ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ադրբեջանում մեկ շաբաթ է' ինչ խոսում են ՀՀ տարածքից դեպի ադրբեջանական վերահսկողության հատված անցած Չեխիայի քաղաքացու մասին:

Այս մեկ շաբաթվա մեջ ի՞նչ ասես չգրվեց, որ սահմանագիծ հատածը է´լ ԵՄ «շպիոն» է, է´լ լեռնագնաց է, է´լ զբոսաշրջիկ:

Երեկ էլ արդեն հայտնեցին, որ վերջինս ադրբեջանական վերահսկողության տարածք է ներթափանցել Քաշաթաղի ուղղությամբ' պարզ չէ, թե «Լաչինի միջանցքը» նկատի ունեն, թե շրջանի որևէ հատվածը, իսկ մինչ այդ, ըստ նույն տեղեկության, վերջինս եղել է Սիսիանում և «տեղանքում չկողմնորոշվելով» հայտնվել ադրբեջանցիների մոտ:

Ստեղծված իրավիճակի ամենազավեշտալի հանգամանքներից մեկն այն է, որ դեռ պարզ էլ չէ' նման բան եղել է՞, թե՞ ոչ:

Պարզ չէ, որովհետև ՀՀ համապատասխան կառույցները, որոնք պետք է ստուգեն ու պարզաբանեն' կա՞ նման բան, թե՞ ոչ կամ առհասարակ, Չեխիայի նման քաղաքացի ՀՀ մուտք գործել է՞, թե՞ ոչ լուռ են:

Սրա հետ կապված մանրամասները կարևոր են մի քանի տեսանկյունից:

Առաջին պետք է հասկանալ, որ եթե նման անցում է եղել, ապա սահմանագծի ո՞ր հատվածն է, որտեղից աննկատ մարդ է անցել ու դա չի ֆիքսվել:

Երկրորդ, նույնականացնել տվյալ անձին' հասկանալու, վերջինիս քայլի իրական դրդապատճառները:

Երրորդ, եթե դա կեղծ տեղեկություն է, ապա փորձել հասկանալ ադրբեջանական կողմի' նման քայլի գնալու պատճառները, որովհետև դրանից այլ գործողություններ կարող են բխել»: