Անդրիաս Ղուկասյանի հացադուլը առաջին հայացքից թվում է թե ապարդյուն է, քանի որ մտածում ենք, դե մի մարդ հացադուլ է անում, ով էլ լինի ընդամենը մի մարդ է ու հացադուլով ոչ ոքի ոչինչ չի կարող հարկադրել, հատկապես ՀՀԿ-ին։
Սակայն դա միայն մակերեսորեն է այդպես։ Իրականում Անդրիաս Ղուկասյանի հացադուլը հետևողական շարունակվելու պարագայում շատ արդյունավետ պայքարի միջոց է, որի ուժը բխում է ազնվությունից ու ինքնազոհությունից։ Անդրիասի պայքարը, ուղղակիորեն թե անուղղակիորեն, միանգամից հասցեագրված է մի քանի ուղղությամբ։
- Իշխանություններին (ի դեմս ՀՀԿ-ի) ուղղված է որպես մարտահրավեր, ու որի դեմ պայքարելը այդքան էլ հեշտ չէ։ Ինչպե՞ս կարող են լռեցնել հացադուլավոր նախագահի թեկնածուին։ Նա փաստորեն հայտարարում է, որ ամբողջ վարչակազմը հանցագործներ են, և դա անում է ավելի բարձրաձայն քան որևէ այլ մեկ անձ երբևէ կարող էր հայտարարել։
- Նախագահի մյուս ընդդիմադիր թեկնածուներին ուղղված կոչ է՝ պարզ ասած, «խելքի եկեք» եղբայրներ, պայքար էլ կա, պայքար էլ։ Բայց ոչ թե վերամբարձ տոնով, այլ համեստ դիրքերից։ Եվ այդ կոչին արդեն Հայրիկյանը, Րաֆֆին ու Արամ Հարությունյանը այս կամ այն ձևով արձագանքել են։ Բոլորովին չի բացառվում, որ նրանք կմիանան Անդրիասին կամ միասնաբար մեկ այլ քայլ կանեն։ Եվ մյուս թեկնածուները նույնպես։
- Միջազգային հանրությանը ուղղված, ի դեմս դիտորդների ու դիվանագիտական ներկայացուցիչների՝ սթափվելու կոչ է։ Փաստորեն բարձրաձայն ասում է, ուշադիր կարդացեք՝ «STOP FAKE ELECTIONS!»։ Հերիք է աչքակապությամբ զբաղվեք։ Մենք հո հիմար չենք որ անընդհատ թույլ տանք գաք ձեր անպատասխանատու սև գործը անեք ու հեռանաք մեզ թողնելով ավելի ու ավել վատթար վիճակում։
- Եվ վերջապես, այն կոչ է ուղղված չարչրկված ու բարոյալքված հայ հասարակությանը։
Մասնավորապես․Դա կոչ է կաշառքով ընտրողներին՝ նաև ձեր պատճառով եմ հացադուլ անում։ Մարդ դարձեք վերջապես եղբայրներ ու քույրեր, ստրուկ մի եղեք։
Դա կոչ է ցինիկներին, անտարբերներին ու չջոգողներին՝ սթափվեք ու խելք հավաքեք հայեր, ու մի քիչ էլ պատասխանատվության զգացողություն ունեցեք։
Լավատեսական սցենարով կարելի է ակնկալել, որ եթե ամեն ինչ լավ գնաց, Սերժը ընտրություններին մնալու է մեն մենակ, արտասահմանյան դիտորդները խիստ բացասական գնահատական են տալու, ու Սերժը ճանաչվելով ոչ լեգիտիմ նախագահ ի վերջո հրաժարական է տալու, նշանակելով նոր նախագահական ընտրություններ, և արդեն առանց ՀՀԿ-ի։
Իսկ ովքեր որ մտահոգվում են, եկեք Անդրիասին կամենանք հզոր կամք, պինդ առողջություն և մեղմ ձմեռ։