Իրականում ի՞նչ է տալիս ռուսական զինտեխնիկայի վերջին խմբաքանակի մատակարարումն Ադրբեջանին. մաս 2
Ռուսական հարձակողական տեսակի զենքի վերջին խմբաքանակի մատակարարումն Ադրբեջանին ավելի շատ քաղաքական, քարոզչական նշանակություն ունի, քան' ռազմական: Իհարկե, պետք չէ թերագնահատել Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր շտաբին և նրանց արտասահմանյան(հիմնականում թուրքական, հնարավոր է նաև իսրայելական) ռազմական խորհրդականներին: Այս մարդիկ մի անգամ Արցախում պատերազմել են և ավելի քան լավ պատկերացումներ ունեն այն մասին, թե ի՞նչ է նրանց սպասում պատերազմ սանձազերծելու պարագայում:
1994թ.-ի զինանդադարից անցել է 19 տարի: Ասել, թե Ադրբեջանը նստել է «թախտին, սպասում է բախտին», ամենաքիչը գոռոզություն և սխալ մոտեցում կլինի: Ադրբեջանցիները ջանասիրաբար պատրաստվում են պատերազմի, սակայն փաստ է, որ մարտական գործողությունների առայժմ չեն դիմի: Ռուսական զենքի վերջին խմբաքանակը տևական ժամանակ կօգտագործվի քարոզչական նպատակներով' համոզելու համար ներքին լսարանին, որ Ադրբեջանի ռազմական ներուժը շատ ավելի բարձր է, քան' հայկական կողմինը, և շատ մոտ ապագայում ռազմական գերակշռությունը կստիպի հայկական կողմին զիջումների գնալ կամ էլ' այդ զիջումները ձեռք կբերվեն Ադրբեջանի բանակի հաղթարշավի ճանապարհով:
Միևնույն ժամանակ, չպետք է բացառել, որ Ադրբեջանում կան խելացի մարդիկ, որոնք 10 տարուց ավել է, ինչ երկրի առաջին դեմքերից լսում են ամենաբարձր մակարդակի հայտարարություններ առ այն, որ Հայաստանում ու Ղարաբաղում սով է, հայերը զիջում են Ադրբեջանին ռազմական ներուժով, ոչ սարքին տեխնիկա ունեն, ոչ էլ վառելանյութ' դրանք լիցքավորելու համար, բայց «սայլը տեղից չի շարժվում»' ստատուս քվոն չի փոխվում: Այս պատմության միակ վտանգավոր կողմն այն է, որ Ադրբեջանի բնակչության համբերության բաժակը մի օր կարող է լցվել, որի արդյունքում ալիևյան իշխանությունը ստիպված կլինի մարտական գործողություններ ծավալել' հաշվարկում ունենալով պատերազմ, բայց ոչ ստատուս քվոյի փոփոխություն:
Խնդիրն այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը հասկանում է, որ նման սպառազինություններով և ռազմական ենթակառուցվածքներով բանակը չի կարող լուծել իր առջև դրվելիք խնդիրը' Ղարաբաղի «ազատագրումը»: Ալիևի շրջապատն, ամենայն հավանականությամբ, տեղեկացված է, որ 1994թ.-ի զինադադարից հետո հայկական կողմը ճակատային ողջ հատվածում ինժեներական լուրջ աշխատանքներ է ծավալել, կառուցել խորքային, էշելոնացված ամրություններ, որոնք հնարավոր չէ շրջանցել, և ադրբեջանական բանակը հանդիպելու է գրագետ և կատաղի դիմադրության, ինչի արդյունքում ստիպված է լինելու մեծաքանակ կորուստներով նահանջել դեպի մեկնարկային դիրքեր:
Իսկ եթե այս ամենին հաջորդի հայկական միացյալ բանակի հակահարձակումը՞: Սսկ եթե հայկական բանակը Ադրբեջանի տարածք խորանալու և հյուսիս-հարավ ենթակառուցվածքները զբաղեցնելու ծարգրեր ունի՞: Իսկ եթե հայերը Արցախի հյուիսային բարձրունքներից ուղիղ հրթիռա-հրետանային կրակ բացեն ասենք Խանլարի, Գյանջայի և այլ բնակավայրերի ուղղությա՞մբ: Ո՞ր ուղղությամբ են աշխատելու հայկական բանակի տրամադրության ներքո գտնվող հեռահար «Էլբրուս» և «Տոչկա-Ու» օպերատիվ-մարտավարական հեռահար հրթիռները…
Տեսանելի ապագայում այս ռիսկերն Ադրբեջանի ղեկավարությունը կանխարգելել չի կարող, և Բաքվում այս իրողության մասին տեղյակ են: Հենց այդ պատճառով էլ մարտական գործողությունները վերսկսելու փոխարեն առայժմ բավարարվում են հոխորտալով և ձեռք բերված արտասահմանյան ռազմական տեխնիկան գովազդելով: Ադրբեջանում իշխանության կրող լինելը ենթադրում է ահռելի քանակով կապիտալի կուտակում, այս երկրում իշխանությունը թանկ և շատ ճոխ հաճույք է, ինչը պահպանելու համար պետք է պատերազմական գործողությունների պատրաստվել, դա ցույց տալ ամենուրեք և ամեն հարմար պահի, բայց առայժմ զերծ մնալ պատերազմից: Ալիևը հասկանում է, որ «պատերազմ սկսում են այն պահին, երբ ցանկանում են, բայց վերջացնում են, երբ կարողանում են»: Ալիևը հասկանում է նաև, որ իր բանակը չունի այն ստրատեգիական առավելությունը, որը թույլ կտա հաղթել պատերազմում, ուստի և պետք է սպասել…
Փաստը մնում է փաստ, ռուսական զենքի վերջին խմբաքականը Ադրբեջանին գերակշռություն չի ապահովում: Բնականաբար, սա չի նշանակում, որ մենք պետք է ձեռքներս ծալած նստենք: Պատերազմն անխուսափելի է, խնդիրը նրանում է, թե ե՞րբ է այն սկսվելու: Հայկական բանակն այսօր պահպանում է ռազմական հավասարակշռությունը, ավելին'առավելություններ ունի մարտունակության և բարոյահոգեբանական մասերով, ինչը շատ կարևոր է և կարող է որոշիչ դեր ստանձնել պատերազմի վերսկսման դեպքում: Կարելի է ասել, որ հայկական բանակն անցել է զարգացման «էքստենսիվ» փուլը, և ներկայումս հիմնական շեշտը պետք է դրվի «ինտենսիվ» զարցման վրա: Բայց այս մասին ճիշտ կլինի, որ խոսեն բանակաշինության մասնագետները…
Միհրան Հակոբյան, պ.գ.թ.