Արտագաղթի տեմպերն ահագնացող չափերի էին հասել, կարկուտը եւ երաշտը փչացրել էին գյուղատնտեսական բերքի զգալի մասը, էներգակիրների թանկացումից հետո տեղական արտադրությունը կաթվածահար էր եղել, եւ վտանգի տակ էր հայտնվել կառավարության 7 տոկոսանոց տնտեսական աճ գրանցելու ծրագիրը, որովհետեւ վիճակագրական վարչությունը հրաժարվում էր ապահովել պահանջվող ցուցանիշները' պատճառաբանելով, թե դա իր ուժերից վեր է:
Բնակչության մեջ հուզումներ եւ ընդվզման տրամադրություններ էին առաջացել, որոնք բորբոքում էին գաղջ մթնոլորտ տարածող լրատվամիջոցները եւ բացասական էներգիա առաջացնող ընդդիմադիրները: Այս պայմաններում կառավարությունը ընդլայնված նիստ էր անում, որը գլխավորում էր հանրապետության նախագահը:
- Չեմ կարող,- հերթական անգամ արդարանում էր վիճակագրական վարչության անբաշար պետը, - ես ինչպե՞ս 7 տոկոսանոց աճ ցույց տամ, եթե գյուղատնտեսական արտադրանքի զգալի անկում է եղել, եթե կարկուտը բերքը տարել է, որն էլ կարկուտը չի տարել՝ երաշտն է չորացրել:
- Եթե չեք կարողանում աշխատել, ուրեմն աշխատանքից ազատման դիմում գրեք, - վարչապետը չկարողացավ զսպել բարկությունը, - ինչ գնով էլ լինի, կառավարությունը պետք է ապահովի 7 տոկոսանոց աճը: Դա այն նվազագույնն է, որ պարտավոր ենք անել մեր բազմաչարչար ժողովրդի համար:
Վիճակագրական վարչության պետը, հայրենասեր մարդ լինելով, տեղի տվեց. հանուն հայրենի տնտեսության աճի նա ամեն տեսակ մեքենայության եւ աճպարարության պատրաստ էր: Սակայն տնտեսության զարգացումը ապահովելը շատ ավելի հեշտ խնդիր էր, քան արտագաղթը կասեցնելը: Այլ կերպ ասած' չեղած ցուցանիշները տեսնելը ավելի դյուրին էր, քան թե արտագաղթի աղաղակող ցուցանիշները չտեսնելու տալը: Միգրացիայի վարչության պետը ստանդարտ լուծում էր առաջարկում.
- Դա ոչ թե արտագաղթ է, այլ միգրացիա: Պետք է պարզապես արգելել օգտագործել այդ հնամաշ տերմինը: Գլոբալացող աշխարհում միգրացիան հատուկ է բոլոր երկրներին, նույնիսկ զարգացած եվրոպական պետություններին…
Սակայն միգրացիայի վարչության պետի լուծումը չէր կարող բավարարել հանրապետության նախագահին: Նախագահը ընդհատեց նրան եւ խոսեց խիստ ու կտրուկ:
- Դա չի կարող խնդրի լուծում լինել: Արտագաղթ տերմինը արգելելով հնարավոր չի արտագաղթի դեմ պայքարել: Այդ ջայլամային քաղաքականությունը կդատարկի երկիրը: Մեզ պետք է հասկանալ, թե ինչու են մարդիկ արտագաղթում: Պատճառը շատ պարզ է: Սուտ է, թե մարդիկ երկրից գնում են սոցիալ-տնտեսական վատ վիճակի պատճառով, սուտ է, թե երկրում տիրող անարդարությունից են գնում: Ո՞նց կարող է մարդկանց սոցիալական վիճակը վատ լինել, եթե մենք ամեն տարի 7 տոկոս աճ ենք գրանցում…
- 7,2,- ցածրաձայն ճշտեց վարչապետը:
- Նշանակում է՝ պատճառը ոչ տնտեսական վիճակն է, ոչ էլ անարդարությունը: Պատճառը այն գաղջ մթնոլորտն է, որ տարածում են լրատվամիջոցները:
- Եվ բացասական էներգիան,- վրա բերեց վարչապետը: (Այդ միտքը նա իշխանական մի պատգամավորից էր լսել):
- Ճիշտ է,- շարունակեց նախագահը,-գաղջ մթնոլորտը եւ բացասական էներգիան: Բժշկության մեջ մի հայտնի բան կա, հիվանդությունը բուժելու լավագույն մեթոդը հիվանդության պատճառները վերացնելն է: Այսինքն, մենք ոչ թե պետք է արտագաղթի դեմ պայքարենք կամ փորձենք կանխել արտագաղթը, այլ պետք է պայքարենք գաղջ մթնոլորտի դեմ:
- Եվ բացասական էներգիայի,- հավելեց վարչապետը:
- Եվ բացասական էներգիայի,- համաձայնեց նախագահը:
