Հայաստանը երբեք չի բանակցելու իր տարածքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու շուրջ․ «Զանգեզուրի միջանցք» բառակապակցության թեման Հայաստանի Հանրապետության համար փակ է, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը այն մասին, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի բացումն անխուսափելի է։
«Մտացածին «Զանգեզուրի միջանցք» բառակապակցության թեման Հայաստանի Հանրապետության համար փակ է։ Սա ակնհայտ է և ընդունելի ու հասկանալի է նաև այն կողմերի համար, որոնք միջնորդում են բանակցություններում»,- ասաց Խանդանյանը՝ հավելելով, որ Հայաստանի տարածքով միջանցքի թեմա չկա և չի կարող լինել, Հայաստանը երբեք չի բանակցի դրա շուրջ։
Նա հավելեց, որ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն անհանգստություն են պատճառում, քանի որ դրանք չեն նպաստում բանակցային գործընթացին։