Կարսում գտնվող Մրենի հայկական տաճարը ընդգրկվել է «Հուշարձանների համաշխարհային ֆոնդի» պահպանության կարիք ունեցող հուշարձանների ցուցակում:
Ինչպես փոխանցում է ermenihaber լրատվականը, հուշարձանների համաշխարհային ֆոնդը 1996 թվականից սկսած 2 տարին մեկ անգամ հրապարակում է աշխարհի հուշարձանների դիտարկումների ցուցակը: 2014 թվականի ցուցակում, որը հրապարակել է կազմակերպության ղեկավար Բոնի Բուրնհեմը, ընդգրկված են 41 երկրների 67 հուշարձաններ: Այդ հուշարձանները վտանգված են և ունեն հատուկ պահպանության կարիք:
Թուրքական «Թելալ» լրատվական կայքը հայտնում է, որ այդ ցուցակում է նաև Կարսի նահանգի սահմանային զինվորական շտաբի տարածքի մեջ գտնվող 7-րդ դարով թվագրվող Մրենի տաճարը:
Ամերիկահայ Քրիստինա Մարանջըն, ով շուրջ 10 տարի զբաղվել է այդ տաճարի ուսումնասիրությամբ, նշել է, որ սահմանի մոտ և զինվորական շտաբի տարածքում գտնվելու պատճառով տաճարն ուսումնասիրելը, այնտեղ գնալը շատ դժվար է եղել:
«Իմ հիմնական նպատակը տաճարի պահպանությունն է: Տաճարի հարավային պատը քանդված է: Հույս ունեմ, որ ցուցակում ընդգրկվելով հատուկ պահպանության կարիք ունեցող եկեղեցուն Անիի և Աղթամարի պես վերաբերմունք կցուցաբերվի», - նշել է մասնագետը: