կլիներ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանների բացման հարցում: Դրանից զատ, քաղաքական օրակարգում շարունակում է մնալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
Հ.Գ. Մեկ հանգամանք ևս. դեկտեմբերի 2-ին, Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում, ՌԴ նախագահը Գյումրիում հայտարարեց, թե Ռուսաստանը դեռ երկար է պատրաստվում մնալ Հարավային Կովկասում: ՌԴ նախագահն իր այդ հայտարարությամբ փորձեց զսպել Թուրքիայի ամբիցիաները' տարածաշրջանում ներգրավվածությունը մեծացնելու հարցում' հասկացնել տալով, որ առավելագույնն անելու է' տարածաշրջանում ուժերի հավասարևակշռության պահպանման ու Թուրքիային տարածաշրջանից հեռու պահելու հարցում: