Հայկական կոնյակագործության լեգենդար ավանդույթները սկիզբ են առնում 1887 թվականից, երբ վաճառական Ներսես Թաիրյանը գործարկեց Երեւանում գինու եւ կոնյակի առաջին գործարանը: 1899 թ. «Շուստով եւ որդիներ» ընկերությունը գնեց այն, իսկ 20-րդ դարի սկզբին ընկերությանը շնորհվեց «Նիկոլայ II-ի արքունիքի կոնյակի մատակարարի» կարգավիճակ:

Մարգար Սեդրակյանը ծնվել է 1907թ. հունիսի 15-ին:
1927-ից զբաղվել է հայկական կոնյակի նոր տեսակների ստեղծմամբ: Նա ԽՍՀՄ-ում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրն է: Ստեղծել է «Հոբելյանական» (ԽՍՀՄ-ում առաջին բաձրագույն որակի կոնյակը), «Դվին», «Երևան», «Նաիրի», «Տոնական», «Ախթամար», «Արմենիա», «40 տարի», «50 տարի», «Ուկրաինա» կոնյակները: 1966 թվականին Սեդրակյանին շնորհվել է «Կոնյակի պատրաստման մեծ վարպետ» պատվավոր կոչումը:

Ահա թե ինչ է պատմում վարպետի դուստրը՝ Վանուհի Սեդրակյանը. «Հայրս ծնվել էր Վանի Խառակոնիս գյուղում: 1915թ-ի ջարդերի ժամանակ նրան գտել են ծնողների դիերի կողքին, եւ տեղափոխել Աշտարակի մանկատուն: Ողջ կյանքի ընթացքում հայրս երազում էր, որ մի օր մեզ կվերադարձնեն մեր հողերը: Նա ասում էր. «Երբ Վանը կրկին մերը դառնա'ոտաբոբիկ կգնամ իմ երկիրը»: Ինձ էլ անվանեց Վանուհի' իր կորցրած հայրենիքի պատվին: Նա կոնյակի գործարանում չաշխատեց ընդամենը մեկ տարի, երբ աքսորված էր: Աշխատասենյակում հայրս Չարենցի հատոր էր պահում եւ ինչ-որ մեկը նրան մատնել էր: Հորս աքսորեցին Օդեսա, որտեղ նա սկսեց աշխատել տեղական կոնյակի գործարանում եւ այդ ընթացքում ստեղծեց երկու կոնյակ՝ «Ուկրաինա» եւ «Օդեսա»:
Աքսորից հայրս վերադարձավ «Չերչիլի շնորհիվ»: Բոլորը գիտեն, որ 1945 թվականին՝ Յալթայի կոնֆերանսի ժամանակ, Ստալինը Չերչիլին հյուրասիրեց հորս ստեղծած «Դվին» կոնյակով: Մեծ Բրիտանիայի վարչապետն այնքան հավանեց այդ կոնյակը, որ այդ օրվանից Ստալինի կարգադրությամբ նրան պարբերաբար ուղարկում էին «Դվինի» պատկառելի խմբաքանակներ: Անցնում է որոշ ժամանակ եւ մի օր Չերչիլը բողոքում է, ասելով, որ կոնյակն իր համը փոխել է: Ստալինը Անաստաս Միկոյանին ուղարկում է Երեւան՝ պատճառը պարզելու նպատակով: Միկոյանը ժամանում է գործարան եւ կարգադրում կանչել Մարգար Սեդրակովիչին: Նրան պատասխանում են, որ գլխավոր տեխնոլոգը արդեն մեկ տարի է, ինչ աքսորված է: Իմանալով այդ լուրը, Ստալինը հրամայում է Մարգար Սեդրակյանին վերադարձնել Երեւան, իսկ «Դվինը» վերականգնում է իր նախկին համը: Երբ նրան հարցնում էին, թե ո՞րն է կոնյակի պատրաստման գաղտնիքը, պատասխանում էր, որ ոչ մի գաղտնիք չկա՝ միայն մեր ջուրը, հողը եւ արեւը:
Հետաքրքիր պատմություններ են կապված նաեւ կոնյակների ստեղծման հետ: Օրինակ՝ «Երեւան» կոնյակը հայրս ստեղծել էր բեւեռախույզների համար: Այն ուներ 57 աստիճան թնդություն եւ չէր սառչում անգամ Հյուսիսային Բեւեռի պայմաններում:
Հորս երազանքն էր ստեղծել «Վասպուրական» անունով կոնյակ: Սակայն ոչ մի կերպ չէր հաջողվում հաստատել այդ անունը: Մի օր, Կենտկոմի բյուրոյի հերթական ժողովին նա տանում է այդ կոնյակը ու երբ այն լցնում են համտեսման համար, սկսում է երգել.

«Ախ,Վասպուրական
Անգին Հայաստան,
Ինչքան հերոսներ
Քեզ համար մեռան»:

Սակայն նույնիսկ երգը չհամոզեց բյուրոյի անդամներին:
Հայրս թողել էր «Վասպուրական» կոնյակի բաղադրատոմսը եւ արդեն իր մահից հետո Միքայել Խանոյանին հաջողվում է հաստատել այդ անունը, եւ կոնյակը նվիրում են Մարգար Սեդրակյանի հիշատակին»: