«Իրավունք» թերթը գրում է․ «Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով Փաշինյանի՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուն, հակիրճ նկատեց.

—Փաշինյանը հայտարարեց, թե ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար քկմ-ն: Այստեղ մի քանի ստորակետ կա: Նախ, միայն հայտարարելով չի: Եթե ինքն իր ձեռքով նման փաստաթուղթ ստորագրի, հետո պետք է Ազգային ժողովը հաստատի, վավերացնի: Եթե պաշտոնական Երեւանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ուրեմն պետք է գործընթացն իրավական բոլոր փուլերով անցնի: Շատ կարեւոր է, որ Ազգային ժողովում վավերացման փուլը անցկացվի բաց, թափանցիկ քվեարակությամբ: Դա շատ կարեւոր է պատմության համար. մենք պետք է անուն առ անուն ճանաչենք նրանց, ովքեր կքվեարկեն Արցախն Ադրբեջանին հանձնելու օգտին: Պետք է պահանջել, որ նման գործընթաց սկսվելու դեպքում քվեարկությունը լինի բաց:

— Սակայն Արցախում եւս «տարօրինակ» անձանց պակաս չկա:

— Հատկապես հիմա ամեն ջանք պետք է ներդնել եւ ամեն ինչ անել, որպեսզի պետությունը չկազմաքանդվի: Եթե, հանկարծ, պետությունը կազմաքանդվեց, այլեւս չի լինելու Արցախի Հանրապետություն, փոխարենը՝ լինելու է Արցախի հայ համայնք: Թե ի՞նչ է սա նշանակում, կարծում եմ, գիտակից մարդիկ հասկանում են»: