Երկար ժամանակ է, որ ուզում էի գրել "Արմենիա" հեռուստաընկերությամբ հեռարձակվող "Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ:" հեռուստախաղի մասին: Իմ կարծիքով, այն մեր հեռուստաբովանդակության բացառիկ հաջոդված նախագծերից մեկն է: Իսկ հեռուստախաղի ռուսերենով հեռարձակումը որևէ առումով խնդրահարույց չէ, այն պարզ պատճառով, որ, նախ, այդկերպ պահպանվում է հեռուստանախագծի բնօրինակությունը և գրավչությունը, և հետո՝ սեփական լեզուն անաղարտ պահելն ու խրախուսումը երբեք չի նշանակում վախ օտար լեզուներից, ընդհակառակը, նաև ավելի լավ է ունենալ հեռուստանախագիծ որևէ գրական լեզվով, քան այն փողոցային ժարգոնով ու լեքսիկայով, որը վխտում է մեր հեռուստաեթերում, դպրոցներում, ընտանիքներում և բակերում:

Նախ, պետք է ընդունել, որ զանգվածային մշակույթի աճող տիրապետության մեր ժամանակներում, երբ մշակույթը (լայն, դասական ձևակերպմամբ) հարմարվում է բնակչության միջին ընդհանրական պահանջարկին, ԶԼՄ-ների, հեռուստատեսությունների համար ինտելեկտի, գիտելիքի քարոզը, նույնիսկ ամենաժամանակակից միջոցներով ու նորարարական լուծումներով, չի կարող ինքնին լինել եկամտաբեր, հետևաբար, տրամաբանական է, որ կառավարությունները պետք է աջակցեն նման նախագծերին: Մյուս կողմից, աքսիոմատիկ ճշմարտություն է, որ հասարակությունները, պատմական բոլոր ժամանակներում, առաջ է մղել գիտական գիտելիքը, ինտելեկտը, հասարակության ինտելեկտուալ, ստեղծագործող հատվածը: Ու եթե անկեղծ լինենք, նորանկախ Հայաստանի դժբախտությունները սկսվեցին այն ժամանակ, երբ պետական իշխանությունը քայլ առ քայլ սկսեց համալրվել "գիրք չկարդացած", "ձեն բերող" թաղի տղեքով: Համաշխարհային պատմությունը վկայում է՝ բոլոր դժբախտություններն ունեն մեկ պատճառ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ:

Այնպես որ, պարոնայք, ձեռքներդ հեռու "Ի՞նչ", "Ո՞րտեղ", " Ե՞րբ" հեռուստախաղից: Ինչպես ասվել է՝ "մի մտեք այդ բոստանը":