Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քիչ առաջ լսեցի ԱՄՆ Ծերակույտի Արտաքին հարաբերությունների կոմիտեում Արցախի շարունակվող շրջափակման մասին այսօր կայացած բաց քննարկումը (https://www.facebook.com/ancagrassroots/videos/833742511874558), որին որպես պատասխանող կողմ հրավիրված էր Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ Եվրոպական և Եվրասիական բյուրոյի պատասխանատու դեսպան Յուրի Կիմը։
Քննարկումը չափազանց հետաքրքիր էր։ Այն ևս մեկ անգամ ի ցույց դրեց նախագահ Բայդենի վարչակազմի հանցավոր անգործությունը՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի դեմ Ադրբեջանի ընթացիկ ցեղասպանական քաղաքականության կասեցման հարցում։
Պաշտոնական Վաշինգտոնի գործողությունների իսպառ բացակայությունը քննադատության ենթարկեցին մի քանի սենատորներ։ Իր անաչառությամբ, խորաթափանց ու դիպուկ գնահատականներով դարձյալ աչքի ընկավ այդ կոմիտեի նախագահ, դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը։
Նրան կարելի է իրավամբ հայ ժողովրդի մեծ բարեկամ ճանաչել։ Արժե հայերեն թարգմանել ինչպես նրա այսօրվա, այնպես էլ երկու օր առաջվա ելույթներն (https://www.youtube.com/watch?v=HsNvl960wBs) ու ամբողջությամբ ներկայացնել դրանք մեր հանրության լայն շրջանակներին, որովհետև ոչ մի հայ արևմտամետ դեմք ու մեկնաբան երբեք չի համարձակվում օբյեկտիվորեն քննադատել Բայդենի վարչակազմին՝ ՀՀ և Արցախի նկատմամբ նրա վարած խայտառակ քաղաքականության համար։ Իսկ սենատոր Մենենդեսը չի վարանում իրերն իրենց անուններով կոչել։
Մասնավորապես, նա, ինքը լինելով դեմոկրատական կուսակցության անդամ, բազմիցս ընդգծեց, որ դեմոկրատ Բայդենի վարչակազմը մատը մատին չի խփում կանխելու համար Արցախի շրջափակումը։
Նա ընդգծեց, որ պետդեպարտամենտի բերած տարբեր տեսակի պատճառաբանությունները, թե ինչու է Ադրբեջանը ԱՄՆ-ից ռազմական և այլ կարգի օգնություն ստանում, սնանկ են, որովհետև այդպիսով Ադրբեջանի առջև կանաչ լույս է վառվում «էթնիկ զտումների» իր ոճրագործ քայլերն ազատորեն շարունակելու համար։ Նա ասաց, որ Բաքվի հանցագործությունները չտեսնելու տալով ու գլուխը մի կողմ շրջելով պաշտոնական Վաշինգտոնն ամբողջ աշխարհին, փաստորեն, ազդանշան է ուղարկում, որ այդպես գործելը թույլատրելի է. «Եթե մենք թույլ տանք էթնիկ զտումներ տեղի ունենան, բերելով զանազան պատճառաբանություններ (անվտանգություն, սահմանային անվտանգություն, թմրամիջոցների դեմ պայքար), գլուխներս այլ կողմ շրջենք, մենք այդպիսով ամբողջ աշխարհին ուղերձ ենք հղում, թե որոնք են մեր առաջնահերթությունները: Մենք մյուսներին աշխարհում ասում ենք. «Դուք կարող եք դա անել, քանի դեռ աշխատում եք մեզ հետ թմրամիջոցների դեմ պայքարի, սահմանների անվտանգության և նման այլ բաների վրա: Դա սարսափելի, սարսափելի արդյունքներ կունենա»։
Ահա Մենենդեսի խոսքի այդ հատվածն անգլերեն բնագրով. “If we allow for whatever reasons -- security, border security, counter narcotics -- for ethnic cleansing take place and we look the other way, we send a global message of what our priorities are. We say to others in the world: “You can do that as long as you work with us on counter narcotics, border security and other such things. That would be a horrific, horrific results.”
Սենատոր Քրիս Մըրֆին (Murphy), խոսելով այն մասին, որ Եվրոպան գազ և նավթ է գնում Ադրբեջանից, շատ կոշտ ձևակերպեց ԱՄՆ և ԵՄ իշխող շրջանակների՝ Ադրբեջանի «բռնապետության» նկատմամբ որդեգրած դիրքորոշումը՝ կտրուկ հարցադրելով. «Հիմա հարց է առաջանում՝ մենք ֆինանսավորու՞մ ենք հայ ժողովրդին դաժան շրջափակում իրականացնելու Ադրբեջանի ջանքերը» (“The question now becomes are we funding Azerbaijan's efforts to impose a brutal blockade on the Armenian people”):
Իսկ վերջում գործադիրի ներկայացուցիչը վախեցավ անգամ պատասխանել Բոբ Մենենդեսի այն հարցին, թե ի՞նչ նպատակով է Ադրբեջանը փակ պահում Լաչինի (Բերձորի) միջանցքը՝ առաջացնելով սենատորի անթաքույց դժգոհությունն ու հանդիմանությունը։
Կարելի է շատ ավելի երկար վերլուծել այս քննարկումը, բայց դրա ժամանակը, ցավոք, չունեմ։
Ցանկալի է, որ մարդիկ իրենք գոնե թարգմանաբար դիտեն կամ կարդան այս ուշագրավ հարց ու պատասխանը, որպեսզի հասկանան նաև, որ Հայաստանում գործող արևմտամետ «քաղաքական մեկնաբանները» սովորական հեքիաթասացներ են»։