Տեղում ստեղծվեց «Գաղջ մթնոլորտի եւ բացասական էներգիայի դեմ պայքարի հանձնաժողով», որի աշխատանքի մեջ ներգրավվեցին ինչպես կառավարության անդամները, այնպես էլ իշխող կուսակցության կարկառուն պատգամավորները: «Կրեածիվ» եւ «ինովացիոն» գաղափարների պակաս չեղավ: Գյուղատնտեսության նախարարը առաջարկեց խնդրել ծայրագույն վեհափառին, որպեսզի աղոթի գաղջ մթնոլորտը ցրելու համար, բայց առաջարկությունը մերժվեց՝ հաշվի առնելով այն փաստը, որ աղոթքների ու օրհնանքների միջոցով անասնագլխաքանակն ու բերքը շատացնելու նրա ծրագիրը անհաջողությամբ էր պսակվել: Սակայն գյուղատնտեսության բնագավառում գրանցված այդ անհաջողությունը դեռեւս չէր նշանակում, թե աղոթքը անօգուտ միջոցառում է: Բոլորի մոտ թարմ էին հիշողությունները, թե ինչպես նախագահական ընտրություններից հետո ոստիկանապետը, ընդդիմության առաջնորդի հետ Ծիծեռնակաբերդի բարձրունքում աղոթելով, կարողացավ «վնասազերծել» բողոքող զանգվածին: Որպես միջոց աղոթքը բոլորովին էլ մերժելի չէր, նույնիսկ օգտակար էր: Խնդիրն այն էր, որ անհրաժեշտ էին վստահելի աղոթողներ, ովքեր ի զորու կլինեին մինչեւ վերջ տանել այդ ծանր խաչը: Քանի որ գյուղնախարարության եւ Մայր Աթոռի համագործակցությունը ցանկալի պտուղները չէր տվել, հանձնաժողովը որոշեց աղոթելու պարտականությունը դնել ուժային կառույցների ղեկավարների' գլխավոր դատախազի եւ ԱԱԾ պետի վրա' այդ ոլորտում հսկայական արգասաբեր փորձ ունեցող ոստիկանապետի գլխավորությամբ:
Վարչապետը, ով գլխավորում էր հանձնաժողովը, առաջարկեց դիվերսիֆիկացնել գաղջ մթնոլորտը եւ բացասական էներգիան, որովհետեւ դրանց կուտակումը մեկ վայրում պայթյունավտանգ կարող էր լինել: Այս առաջարկությունը նույնպես ընդունվեց միաձայն:
Հանձնաժողովի որոշմամբ սահմանվեցին «Գաղջի դեմ պայքարի առաջին, երկրորդ եւ երրորդ աստիճանի մեդալներ», որոնք տրվելու էին գաղջ մթնոլորտի եւ բացասական էներգիայի դեմ պայքարում աչքի ընկած պաշտոնյաներին եւ կազմակերպություններին: Հայտնի դարձան մեդալին արժանացածների անունները: Որոշվեց «Գաղջի դեմ պայքարի առաջին աստիճանի մեդալով» պարգեւատրել Վատիկանում Հայաստանի դեսպանին եւ «Հայլուր» լրատվական ծրագրին: «Գաղջի դեմ պայքարի երկրորդ աստիճանի մեդալով» պարգեւատրվեցին «Մեկ ազգ» եւ «Հայոց Արծիվ» կազմակերպությունները: «Գաղջի դեմ պայքարի երրորդ աստիճանի մեդալով» պարգեւատրվեցին ստեղծագործական միությունների նախագահները եւ Սփյուռքի նախարարը:
Ոգեւորվելով ստացած մեդալից, Սփյուռքի նախարարուհին առաջարկեց հայրենիքի համար այդ օրհասական պահին օգնության խնդրանքով, կոչով, պահանջով դիմել սփյուռքահայությանը՝ այս համահայկական խնդիրը լուծելու համար: Ստեղծվեց «Գաղջի դեմ պայքարի համահայկական հիմնադրամը», որը ոչ միայն գաղջ մթնոլորտի դեմ էր պայքարելու, այլեւ օգնություն էր տրամադրելու «գաղջից տուժած ընտանիքներին»: Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե հայրենիքը չի մասնակցում այս հայրենանվեր գործին, ՀՀ Ոստիկանապետը 10 միլիոն դրամ փոխանցեց հիմնադրամին: Ներքին կարգով որոշվեց նման պարտավորություն դնել նաեւ տեղացի գործարարների վրա: Որոշվեց հիմնադրամի միջոցների առյուծի բաժինը տրամադրել ամենամսյա համաժողովներին, որոնք կկրեն «Գաղջ մթնոլորտը Հայրենիքում եւ Սփյուռքում» խորագիրը:
Արդյունաբերության նախարարն առաջարկեց վերամշակել գաղջ մթնոլորտը եւ դրանից ստանալ պիտանի արտադրանք: Նա օրինակ բերեց եվրոպական երկրների փորձը, որտեղ նույնիսկ կենցաղային աղբն է վերամշակվում: Հանձնաժողովը ստեղծեց «Գաղջի վերամշակման հարցերի ենթահանձնաժողով», որը պետք է ուսումնասիրեր «գաղջի» վերամշակման հնարավորությունները:
Էկոնոմիկայի նախարարը առաջարկեց արտահանել գաղջ մթնոլորտի ավելցուկը, ինչին անմիջապես հաջորդեց «Գաղջի արտահանման հարցերով ենթահանձնաժողովի» ստեղծումը:
Մշակվեց գաղջի դեմ պայքարի հնգամյա ռազմավարական ծրագիր, բայց ինչպես մնացած հանձնաժողովների ու ենթահանձնաժողովների ծրագրերը, այս ծրագիրն էլ շոշափելի արդյունքներ չտվեց: Գաղջ մթնոլորտը շարունակում էր կուտակվել պետության երկնակամարում, ավելի ու ավելի էր թանձրանում, խտանում' սպառնալով մի օր պայթել եւ ավերել իշխանության բոստանը, այնպես հիմնահատակ, ինչպես գյուղացիների բերքն էր ավերվել կարկուտներից:
Համբարձում Համբարձումյան