Թուրքիայի ԱԳ նախարարությունը, հայ-թուրքական սահմանին սպանված թուրք հովիվի հետ կապված միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, թե «Թուրքիան խստագույնս դատապարտում է այն, որ անմեղ քաղաքացուն հասարակ մի սահմանախախտության պատճառով կրակում են ու սպանում»:

Հայտարարության մեջ նախևառաջ անհասկանալի է «հասարակ սահմանախախտություն» ասվածը, քանզի, պետական սահմանի խախտումն ինքնին չի կարող որպես «հասարակ խախտում» դիտվել:
Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ ոչինչ չի ասվում այն մասին, թե ինչպես է նույն այդ քաղաքացին դուրս մնացել թուրք սահմանապահների ուշադրությունից և հատել հայ-թուրքական սահմանը:
Երկրորդ, թուրքական կողմն ամեն ինչ անում է, որ միջադեպի մասին տեղեկատվական հոսքերում անպայման ընդգծվի, որ հայերն են սպանել Թուրքիայի քաղաքացուն այն դեպքում, երբ ողջ միջազգային հանրությունը գիտի, որ սահմանի այդ հատվածում ծառայություն են իրականացնում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը:
Ընդ որում, ռուսական կողմից արդեն իսկ հնչել են նախնական տեղեկություններ այն մասին, որ Թուրքիայի քաղաքացին կրակ է բացել ռուս սահմանապահների ուղղությամբ՝ փորձելով ներթափանցել Հայաստանի տարածք (http://www.itar-tass.com/c11/826964.html):

Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նաև նշվում է, որ «այդ և նման այլ դեպքերը հերթական անգամ ցույց տվեցին հարավկովկասյան տարածաշրջանում, կայունություն և համապարփակ կարգավորում հաստատելու, ինչպես նաև Հայաստանի' հարևանների հետ հարաբերություններում խոհեմություն հանդես բերելու կարիքը»:
Ւհարկե հասկանալի է, երբ պետությունը շահագրգիռ է իր քաղաքացու անվտանգությամբ ու պաշտպանությամբ, սակայն ընկալելի չէ, թե Թուրքիայի կառավարությունն ինչու նույն ակտիվությամբ հայտարարություններ չէր տարածում, երբ 21-րդ դար մուտք գործած Թուրքիայում շարունակվում է այդ երկրի քաղաքացի հանդիսացող հայերի նկատմամբ բռնություններն ու սպանությունները: Երբ հայերին իրենց ազգային և կրոնական պատկանելիության համար դաժանորեն սպանում են, սակայն դրանք կամ չեն բացահայտվում կա, այդ միջադեպերին այլ բնույթ է տրվում:
Հովիվի հետ կապված միջադեպին Թուրքիայի արձագանքը մեկ հիմնական նպատակ է հետապնդում. ցույց տալ աշխարհին, թե Հայաստանը նպաստում է տարածաշրջանում լարվածության խորացմանը ու երկկողմ հարաբերությունների չկարգավորված լինելը պայմանավորված է Հայաստանի քայլերով:
Այդ տեսանկյունից հարց է առաջանում. այդ երբվանից Թուրքիային սկսեցին հետաքրքրել տարածաշրջանային կայունությունն ու հարևանների հետ հարաբերություններ հաստատելու կարևորությունը: Եթե այս միջադեպն է վնասում տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը, ապա այդ դեպքում ի՞նչ ազդեցություն է թողնում տարածաշրջանի վրա Թուրքիայի՝ հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելուց հետ կանգնելն ու ստանձնած պայմանավորվածությունների չկատարումը:
Արդյո՞ք հարևանների հարաբերություններում խոհեմության դրսևորումից իրավունք ունի խոսել մի պետություն, ով շարունակում է փակ պահել Եվրոպայի վերջին փակ սահմանը՝ հայ-թուրքականը:

Եթե Թուրքիային իսկապես հետաքրքրեր տարածաշրջանային խաղաղության ու կայունության հետ կապված խնդիրները, ապա նա օր առաջ կվավերացներ հայ-թուրքական արձանագրությունները, կբացեր հայ-թուրքական սահմանը, չէր փորձի միջամտել ԼՂ հինախնդրի կարգավորման գործընթացին ու չէր անի այնպիսի հայտարարություններ, որոնք կխորացնեին առանց այդ էլ բարդ փուլում գտնվող խնդիրները: http://www.panorama.am/am/society/2013/08/02/t-abrahamyan/