Ազգային բանակի զինվոր Հենրիկ Սարգսյանին հանդիպեցինք ՊՆ Կենտրոնական հոսպիտալում: Զորամասում ընկել, վնասել էր ծունկը:
-Լուրջ բան չկա, հոդախախտ է,-ասում է զինվորը:
Նա ծառայում է Իջեւանի զորամասում:
-Ով գոնե մեկ օր զենքը ձեռքին չի կանգնել Հայրենիքի սահմանին, խորապես չի հասկանա հարազատ հողի իսկական գինն ու քաղցրությունը: Երբ հետեւում քո երկիրն ու քո ժողովուրդն են, երբ քո կյանքը պատնեշ է թշնամու ու քո հայրենիքի միջեւ, ապրելդ արժեւորվում է ոչ թե անձնական ցանկություններով, այլ այն պարտքով, որ ունես որպես հայրենիքի եւ ժողովրդի զավակ:
Նա, ով չգիտի՝ ինչ է մարտական ընկերը, խորապես չի ճանաչի նվիրումի ու հավատարմության սահմանը:
Նա, ով չի հաղթահարել բանակային կյանքի դժվարությունները, չի հասկանա տղամարդկային արժանապատվության վեհությունը:
Նա, ով չի տեսել սահմանին կանգնած զինվորին, չի ճանաչի մեր ժողովրդի իրական կերպարը, չի հասկանա հայրենիքի ու ժողովրդի հանդեպ մեր սիրո իրական չափը: Այստեղ՝ բանակում են ճշմարիտ Հայաստանն ու հայը:
Նկարում՝ ադրբեջանցի դիպուկահարի գնդակից վիրավորված Արթուր Ասոյանը եւ Ազգային բանակի զինվոր Հենրիկ Սարգսյանը