ԱՄՆ-ում նոյեմբերին կմեկնարկի 99 դոլար արժողությամբ սարքավորման վաճառքը, որը թույլ կտա տնային պայմաններում վերածել խավարասերներին ռադիողեկավարվող կիբորգի: Backyard Brains ընկերությունը առաջարկում է միջատի բեղիկներին միացող միկրոկոնտրոլեր, որի շնորհիվ հնարավոր է դառնում Bluetooth-ինտերֆեյսի միջոցով խավարասերին շրջել անհրաժեշտ ուղղությամբ:
Սարքավորումը համեմատաբար փոքր չափի է և տեղադրվում է անմիջապես խավարասերի մեջքին: Փորձարկումների համար խորհուրդ է տրվում Blaberus տեսակի խոշոր խավարասերներ կիրառել, որոնցից կարելի է գտնել հենց այդ ընկերության վաճառքի առաջարկներում:
Երկու էլեկտրոդ միանում են խավարասերի բեղիկներին, որից հետո անլար մոդուլի միջոցով էլեկտրոդներին խթանիչ ազդակներ են հաղորդվում: Բեղիկներին հաղորդված ազդակները խավարասերի նյարդային համակարգն ընկալում է իբրև հանդիպում խոչընդոտի: Խավարասերը թեքվում է ձախ կամ աջ՝ կախված այն բանից, թե որ բեղիկն է հանդիպել խոչընդոտի կամ ստացել էլեկտրական ազդակ:
Սմարթֆոնների համար նախատեսված հատուկ ծրագիրը թույլ է տալիս սարքի սեփականատիրոջը փորձարկումներ անել իմպուլսների ամպլիտուդի և ձևի հետ՝ ուսումնասիրվելով նյարդային բջիջների՝ տարբեր ազդակների արձագանքելու ունակությունը: Ակտիվ կառավարման ռեժիմում էկրանին հայտնվում է միջատի սխեմատիկ պատկերը: Խավարասերին թեքելու համար անհրաժեշտ է դիպչել նկարի համապատասխան մասին:
Միկրոկոնտրոլերը և էկտրոդները խավարասերի վրայից կարելի է հանել՝ առանց կենդանուն վնասելու, իսկ տեղադրումը, ըստ ստեղծողների պնդման, դժվար չի լինի անգամ ոչ մասնագետներին:
Backyard Brains-ից նաև զգուշացնում են, որ որոշ ժամանակ անց (որպես կանոն՝ մի քանի րոպեից) խավարասերները դադարում են արձագանքել հրահանգներին, սակայն, ազդակի ուժգնության փոփոխման միջոցով կարելի է այդ էֆեկտը հասցնել նվազագույնի: Բացի այդ քանի որ RoboRoach-ը որպես կրթական նախագիծ է ներկայացվում, ադապտացիայի երևույթը ինքնին հետազոտության նյութ է:
Backyard Brains ընկերությունը արտադրում է սարքեր, որոնք թույլ են տալիս տնային կամ դպրոցական պայմաններում ծանոթանալ հիմնական նեյրոկենսաբանական փորձերի: Ընդ որում, փորձարկման համար ևս հատկապես խավարասերներ է խորհուրդ տրվոմ կիրառել:
Մի քանի կենդանապաշտպան կազմակերպություններ մեղադրել են Backyard Brains-ին կենդանիների հետ դաժան վարվելու մեջ, որին ի պատասխան ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ կրթական նպատակները փոխհատուցում են, օրինակ, խավարասերի վերջույթը հեռացնելու անհրաժեշտությունը (կանխավ անզգայացնելով՝ մտցնելով սառը ջրի մեջ):
Գոհար Աքելյան