2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը կրկնապատկել է իր հատուկ նշանակության ստորաբաժանումների թիվը, ՆԱՏՕ-ական չափանիշներով վերակազմավորում է զորամասերը, մարտի վարման նոր չափանիշներ են դրվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Տարբեր բաց աղբյուրներից ստացվող տեղեկությունները, «Կոմանդո»-ների վերապատրաստումներն ու ձևավորվող նոր զորամասերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Թուրքիայի հետ իրականացվող բարեփոխումների շրջանակներում 18-20 հզ. զինծառայող է վերապատրաստվել:
Զուգահեռ, Ադրբեջանի ու տարբեր երկրների ռազմաուսումնական հաստատություններում ևս կրթական, ուսուցման ծրագրերով մեծ թվով զինծառայողներ են անցնում, որոնք նշածս թվի մեջ չեն մտնում:
Ինչպե՞ս է ստացվում, որ հայաստանյան իշխանությունը երկրի ներսում կեղծ խաղաղասիրություն է քարոզում, տարբեր իշխանական դեմքեր ամենօրյա ռեժիմով խոսում են թուրքերի և ադրբեջանցիների հետ ախպերության ու դրա օգուտների մասին, իսկ Ադրբեջանի նախագահը բաց հայտարարում է, որ միջազգային հարաբերություններում ուժը, այլ ոչ թե միջազգային իրավունքն է հարց լուծում և հայտարարում զինված ուժերի բարեփոխումների, այդ թվում' հատուկ նշանակության ուժերի, ռազմական ներկրումների կտրուկ մեծացման մասին:
ՀՀ իշխանության հանձնվողականությանն Ադրբեջանն առաջադրում է կոշտ միջոցների քաղաքականություն»։