Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը Հայաստանում կայանալիք առաջիկա ընտրությունների մասին գրառումներ է կատարել իր բլոգում' ցավ հայտնելով, որ խորհրդարանական ընդդիմադիր 3 ուժերից որևէ մեկը սեփական թեկնածուով չի մասնակցում ընտրություններին: «Ո՞րն է այս կուսակցությունների չմասնակցելու պատճառը՝ ֆինանսական խնդիրները, թե՞ արդար արդյունքի նկատմամբ հավատի բացակայությունը կամ գուցե դրանք իրականում այդքան էլ ընդդիմադիր չեն, որքան մենք ենք պատկերացնում»,- հարցնում է դեսպանը:
Փորձենք առանձին անդրադառնալ դեսպանի կողմից առանձնացված հնարավոր պատճառներին: Ֆինանսական խնդիրներ. այս առումով դժվար չէ նկատել, որ ԲՀԿ-ն, որի ղեկավարը երկրի ամենախոշոր գործարարներից է, և ում կողքին մեծ թվով գործարարներ կան, ընտրարշավ կազմակերպելու առումով, համենայնդեպս, խնդիրներ չունի: ՀՅԴ և՛ հայաստանյան, և՛ Սփյուռքի կառույցները մեծ ռեսուրսների են տիրապետում, այդ տեսանկյունից միամիտություն կլինի կարծել, որ ՀՅԴ-ն ֆինանսական խնդիրների պատճառով չի մասնակցել ընտրություններին: Երբ 2008 թվականի օգոստոսին հիմնադրվեց Հայ ազգային կոնգրեսը, նրա շուրջը հավաքվեցին ոչ միայն որոշ փոքր և միջին գործարարներ, այլև նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած մարդիկ, ովքեր դեռ 90-ականներից բավականին մեծ ռեսուրսների էին տիրապետում, և համարելով, որ ՀԱԿ-ի հիմնական խնդիրը հենց ֆինանսականն է, սխալված կլինենք: Ավելին, եթե իսկապես խնդիրը դրանում է, ապա գոնե ինձ հայտնի չէ, թե ՀԱԿ-ը կամ նրա առանձին անդամներ քարոզարշավի գումարներ հայթայթելու համար դիմեին գործարարներին կամ պարզապես իրենց համակիրներին, ինչպես դա անում են մի շարք երկրներում:
Արդար արդյունքի նկատմամբ հավատի բացակայությունը. եթե հակիրճ անդրադարձ կատարենք, դժվար է կարծել, թե 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ստեղծված իրավիճակից կամ մթնոլորտից 8 ամիս անց բացասական առումով ինչ-որ բան է փոխվել, ինչը թույլ է տվել վերոնշյալ ուժերին հետ կանգնել նախագահական մրցապայքարից:
Միգուցե իրականում այդ ուժերն այդքան էլ ընդդիմադիր չեն. կարծում եմ՝ սա գոնե վերջին տարիներին ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին հասցված ամենածանր ապտակն էր:
Ավելին՝ տպավորություն ունեմ, որ այս իրավիճակում գործել է հայտնի բումերանգի էֆեկտը: Այդ ուժերը ներկայացնող որոշ գործիչներ այս ողջ ընթացքում ամեն ինչ անում էին և՛ ներսում, և՛ դրսում ներկայացնելու, թե ընտրական պրոցեսները Հայաստանում մրցակցային բնույթ չեն կրում, իսկ բուն ընտրական գործընթացը վերածվել է թատրոնի, իսկ գործող անձինք՝ դերասանների, սակայն եվրոպական մայրցամաքի ամենախոշոր պետությունների մեկի դեսպանն անդրադառնալով պրոցեսին կասկած է հայտնում, որ այդ դերասանները հենց վերոնշյալ ուժերի ներկայացուցիչներն են: Իրականում մրցակցության առումով 2013 թվականի նախագահական ընտրությունները զիջում են նախորդ՝ 2008 թվականի ընտրություններին, սակայն դա ավելի շատ կապված էր կոնկրետ թեկածուների մրցակցային հնարավորությունների ու հասարակության շրջանում ունեցած վստահության հետ: Սակայն պնդել, որ ընտրությունները մրցակցային չեն, այդքան էլ տեղին չեն. նախկին ԱԳ նախարարի ու նախկին վարչապետի մասնակցությունն ինքնին ոչ թույլ փաստարկ է պնդելու, որ չնայած նախորդ ընտրությունների հետ տարբերությանը, այս ընտրություններում ևս մրցակցության գործոնն ապահովված է:
Մի դիտարկումս ևս. հասկանալի է, երբ դիտորդները կամ Հայաստանում հավատարմագրված դեսպանները հետաքրքրված են հայաստանյան իրադարձություններով, ինչը բնական է, սակայն տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ ընտրությունների քարոզարշավի հենց մեկնարկում, երբ դեռ դժվար է հիմնավոր խոսել ընդհանուր պրոցեսում նկատված բացթողումների կամ թերությունների մասին, դիտորդները, դիվանագետները նման կտրուկ հայտարարություններ են անում: Նկատենք, որ դեսպանի բլոգային գրառմանը մինչև այս պահը կուսակցության փոխնախագահի (Արմեն Աշոտյան) մակարդակով արձագանքել է ՀՀԿ-ն: Սակայն առավել ուշագրավ կլիներ լսել ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ ուժերի արձագանքը, որովհետև «միգուցե իրականում այդ ուժերն այդքան էլ ընդդիմադիր չեն» արտահայտությունը բավականին ծանր մեղադրանք է: