Հոկտեմբերի 21-ին Տիկնիկային թատրոնում կկայանա The Beautified Project հայկական ռոք խմբի «United we fall» խորագիրը կրող ձայնասկավառակի շնորհանդեսը: Խմբի երկրպագուներին սպասվում է համերգային գեղեցիկ ծրագիր, որտեղ կենդանի կատարմամբ կհնչեն ձայնասկավառակի նոր երգերը: Իսկ մինչ այդ մենք ձեզ կներկայացնենք մեր beautified հարցազրույցը, ինչպես արդեն հասկացաք խմբի հիմնադիր, մենակատար Անդրե Սիմոնյանի հետ:
Մնացեք I’m tendency-ի հետ և փորձենք մեզ հետ պարզել՝ միթե՞ «բոլորս միասին ընկնում ենք»…..

-Անդրե՛, մի փոքր կպատմես ձայանսկավառակի մասին. ինչպե՞ս այն ստեղծվեց և ինչո՞վ է տարբերվում ձեր խմբի նախորդ երկու ձայնասկավառակներից:

- Նախ ասեմ, որ պրոֆեսիոնալ առումով սա հենց այն ձայնասկավառակն է, որի մասին միշտ երազել էինք: Բավականին խորացել ենք թե բառերի, թե երաժշտության և թե գործիքավորման մեջ: Նրանում փորձել ենք ներդնել հենց «արվեստ մաս», առանց մտածելու դա լսարանին դուր կգա թե ոչ, որովհետև դա առաջին հերթին մեզ է դուր եկել… Առաջին ալբոմը թողարկելուն պես, այն միանգամից սիրվեց և ընդունվեց, և մենք, երկրորդ ալբոմը ձայնագրելիս, առաջնորդվում էինք այն մոտեցմամբ, որ սա էլ պետք է առաջինի նման սիրվի, արդյունքում ստացվեց այնպես, որ երկրորդ ալբոմը դարձավ առաջինի շարունակությունը և գուցե ավելի շատ սիրվեց, այսինքն հասավ այն նպատակին, որը մենք ի սկզբանե դրել էինք: Իսկ ինչ վերաբերում է երրորդ ալբոմին, պետք է ասեմ, որ այն ամենևին էլ երկրոդի շարունակությունը չէ: Այս ալբոմը կյանքի այն «հատվածում է գտնվում», որում մենք ներկայացնում ենք, այն ինչ զգացել ենք, որպես երաժիշտ և որպես արվեստի մարդիկ:

- Իսկ ինչու՞ «United we fall», այսինքն բոլորս միասին ընկնում ենք, բոլորս միասին պարտվեցինք:

-Նախորդ տարի, երբ 4-5 ամսով ճամփորդում էի՝ Ասիա, Եվրոպա, Ամերիկա, որ երկիր գնում էի, բոլորը բողոքում էին իրենց ֆինանսական վիճակից, ճգնաժամից… իսկ հետո զգացի այն ճեղքը, որը բացվել էր հարուստների և աղքատների մեջ և ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում այն գնալով մեծանում է, ու դա պատճառ է դարձել, որ բոլոր խավերը թախիծ են ապրում, թե աղքատները և թե հարուստները, որովհետև նրանք էլ այնքան են հարստացել, որ չգիտեն ինչ անել: Ալբոմի նկարը 21-րդ դարի Եվան է՝ խնձորը գլխին, ով վտարվել էր դրախտից և ուղղարկվել էր այս աշխարհ, որպես պատիժ, բայց այստեղ էլ նա իրեն լավ չպահեց, այսինքն այստեղին էլ նա արժան չէ…

-Կարծում եմ ամեն մարդ յուրովի կընկալի 21-րդ դարի Եվային, դա թողնենք հետագային… բայց քանի որ խոսեցինք համատարած թախծոտ դեմքերից, ինձ հետաքրքրեց, թե արդյոք դու ինքդ քեզ համարում ես երջանիկ մարդ:

-Ո՛չ:

-Այդ դեպքում ի՞նչն է քեզ պակասում երջանիկի լինելու համար:

-Մարդու տեսակի, զգայարանների սահմափակ լինելը: Ինձ համար մարդ արարածը շատ փոքր է ու սահմանափակ, նա իր 5 զգայարաններով շատ քիչ բան է կարողանում անել: Անկեղծ ասած, ես խղճում եմ այն մարդկանց, ովքեր հագեցած չեն կյանքով…

- Քո երջանկությունը ինչի՞ մեջ ես տեսնում:

-Բավարարվածության: Այո՛, ես բավարարված չեմ… տվե՛ք ինձ մեկ միլիոն դոլար և ես էլի չեմ բավարավի: Ես դեռ փնտրում եմ իմ բավարավածությունը, ես դեռ չգիտեմ, թե այս կյանքում ինչն է ինձ բավարարում…

-Ենթադրենք պատկերում ենք քո էությունը. ո՞ր գույնը կգերակշռեր:

-Սև… այն իսկական գույն է, իսկ մնացած գույները ամենքս տարբեր ենք «տեսնում», զգում, իսկ սևը իրոք սև է:

-Տխուր բաներից ենք խոսում, իսկ որո՞նք ենք ամենահաճելի զգացողությունները, որ երբևէ ապրել ես:

- Ամենահաճելի զգացողությունը ինձ համար ընտանիքիս տեսնելն է, որովհետև իրենք Անգլիայում են ապրում և շատ քիչ եմ տեսնում նրանց: Իսկ երաժշտության ոլորտում, ամենահաճելի զգացողությունն այն է, երբ դու մեն-մենակ նստած ես տանը ու հանկարծ մի նոր երգ է ծնվում, հավատացե՛ք, այդ երգը ծնվելու պահը շատ-շատ ավելի հաճելի է, քանի որևէ մեծ համերգ կամ մրցանակ, որովհետև դու հասկանում ես, որ 7-8 միլիարդ ժողովրդի մեջ մի նոր երգ է ծնվել և այն միայն քոնն է:

-Այնուամենայնիվ դրական պահեր ապրում ես… Իսկ ի՞նչն է քեզ ներշնչում:

-Կյանքի ցավերը, կյանքի անիմաստ ընթացքը (կես-կատակ, կես-լուրջ)… բայց իմ ցավերի մասին չէ խոսքը, այլ ընդհանարապես մարդկային ցավերի մասին եմ խոսում:

-Ինքդ քո և դիմացին մեջ ի՞նչը երբեք չես ների:

-Ստախոսությունը, դավաճանությունը… չեմ ներում կեղծ երաժիշտներին, ովքեր երաժիշտ են՝ հեռուստատեսությունում հայտնվելու համար և հանուն դրա վաղը կարող եմ դառնալ որևէ այլ բան: Սխալ է այդպիսիներին երաժիշտ համարելը, եթե իրենց նպատակը ոչ թե արվեստն է, այլ այստեղ-այնտեղ երևալը և կարևոր չի թե դա ինչպես կլինի:

-Իսկ ո՞րն է քո նպատակը:

-Ստեղծել այնպիսի արվեստ, որը կաթի կյանք չունենա, այլ հիշվի տարիներ անց և դիտվի, որպես իրական արվեստ, այլ ոչ թե ինչ-որ ժամանակահատվածի պոպուլյար մի բան:

1236578_668910406452895_521567413_n

-Անդրե՛, ինչպե՞ս ես վերաբերում գործի բերումով հարկադրված շփումներին: Հռչակն ու ճանաչումը չե՞ն պարտադրում ավելորդություններ, վերջին հաշվով այն չի՞ խանգարում իսկական ընկերությանը:

-Իրականում դժվար է, երբ քեզ արդեն ճանաչում է մի հասարակություն, որը դուրս է քո ընկերական սահմաններից, որքան էլ փորձես անկեղծ լինել, միևնույն է, քո շրջապատում նկատում ես կեղծ ժպիտներ, դերասանություն, ինչու չէ նոր բարեկամներ են հայտնվում… և վատն այն է, որ այդ կեղծ ժպիտներն արդեն պարտադիր են դառնում՝ նաև իմ կողմից: Հենց դա է պատճառը, որ ես խուսափում եմ «շոու-բիզնես», «աստղ» բառերից, որովհետև չեմ ուզում լինել այդ խավի մեջ, որտեղ պետք է միշտ շփվես, միշտ ժպտաս, միշտ գեղեցիկ լինեն, իսկ ես այդ տեսակի մարդ չեմ:

-Խոսենք The Beautified Project- ի ներսի ընկերության մասին. դու մի առիթով ասացիր, որ շատ միասնական եք և մի ամբողջություն եք կազմում, հետաքրքիր է, արդյո՞ք երաժշտի անհատականությանը չի խանգարում այդ միասնականությունն ու ամբողջականությունը:

-Որպես երաժիշտ՝ ո՛չ, որովհետև մենք բոլորս էլ առանձին-առանձին ստեղծագործում ենք և մեր գրածները միմյանց ցույց ենք տալիս, բայց մյուս կողմից, որպես մարդ, անհատ, մենք երեքս էլ վատ կողմեր ունենք, ինչը երբեմն ազդում է միմյանց վրա: Ընդօրինակում ենք ու սկսում ենք այդ վատ բաները անել, դա կարող է լինել ինչ-որ առօրյական արարք, մի շարժում, մի խոսք, երբ տեսնում ես ընկերդ անում է և ամեն ինչ նորմալ է, դու էլ սկսում այդպես անել:

-Իսկ մտածե՞լ ես երբևէ առանձնանալու, սոլո կարիերա սկսելու մասին:

-Իրականում ես միայնակ եմ սկսել The Beautified Project-ը, Անգլիայում: Թողարկել եմ ալբոմ, երբ դեռ Արմենին ու Առլենին չգիտեի, բայց քանի որ խուսափում էի այն մարդկանցից, ովքեր իրենց ալբոմի վրա դնում էին իրենց դեմքն ու իրենց անունը, որոշեցի հենց սկզբից էլ ալբոմի անունը դնել The Beautified Project, ոչ թե Անդրե Սիմոնյան կամ մեկ այլ բան, բայց եթե գնեիք այն, կկարծեիք, թե որևէ խմբի ալբոմ է, իսկ իրականում միայն ես էի: Հետո երբ հանդիպեցի Արմենին և Առլենին, նոր հասա նրան, ինչ ուզում էի՝ ներկայացնել մի խումբ, մի քանի հոգու գաղափար և ոճ: Իսկ արդեն հիմա, երբ The Beautified Project –ը բավկանին մեծ ճանաչում ունի թե Հայաստանում, թե դրսում, ուղղակի անիմաստ է որ այդ էգորիզմը մեջս արթնանա, դուրս գամ իմ իսկ ստեղծած խմբից և սկսեմ սոլո կարիերա…

-Միթե՞ էգոիզմն է տանում սոլո կարիերայի:

-Երկու բան՝ էգոիզմն ու փողը. մարդիկ չեն ուզում վաստակը կիսել կողքինի հետ: Հնարավոր է ընդհամենը 1 %-ը արվեստի մարդիկ են և թողնում են փողն ու հայտնիությունը հանուն գաղափարի, արժեքի, հանուն իրական արվեստի, բայց դա դժվար է…

-Դուք բազմաթիվ համերգներ եք ունեցել Հայաստանում և նաև տարբեր երկրներում: Տեսնու՞մ ես արդյոք տարբերություն այստեղի և դրսի հանդիսատեսի մեջ:

-Ինձ համար շատ հաճելի է, որ Հայաստանում մեր երկրպագուները շատ ազատ են արտահայտվում: Երևանում եղել եմ տարբեր ռոք համերգների ու նկատել եմ զսպվածություն հանդիսատեսի մեջ, բայց չգիտեմ, մեր բախտից է, թե մեր վերաբերմունքից, այնուամենայնիվ ուրախությամբ պետք է փաստեմ, որ The Beautified Project-ի համերգները շատ տարբեր են, հանդիսատեսը մեր համերգներին շատ աշխույժ է, և դա երևի էական տարբերություն է դրսի և այստեղի հանդիսատեսի մեջ:

-Քո թույլտվությամբ, մի փոքր էլ խոսենք անձնականից. նորություննե՞ր կան անձնական կյանքում:

-Ոչ, եթե հարցի ենթատեքստը ճիշտ հասկացա J Սիրտը գրավելու համար պետք է մարդ իր տեսակով կարողանա ավելի շատ զգայարանների վրա ազդել, քան միայն տեսողական, ես սիրում եմ մարդկանց, որոնք անկեղծ ու լավն են, իրենց արարքներով չեն խանգարում կողքիններին, իսկ մնացած ամեն ինչը հարաբերական է, ի՞նչն է ճիշտ և ի՞նչն է սխալ…
Բայց անձնական կյանքում միշտ էլ լինում են նորություններ, ուղղակի դա այն միակ հատվածն է, որը մնացել է իմը, և եթե դա էլ բացեմ՝ կստացվի, որ ես ոչ մի անձնական բան չունեմ… դա լավ զգացում չէ….

-1236578_668910406452895_521567413_nԱնդրե՛, ի՞նչն է քեզ վանում մեր հասարակության մեջ, ի՞նչը կուզենայիր, որ փոխվեր:

-Անտարբերությունն ու մարդկանց ալարկոտ լինելը: Դժգոհ դեմքերն են վանում: Մարդիկ շատ են դժգոհում ու հիմնականում այն մարդուց, ով հայտնվել է իրենց գլխի վերևը: Շատ ագրեսիա կա մարդկանց մեջ ու դա գալիս է սոցիալական վիճակից, ում հետ խոսում ես միայն ֆինանսներից է դժգոհում, բայց ախր 50-60-ական թվականներին Եվրոպան էլ է անցել այդ ամենի միջով, շատ վատ ֆինանասական վիճակում էր, բայց ժողովուրդը չլքեց իր երկիրը, մարդիկ չարտագաղթեցին, այլ պայքարեցին և տեսեք, թե այսօր ի՞նչ վիճակում է Եվրոպան… Թողնելով գնալով ոչ մի խնդիր չես լուծի…

- Իսկ ինչպե՞ս …

-Կարծում եմ դա մի փոքր քաղաքական հարց է. կարող են փոխվել այն մարդիկ, որոնք պատճառ են հանդիսանում վատ լինելուն, և կարող են ինչ-որ բան փոխվել այն մարդիկ, որոնք վատ վիճակում են. դա լրիվ հարաբերական է: Բայց վերջին հաշվով լուծումը միասնության մեջ է:

- Ինչ խորհուրդ կտայիր մեր ընթերցողին:

-Եղե՛ք պոզիտիվ և հավատացեք, որ ամեն ինչ ձեր ձեռքերում է:

©imtendency.am